Փաշինյանը հերթական անգամ նոր պատերազմի անոնս տվեց
Նոր պատերազմի հեռանկարը սարսափեցնում է Փաշինյանին։ Որովհետեւ նրա արեւմտյան հովանավորները հրաժարվում են Հայաստանի անվտանգության երաշխիքներ տրամադրել, չեն ասում, որ իրենք կարող են կանգնեցնել Ադրբեջանին, եթե նա որոշի Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսել: Փաշինյանն էլ հասկանում է, որ նոր պատերազմը կլինի իր իշխանության ավարտը, որովհետեւ այլեւս չի կարող ասել, թե Արցախը մեր հայրենիքը չէր, հանձնեցի, որ գոնե Հայաստանը փրկեմ: Կառավարության վերջին նիստում Փաշինյանը հերթական անգամ խոսեց նոր պատերազմի հնարավորության մասին՝ ասելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով ընդունել Հայաստանի կողմից ներկայացվող բոլոր առաջարկները, նախապատրաստվում է նոր պատերազմի: «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի գործողությունների համար կարող է լինել մեկ պատճառ (նկատի ունի բանակցությունները ձախողելը` Ա. Բ.), եւ դա կարող է լինել, օրինակ, ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»: Հայաստանն ընդամենը փորձում է կանխել նոր պատերազմը, այն էլ՝ միայն բանակցությունների միջոցով, բայց թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը, այնուամենայնիվ, հարձակվի Հայաստանի վրա, Փաշինյանը չգիտի. «Հայաստանի կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորն անել՝ նման զարգացումները կանխելու համար, միաժամանակ ամուր կանգնելով Հայաստանի բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում: Այդ լեգիտիմ շահերն են՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը»:
Ադրբեջանի նախագահն ամեն անգամ Փաշինյանի առաջ նոր պահանջներ է դնում՝ պահանջելով, որ Հայաստանը գնա միակողմանի զիջումների: Հիմա նրանք պահանջում են, որ Հայաստանն իրենց հանձնի Տավուշի մարզում գտնվող, այսպես կոչված, ադրբեջանական անկլավները: Մինչեւ հիմա Փաշինյանն ասում էր, որ անկլավների հարցն առանձին չի դիտարկվելու եւ դրանց հարցը լուծվելու է հայ-ադրբեջանական ողջ սահմանի սահմանագծման աշխատանքներն ավարտելուց հետո, երբ կողմերը համաձայնության կգան ամբողջ սահմանի վերաբերյալ, որից հետո կիրականացվի սահմանազատում, եւ այդ դեպքում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներն Ադրբեջանը կհանձնի Հայաստանին, իսկ Հայաստանն Ադրբեջանին կհանձնի իր հսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքները: Եվ կառավարության նիստում Փաշինյանը հերթական հրեշավոր զիջումը կատարեց Ադրբեջանին՝ ասելով, որ պատրաստ է սահմանագծումն ու սահմանազատումն իրականացնել ոչ թե ամբողջ սահմանով, այլ մարզ-մարզ: Փաշինյանն Ալիեւին առաջարկում է սահմանագծումը եւ սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, բայց մի պայմանով, որ անկլավների հարցը թողնվի վերջում: Ադրբեջանն այդ դեպքում կստանա մի քանի գյուղ, որոնք անկլավներ չեն, թեեւ մխրճված են Հայաստանի տարածքի մեջ, բայց ցամաքային սահման ունեն Ադրբեջանի հետ, ինչն Ալիեւին հնարավորություն կտա ասել, որ եւս 3-4 գյուղ վերադարձրեց Ադրբեջանի հսկողությանը: Փաշինյանն ասում է` արի մի քանի գյուղ էլ տամ, միայն թե պատերազմ մի սկսիր կամ որոշ ժամանակ տուր ինձ:
Միացյալ Նահանգները ձեռքերը լվանում է Ուկրաինայից, արդեն մի քանի ամիս է՝ Ուկրաինայի կառավարությունը ռազմական օգնություն է աղերսում Միացյալ Նահանգներից, ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները խնդրում են, որ Միացյալ Նահանգները հաստատի Ուկրաինային 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության հատկացումը, այլապես ուկրաինական բանակը, զրկված լինելով անհրաժեշտ զենք-զինամթերքից, կարող է կոլապսի մատնվել, պարտությունը կդառնա անխուսափելի: Ամերիկյան օգնության դադարեցումը ներկայացվում է որպես ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի արդյունք, իբրեւ թե դեմոկրատները կողմ են օգնության տրամադրմանը, նրանք Սենատում մեծամասնություն են եւ հաստատել են օգնության մասին օրինագիծը, իսկ ահա Կոնգրեսը վերահսկող հանրապետականները դեմ են դրան: Բայց Ուկրաինայից հրաժարումը կարող է լինել ԱՄՆ-Ռուսաստան մեծ գործարքի արդյունք, այդ գործարքի մաս է նաեւ Հարավային Կովկասը: Եվրոպական երկրներն ինքնուրույնաբար չեն կարողանում ապահովել Ուկրաինայի ռազմական եւ ֆինանսավորման կարիքները, ուր մնաց որ կարողանան մի հատ էլ Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ:
Այս ֆոնին հետաքրքիր էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հարցազրույցն «Իզվեստիա» պարբերականին, որտեղ նա ասում է. «Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել եւ բաց են մնում Երեւանին օգնություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ։ Ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան, կյանքի չկոչվեցին»:
Գալուզինի ասածն այն է, որ, ի տարբերություն Արեւմուտքի, որը Հայաստանին չի կարող եւ չի պատրաստվում անվտանգության երաշխիք տալ, ՀԱՊԿ-ն կամ, որ նույնն է՝ Ռուսաստանը, պատրաստ է տալ այդ երաշխիքները, եւ որքան Հայաստանը շուտ համաձայնի Ռուսաստանի առաջարկներին, այնքան իր համար լավ: Եթե կամ, ավելի ճիշտ՝ երբ Ադրբեջանը կրկին պատերազմ սկսի Հայաստանի դեմ, մենք, միեւնույն է` այդ պատերազմը կանգնեցնելու համար պարտադրված ենք լինելու դիմել Ռուսաստանի օգնությանը: Ռուսաստանին անիծելով, Ռուսաստանին նզովելով, ասելով, որ Ռուսաստանը սադրեց պատերազմը, որ Ռուսաստանն Ադրբեջանին դրդեց հարձակվել Հայաստանի վրա, որ Հայաստանը ստիպված լինի ընկնել Ռուսաստանի ոտքերը, եւ, ամենայն հավանականությամբ, չսխալվելով, Արեւմուտքից օգնություն եւ աջակցություն աղերսելով, սկանդինավյան խաղաղապահների մասին հեքիաթներ պատմելով եւ այդ հեքիաթներին չհավատալով, մենք, միեւնույն է` ստիպված ենք լինելու դիմել Ռուսաստանին: Գալուզինը հիմա առաջարկում է դա անել առանց պատերազմի, առանց նոր զոհերի, թե չէ՝ պատերազմը միշտ կա ու կա:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ