Հրաժարական. իբր ի՞նչ

Հրաժարական. իբր ի՞նչ

Հատուկ պատրաստվել էի, որ լսեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը: Ենթադրում էի, որ դա իրադարձություն է լինելու, պետական որոշակի հանդիսավորությամբ զուգորդված արարողություն: Մի՞թե վատ կլիներ, որ Փաշինյանը հրաժարական տար հոգեւոր դասի առաջնորդների, մեկ-երկու գեներալի, վաստակաշատ գիտնականների, մի քանի ազգային հերոսների, մշակույթի երախտավորների, ինչու ոչ՝ Հանրային խորհրդի անդամների ներկայությամբ: Սա էլ հրաժարակա՞ն էր. միայնակ տնկվել տեսախցիկի առաջ ու, ինչպես Ֆեյսբուքի անձնական էջում, ինչ-որ բաներ ասել հրաժարականի թեմայով: Այո, այն, ինչ ես տեսա ու լսեցի, հրաժարական չէր: Դա շուտասելուկի պես մի բան էր, որից, կարծում եմ, անհնար եղավ հասկանալ, թե ինչու է Փաշինյանը հրաժարական տալիս: Ո՞րն է այս հրաժարականի պատճառը:

Ասում էր՝ ինչ-որ հաջողություններ կան, որոնց մասին դեռ կխոսի: Ե՞րբ, հրաժարականից հետո՞: Իսկ այդպես է ասում, որովհետեւ ստում է: Հաջողություններ լինեին, ինչո՞ւ պետք է հրաժարական տար: Հիմնարկի ղեկավարը, տվյալ դեպքում՝ ժողովուրդը, ինչո՞ւ պետք է աշխատանքից ազատի իր հաջողակ վարչապետին, կամ ինչո՞ւ պետք է բանը հասնի այնտեղ, որ հաջողակ վարչապետը հրաժարական տա: Այդպես չի լինում:

Ամեն ինչ շատ ավելի հասկանալի կլիներ, եթե Փաշինյանն ուղղակի հայտարարեր, որ հրաժարական է տալիս պատերազմում կրած խայտառակ պարտության, մեր ժողովրդին պատճառած մեծ ցավի, հայրենազրկման, տնտեսության ոչնչացման, աղքատության մեծացման, համատարած արտագաղթի, բյուջեի աննախադեպ թալանի ու փոշիացման պատճառով: Հրաժարականը նման դեպքերում ոչ միայն հասկանալի է, այլեւ՝ պարտադիր: Բայց Փաշինյանը նման բաներ չասաց: Փոխարենը նա ընդգծեց, որ հրաժարական է տալիս շատ հիշարժան մի օր՝ քաղաքացու օրը, ինչը, ըստ նրա, եւս մեկ անգամ ընդգծում է, որ այդ հրաժարականը, վախ, վախ վախ, այդ քաղաքացու համար է: Արդյո՞ք այս երեք տարում հնարավոր չէր քաղաքացու համար մի քիչ ավելի լավ բաներ անել: Ասենք՝ համերաշխություն հաստատել հասարակության մեջ, քաղաքացիներին անընդհատ չբաժանել սեւերի եւ սպիտակների, ներկաների եւ նախկինների, հայաստանցիների եւ ղարաբաղցիների, սովետահայերի ու սփյուռքահայերի: Եթե այս ամենը չես արել երեք տարում, ինչպե՞ս ես անելու մեկ հատիկ ձեւական հրաժարականով կամ, աչքերդ լցրած, ժողովրդին «հպարտ» կոչելով:

Որքան որ անհասկանալի են Փաշինյանի հրաժարականի պատճառները, նույնքան էլ անհասկանալի է նրա վարքագիծը, որ հետեւելու է այդ հրաժարականին: Այսինքն՝ այնպես չէ, որ հրաժարական տվեց, ուրեմն վերջ, պետք է վեր կենա ու գնա: Ի՞նչ գնալ… Ինքը մնալու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ-ն երկու անգամ պետք է միայն իր թեկնածությունն առաջադրի, երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ապա՝ ԱԺ-ն լուծարվի, եւ տեղի ունենան նոր ընտրություններ՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի բարձր քաղաքական հովանու ներքո: Հա, ի դեպ՝ ՔՊ-ն էլ մասնակցելու է այդ ընտրություններին՝ առաջին համար՝ վարչապետի թեկնածու ունենալով Նիկոլ Փաշինյանին: Ահա այսպիսի բաներ երբեմնի ժողվարչապետի կողմից, որի համար, հասկանում ես, ժողովրդի կամքն օրենք է:

2018 թվականի աշնանը նմանատիպ մի ներկայացում բեմադրվել է արդեն: Այն ժամանակ, սակայն, ինչ-որ տրամաբանություն կար այդ ամենի մեջ: Ունեինք նոր վարչապետ, որը չուներ ԱԺ մեծամասնություն, եւ նոր ընտրությունները, այնուամենայնիվ, պետք էին: Իսկ ի՞նչ է պատահել հիմա, երբ կա վարչապետ, որն ունի ԱԺ նախանձելի մեծամասնություն եւ 100 տոկոսով քայլարած կառավարություն: Մարդ պիտի, հազար ներողություն, «դուռակ» լինի, որ այս պայմաններում հրաժարական տա, այնպես չէ՞: Հետեւաբար, պարոն Փաշինյան, բարի եղեք բացատրել՝ ինչո՞ւ եք հրաժարական տալիս: Պուտինը Ձեզ լավ ընդունում է, Էրդողանը ջանք ու եռանդ չի խնայում, որ Ձեր գլխից մազ չպակասի, Ալիեւն էլ օրական մի էշություն է դուրս տալիս, որ կարելի է օգտագործել Ձեր «վարած» քաղաքականության օգտին: Ուրեմն էլ ինչո՞ւ եք հրաժարական տալիս: Դա ի՞նչ է, բարի կամքի դրսեւորո՞ւմ… Բայց ո՞վ է տեսել՝ բարի կամք դրսեւորեն Սահմանադրությունը բանի տեղ չդնելով, օրենքները ոտնահարելով: Ինչպե՞ս կարելի է մի կողմից բռնանալ մարդկանց կամքի վրա, թույլ չտալ քեզնից բացի ուրիշ թեկնածու առաջադրեն, իսկ մյուս կողմից՝ խոսել ժողովրդի ազատ կամարտահայտության երաշխավոր լինելու մասին, կառչել պետական լծակներից ու դեռ հավատացնել, որ ուժային ընտրություններ չեն լինելու:

Մի խոսքով՝ ինչպես 2018-ի դեկտեմբերին, մեզ դարձյալ ապուշություն է սպասվում եւ ոչ թե ընտրություն՝ այդ բառի իմաստով: Այսօր էլ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան մարդ է զզվում այս իշխանություններից, օդում էյֆորիա կա, այն էլ մեծ էյֆորիա, որի պատճառներից մեկն էլ Փաշինյանի անօրինակ համառությունն է, որով նա կառչել է վարչապետի աթոռից: Մեր իրավիճակում հայտնված երկրին այդպիսի ընտրություններ պետք չեն: Այն էլ ասենք, որ աշխարհում մինչ օրս ոչ մի կապիտուլացված ղեկավար ընտրությունների քավոր չի կանգնել: Դա նոնսենս է բոլոր առումներով՝ մարդկայինից սկսած եւ քաղաքագիտականով վերջացրած: