Ձեր մանրադրամը կյանք է փրկում
1915 թվականի սեպտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը, արագ արձագանքելով Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հեռագրին, սկսեց անհապաղ միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունից փրկվածներին օժանդակություն ցուցաբերելու համար:
Նկարում 1915 թվականին ձեւավորված Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց հանձնախմբի (American Committee for Armenian and Syrian Relief) հանգանակության պաստառն է: Մինչ այդ կարիքավորների օգտին դրամահավաքի կազմակերպմամբ զբաղվում էր Հայկական նպաստամատույց հանձնախումբը (Armenian Relief Committee): Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց հանձնախումբը ձեւավորվեց Հայկական նպաստամատույց հանձնախմբին մինչ այդ գործող Սիրիայի եւ Պաղեստինի նպաստույց կոմիտեի եւ Պարսկական պատերազմի նպաստի հիմնադրամի միավորմամբ: 1919 թվականին, ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ, այդ հանձնախումբն անվանվեց Մերձավոր Արեւելքի նպաստամատույց (Near East Relief): Իր գործունեության 15 տարիների ընթացքում այս կազմակերպությունն ավելի քան 110 միլիոն դոլարի ներդրում է իրականացնում գաղթականների եւ որբերի փրկության գործում: Այս մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ http://genocide-museum.am/arm/online_exhibition_10.php կայքում:
Այստեղ խոսքն այլ բանի մասին է: 106 տարի է անցել, եւ կարծես մեզանում մեծ առաջընթաց չի արձանագրվել: Անշուշտ, այսօր չկան որբանոցներ, չկա այնպիսի ծայրահեղ իրավիճակ, ինչպես 100 տարի առաջ, Օրեգոնցի Լանկասթերին եւ Հանդսակերին կդրդի բրնձով լցված փոքրիկ շշի միջոցով կոչ անել՝ հայերին օգնելու համար (շշի պիտակի վրա գրված է եղել. «750 երեխաների օրական պարենը Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեի մի որբանոցում կազմում է 40 ֆունտ բրինձ, 7/8 ունցիայից պակաս՝ յուրաքանչյուր երեխայի համար: Այս քիչ քանակի բացակայության պատճառով կազմակերպությունը ստիպված մերժում էր ընդունել հազարավոր երեխաների: Կարո՞ղ եք օգնել»)։
Ապրիլի 24-ին ազգովի ուրախացանք, որ ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Ջո Բայդենը, հայտարարեց. «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը»:
Անտարակույս, քաղաքական մեծ կամք էր անհրաժեշտ, որպեսզի նման հայտարարություն արվեր: Թեպետ բոլորն էլ հասկանում են, որ դրանից Թուրքիան չի «խելոքանա», իսկ Էրդողանը չի այցելի Ծիծեռնակաբերդ ու ծնկաչոք հայցի հայ ժողովրդի ներողամտությունը, ինչպես հասկանալի է, որ դեռեւս վաղ է տարածքային կամ ֆինանսական փոխհատուցումների մասին խոսելը:
Ընդ որում, փոխհատուցումների՝ որպես նյութական երեւույթի կարեւորությունն ավելի նվազ է, քան այդ միջոցով Թուրքիային ի վերջո «սանձահարելը»: Ներկայում էական էլ չէ, թե այդ հրեշին ովքեր (ինչ ուժեր կամ պետություններ) են «ծնել»: Արցախյան պատերազմը եւ հետպատերազմյան զարգացումները ցույց տվեցին, որ Թուրքիան զղջացող պետություն չէ: Զղջացող չի կարող լինել իր էությամբ: Այլապես այդպիսի պետություն գոյություն չէր ունենա: Նա հասկանում է միայն ուժի լեզուն, ու քանի դեռ հապաղում է նրա նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, ինչին ունակ են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, այդ պետությունը շարունակելու է իր ասպատակությունները, որոնք «հաջողությամբ» են պսակվելու թույլ պետականությամբ երկրների նկատմամբ: Եթե ինքդ ունակ չես կազմակերպված եւ ուժեղ պետություն կառուցել, ապա ինչո՞ւ պետք է այս կամ այն երկիրը քեզ աջակցության ձեռք մեկնի: Առավելագույնը, որ նրանք կանեն, կլինի մարդասիրական օգնությունը: Եթե ինքնահարգանք չլինի, ո՞վ քեզ կհարգի: Անցած 30 տարիներին թեպետ շատ սխալներ են արվել, բայց վերջին երեք տարիները կմնան անգերազանցելի՝ սխալների մեծությամբ եւ խորությամբ, ինչի արդյունքում էլ տեղի ունեցան վերջին ողբերգական զարգացումները, ու դեռ դրանց վերջը չի երեւում:
Հայաստանում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը, առանձին հակաքաղաքական գործիչների վարքագիծը Բայդենի հայտարարությունը հանգեցնում է բրնձով լցված փոքրիկ շշի պարունակությանը, այն զգացողությանը, թե ամբողջ հայ ժողովուրդը հայտնվել է Ալեքսանդրապոլի 1919 թվականի «Որբաքաղաք»-ում եւ անհամբեր սպասում է «մարդասիրական օգնության». արդյոք Օրեգոնցի Լանկասթերին եւ Հանդսակերին կհաջողվի՞ մի քիչ բրինձ հայթայթել իր համար…
ՀԳ. Ամենավատ բանը, որը մարդկությունը երբեւէ հայտնաբերել է, գուցե բարեգործությունն է, որը շատ դեպքերում ճիշտ չի ընկալվել շահառուների կողմից եւ ժամանակի ընթացքում վերածվել է թմրադեղի նման մի բանի: Նկարում նշված է․ «2.5 մլն կանայք եւ երեխաներ այժմ սովից մահանում են»: Իսկ ի՞նչ վիճակում են ՀՀ 2.5 մլն «հպարտ» քաղաքացիներն այժմ՝ դրանից 106 տարի անց: Անկասկած, նրանց բրինձ ու մանրադրամ պետք չէ, նրանց անհրաժեշտ է ազգային ինքնագիտակցության զարթոնք, ոչ, «պայթյուն»: Դրա այլընտրանքը հանգանակվող մանրադրամի վրա հույս դնելն է:
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ