Երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք

Երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք

Չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է։ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քիչ առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում ու 100 % մարում է, որովհետև, եթե առաջ մենք, օրինակ, 50 դեպք ունեինք մի աղբյուրից, օրինակ՝ մի մեծ արտադրամասից 50 աշխատող, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից։ Հետևաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից», ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից, իրենց առջև դրված խնդրի հարցում որևէ փոփոխություն չկա, պետք է կարողանալ հնարավոր դեպքը գտնել, թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և առողջացած դուրս գրել։

Նախարարը պնդեց, որ այն գործողությունները, որոնք արվում են, պետք է դեռ շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ ուժ ունեն։

«Երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք։ Կթողնենք մենակ թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի, որովհետև արդեն անիմաստ կլինի, տարածումն արդեն շատ-շատ մեծ կլինի։ Այս համատեքստում է պետք նայել բոլոր սահմանափակող միջոցառումների հանելը, խստացնելը, փոխելը և ոչ թե պարզապես թվերը», հավելեց Թորոսյանը։