Գետն ընկածն ինչի՞ց է վախենում

Գետն ընկածն ինչի՞ց է վախենում

Կա մի պարզ, թվում է թե տրամաբանական մոտեցում, որն անընդհատ կրկնում են Փաշինյանի թիմակիցները՝ Եթե Ալիևը չէր եկել Գրանադայի հանդիպմանը, Փաշինյանն ինչպե՞ս կարող էր ստորագրությամբ վավերացնել անկլավների հանձնումը։ Դա մի մանիպուլյատիվ հնարք է, որ օգտագործում է ՔՊ-ն՝ իհարկե, ուղղորդմամբ, որն իր պարզությամբ թվում է թե համոզիչ է։ Բայց դա մակերեսային մոտեցման դեպքում։  Պետք է իմանալ, որ մանիպուլյատիվ հնարքները, որոնք  օգտագործվում են, նման պարզունակ բնույթ են կրում, որպեսզի շատերի համար ընկալելի լինեն։ Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարզունակ ձևով բացատրելուց հետո, իրեն վերապահել է, ինչպես երեխային կսփոփեն, ասել՝ չվախենաք, նման բան չկա․  «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»։

Հիմա հարց՝ ինչու՞ պիտի անկլավների հարց քննարկվեր, երբ անկլավները դեռ 2023 թվականի մայիսին Փաշինյանի հայտարարությամբ մտնում էին 86.600 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը եւ, այսպես կոչված, անկլավները։ Նման հայտարարություն անելու ժամանակ նա այնպիսի մանիպուլյատիվ հնարքներ է բանեցնում, որպեսզի ամեն կերպ կարողանա թաքցնել բուն ասելիքը։ Հիմա Արայիկին եմ հարցնում՝ ինչի՞ց չվախենանք։ Ձեզ հետ ժողովուրդը քանի՞ անգամ է գետը մտել։ Գցում եք գետը ու մի կողմ կանգնում, իբր չեք էլ ճանաչում, թե ում եք գցել գետը։ Այդպես վարվեցիք Արցախի, Հայաստանի սահմանամերձ շրջանների հետ։ Հիմա ասում եք՝ չվախենաք։ Գետն ընկածն ինչի՞ց է վախենում։ Մի բան պարզ է, որ նույն գետի պատմությունը կրկնվում է։ Նիկոլը երբ Պրահայից եկավ, Լևոն Տեր- Պետրոսյանը իր սանիկին այսպես էր բնութագրում․«Կգա, կասի՝ ինձ Պուտինն այսպես ասաց, Թրամփն այս ասաց, չգիտեմ՝ Բայդենը սա ասաց, Մակրոնը՝ սա ասաց, ես որտեղի՞ց վստահ լինեմ, որ այդպե՞ս է ասել, թե՞ այդպես է հասկացել»։ Նույն բանն է, Պրահայից գալուց հետո իր թիմակիցների միջոցով  կարծիք ձևավորեց, որ մի հայտարարություն ա էլի, արել է, դեռ ոչ մի բան վավերացված չի։ Կամաց- կամաց պարզվեց, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա նույն սցենարով գնում է։ Մի տառ էլ չեն փոխում։ Բուն հարցը հրապարակ են նետում, մարդկանց ենթագիտակցությանը հասանելի  դարձնում, հետո նույն մեթոդով կատարելի կդարձնեն։Այնպես որ ոչ մի բան հենց այնպես  «հրապարակ չեն նետում»։ Ծանրամարս սննդի մարսման ձևերը լա՜վ սովորեցնում են։