Այդ ե՞րբ շանը սրբացրինք մարդուց  

Այդ ե՞րբ շանը սրբացրինք մարդուց  

Ազգը մարդկանց սոցիալ-էթնիկական ընդհանրության պատմական զարգացման էթնիկական ձեւ է, որն ունի լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի, հոգեբանության եւ մշակույթի որոշակի ընդhանրություն, ինչպես նաեւ՝ ազգային գիտակցություն:

Անցյալ դարի 80-ական թվականների կեսերին սովորում էի Մոսկվայի Կույբիշեւի անվան շինարարության ինժեներների ինստիտուտի ղեկավար աշխատողների պատրաստման բարձրագույն դասընթացներում: Մեծ հայրենականի հաղթանակի 40-ամյակի նախօրեին ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը հյուր էր եկել հումորի սովետական հետռայկինյան լեգենդը՝ Եվգենի Պետրոսյանը: Երբ երեկոն մոտենում էր ավարտին, պրոֆեսորներից մեկն առաջարկեց Պետրոսյանին խաղալ «Հայկական ռադիո»-ի դեր ու, համաձայնությունն ստանալուց հետո, կատակելով հարցրեց.

- Ժենյա, քանի՞ ազգ է ապրում Սովետական Միությունում։ 
Հետեւեց կարճ ու սրամիտ պատասխանը.
- Երկու,- հայեր եւ ոչ հայեր:

Ամբողջ դահլիճը ծափերի տարափով պարգեւատրեց մեծ հումորիստին, իսկ մենք՝ հայ ուսանողներս, ցնծության մեջ էինք՝ մեծարվեց մեր ազգային ինքնությունը (նաեւ՝ գիտակցությունը): 
...Աշխատանքի բերումով վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից: Ճանապարհին, ձնարբուքի պատճառով, ուշանում եւ Երեւան եմ հասնում գիշերվա ժամը 3-ին: Չնայած Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում մեքենաներ չկան, բայց կանգ եմ առնում կարմիր լույսի տակ, նայում ամայի փողոցներին, թեքվում դեպի ձախ եւ մեքենան կանգնեցնում «Կրպակ» մթերային խանութի դիմաց (մեր տան մոտ): Կորոնավիրուսի պատճառով քաղաքի հեւքը հազիվ է նշմարվում. միայն տեղ-տեղ թափառող շներ են եւ ուտելիք որոնող... հատուկենտ մարդիկ: Մոտենում եմ դրանցից մեկին, որը «Կրպակի» կողքին դրված աղբարկղից ձեռքի՝ ծայրը ծռած ամրանով հանել է պոլիէթիլենային տոպրակը եւ ուզում է դնել իր ինքնաշեն սայլակի մեջ:

- Բարեւ, հայրիկ, գիշերվա էս ժամին ի՞նչ ես անում: Նա աչքերը կկոցեց ինձ վրա, ոչինչ չասաց եւ շարունակեց «որոնումները»: Տղամարդու հնամաշ, բայց ճաշակով հագնված լինելն ինձ մոտ առանձնակի հետաքրքրություն առաջացրեց, եւ թքելով կորոնավիրուսի «առաջադրած» 2 մետր սոցիալական հեռավորության վրա՝ ավելի մոտեցա նրան: Նա շրջվեց դեպի ինձ, կեռ ամրանը դրեց աղբարկղի մոտ, խորը հոգոց հանեց ու սկսեց.
- Ինչպե՞ս կոչեմ քեզ: 

Իմ՝ անունս ասելուց հետո շարունակեց.
- 86 տարեկան եմ, համալսարանական, 22 տարի դպրոցի տնօրեն եմ աշխատել, ո՞վ կիմանար, որ մեր վերջն այսպիսին կլինի:

Ես ուրիշ տեղից եմ գալիս այստեղ, որ ինձ չճանաչեն: Հինգ օր առաջ, հերթական «քուջուջն» անելիս, մի կին մոտեցավ եւ ասաց, որ իրենց տան չկերված ուտելիքը (փափուկ է ասված) առանձնացնելու եւ փաթաթած տոպրակով աղբամանի մի կողմում է դնելու: Ես էլ գալիս վերցնում եմ:
Նա ուղղորդեց սայլակը, ու աչքերում արցունքներ երեւացին: Ինչի՞ համար էին այդ արցունքները: 
2013 թվականի աշունն է: Հոլանդիայում ենք, ավելի ճիշտ՝ Ռոտերդամում: Ուսումնասիրում ենք «Համատիրությունների ձեւավորումը եւ գործունեությունը արեւմտաեվրոպական երկրներում», որպեսզի այն շուտափույթ ներդնենք Հայաստանում: Դասերից ազատ ժամերին ծանոթանում ենք Եվրոպայի խոշորագույն նավահանգիստ-քաղաքի տեսարժան վայրերին, իսկ շաբաթ-կիրակի օրերին շրջագայում մայրաքաղաք Ամստերդամում, թագավորանիստ քաղաք Հաագայում, Էյնդհովենում, Ուտրեխտում եւ այլուր՝ պրոֆեսոր Ֆրեդի ղեկավարությամբ: 

Մի օր նրան, տասնյակ հարցերի հետ մեկտեղ, հարցրի.
- Պրոֆեսոր, ես ամբողջ Հոլանդիայում թափառող շներ չտեսա: Թարգմանիչը 5 րոպե շարունակ չէր կարողանում թարգմանել «թափառող շներ», «փողոցային շներ», «անտեր շներ» միաիմաստ բառակապակցությունները: Հետո հասկացա, որ այդ երկրում անտեր շներ եւ կատուներ գոյություն չունեն եւ՝ վերջ:
Շրջագայելով Եվրոպայի մի շարք քաղաքներում՝ թափառող շներ չտեսա ո՛չ Փարիզում, ո՛չ Լիոնում, ո՛չ Մարսելում, ո՛չ Հռոմում, ո՛չ Ֆլորենցիայում, ո՛չ Միլանում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Անտվերպենում, ո՛չ Բեռլինում, ո՛չ Վարշավայում, ո՛չ Կրակովում, ո՛չ...
Իսկ շնատերերն էլ մի շարք պետություններում (օրինակ՝ Ֆրանսիայում) որոշակի տուրքեր են վճարում փողոցներն աղտոտելու համար:
Մինչեւ կորոնավիրուսի «գալը» մենք ապրում էինք մի երկրում, որտեղ Սովետական Միության փլուզումից 30 տարի հետո էլ չէր ձեւավորվել կայուն միջին խավ, որտեղ թշվառությունը ժողովրդի մի հատվածի համար դարձել էր ապրելու տարաձեւ:
Կորոնավիրուսի ժամանակ այդ մի հատվածին գումարվելու են եւս մի քանի հատվածներ, իսկ թշվառությունը դառնալու է կայուն կենսակերպ: 

Ուրեմն ի՞նչ էին «ասում» բազմավաստակ դպրոցի տնօրենի արցունքները. ժամանակն է, որ մեր անկախ պետության ղեկավարները հարգեն ազգի բնորոշման մեջ նշված տնտեսական կյանքի, ազգային գիտակցության չափորոշիչները եւ եվրոպական արժեքները չկիրառեն հայկական իրականության մեջ։ 

Ժամանակն է, որ ջոկվի առողջ շների մի 5-10 տոկոսը եւ տրվի շնասեր ընտանիքներին եւ կինոլոգներին, մնացած 90 տոկոսն ամբողջովին լիկվիդացվի, իսկ ամորձատման, ստերիլիզացման եւ խնամքի համար նախատեսված հարյուր միլիոնավոր դրամները հատկացվեն թոշակառու ինտելիգենցիայի ներկայացուցիչներին:
Ըստ վիճակագրության, անգլիացիները տնական, կրկնում եմ՝ տնական շների եւ կատուների պահպանման համար տարեկան ծախսում են 6.5 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Կասեք՝ տեսնո՞ւմ եք:

Տեսնում եմ: Տեսնում եմ, որ պետք չէ արհեստականորեն ոտք գցել եվրոպական գերհարուստ երկրների հետ։ Որ դարերով գենետիկորեն ճնշված եւ մեծ եղեռն տեսած հայ մարդու համար պատեհ առիթը բաց չթողնելով՝ պետք է ստեղծել լավագույն պայմաններ ապրելու (բայց ո՛չ գոյատեւելու) եւ արարելու համար։ 
Իսկ եվրոպական որոշ աղբյուրներից «սնվող» լիբերալները կհաչան-կհաչան եւ կլռեն:

Սեւադա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երկրորդ դասի պետական խորհրդական