Նախագծի շուրջ ԿԳՄՍՆ-ն ոչ թե առաջարկներ է ստացել, այլ՝ հայհոյանքներ

Նախագծի շուրջ ԿԳՄՍՆ-ն ոչ թե առաջարկներ է ստացել, այլ՝ հայհոյանքներ

Շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց «Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը եւ հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

Համաձայն հիմնավորման, «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ եւ 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության եւ հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:

Նախագծի հանրային քննարկումը e-draft հարթակում վերածվեց կատաղի մրցումների, արդյունքում` 51 տոկոս դեմ (11.892) եւ 49 տոկոս կողմ (11.510) ձայների հարաբերակցությամբ նախագծի հանրային քննարկման փուլն օրեր առաջ ավարտվեց:  

Ինչպես հայտնի է, այս հարթակում որեւէ քվեարկություն իրավական ուժ չունի, բայցեւայնպես, հանրային կարծիքի ցուցիչ է, որի հետ՝ ուզի, թե չուզի, պետք է հաշվի նստի նախարարությունը:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ «e-draft»-ում նախագիծը հանրային քննարկման դնելը միայն նախագծին կողմ եւ դեմ ձայները հաշվելու համար չէ. «Հարցը դիտարկումների եւ առաջարկությունների մասին է, եւ մենք ինչ-որ բան անելիս հիմք ենք ընդունում բոլոր այն առաջարկները, որոնք արվել են: Սակայն, ցավոք, այս նախագծի շուրջ մենք ոչ թե առաջարկներ ենք ստացել, այլ՝ հայհոյանքներ: Այնտեղ, որտեղ եղել է գոնե մի փոքր առաջարկ, դա դիտարկվել է, բայց երբ մեծ մասն էմոցիոնալ գնահատականներ են, դժվար է հասկանալ, թե ինչպես պետք է դրանց արձագանքել: Այդ առումով կարեւորը ոչ թե դեմ ու կողմ քվեարկությունն է, այլ կոնկրետ արված առաջարկները, որոնք պարտադիր դիտարկվում են»:  

Ի դեպ, ծանոթանալով առաջարկների բովանդակությանը եւ քանակին, շուրջ 500 առաջարկ հաշվեցինք, որ արվել էր նախագծի տակ, որոնց գերակշիռ մեծամասնությունը դեմ էր արտահայտվել առաջարկվող փոփոխությանը:  
Հանրային քննարկումից հետո, ըստ ԿԳՄՍՆ ներկայացուցչի, համապատասխան փոփոխություններ պետք է արվեն, եւ նախագիծն ուղարկվի տարբեր գերատեսչություններ` արդարադատության նախարարություն, կառավարություն:
Նախագիծը հանրային քննարկման դնելուց բացի, նախարարությունը շահագրգռված չէ՞ դեմառդեմ քննարկում կազմակերպել ոլորտի մասնագետների հետ։ «Դա չի արվել, որովհետեւ եթե մի կողմ դնենք բոլոր էմոցիոնալ բաները, մենք այստեղ պարզապես խոսում ենք առարկայի անվանման փոփոխության մասին, ու բոլոր այն վերագրումները, որ արվում են առարկայի բովանդակության եւ դրա դասավանդման տրամաբանության ուղղությամբ.... հասկանում եք, ոնց որ մենք նստենք կլոր սեղանի շուրջ ու քննարկենք մի բան, որը մեզ վերագրվում է, բայց իրականում չկա եւ չի կատարվում: Սակայն մենք պետք է տարբեր ձեւերով փորձենք համոզել այն մարդկանց, ովքեր չեն հավատում կամ չեն ընդունում, որ այդպիսի փոփոխություններ չեն արվելու: Ոչ մի պատմական ժամանակաշրջան դուրս չի մնալու: Բացառապես առարկայի անվանումն է փոփոխության ենթարկվելու եւ ոչ դրա բովանդակությունը կամ կառուցվածքը, իսկ դա էլ ունի շատ կոնկրետ նպատակ` կենտրոնում պահել պետական մտածողությունը»: 

Թե ովքեր են այն ուսուցիչները, որ նման առաջարկ են արել նախարարությանը, ապա ԿԳՄՍՆ-ում դարձյալ խուսափում են որեւէ անուն տալուց, փոխարենը ԿԳՄՍՆ ներկայացուցիչը նշում է, որ այդ մարդիկ ազատ են եւ կարող են բարձրաձայնել իրենց տեսակետը: