Նախագահը պետք է իր ռեալ աջակցությունը ցույց տա ԳՇ պետին. Կարապետ Պողոսյան

Նախագահը պետք է իր ռեալ աջակցությունը ցույց տա ԳՇ պետին. Կարապետ Պողոսյան

Իմքայլականներն ամեն կերպ փորձում են խուսափել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի մեծ մասի կորստի և Հայաստանի տարածքների շարունակվող կորստի պատասխանատվությունից։ 

Նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, տարբեր մանիպուլյացիաների, ստերի դիմելով, ամեն կերպ փորձում է պատասխանատվությունից ու մեղավորությունից խուսափել։

Ի վերջո, Զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, չհանդուրժեց այս ամենն ու հանդես եկավ իմքայլական վարչապետի հրաժարականի պահանջով։ «ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ  ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ», - սեպտեմբերի 25-ին հայտարարություն տարածեց ԳՇ բարձրագույն սպայական կազմը: 

Նշենք նաև, որ երկրում դեռևս շարունակվում է ռազմական դրությունը, և փաշինյանականներն այն օգտագործում են իրենց նեղ խմբակային շահերի համար՝ իրենց աթոռներին ամեն կերպ կառչած մնալու նպատակով։ Սյունիքի սահմանների շուրջ լարվածությունը շարունակվում է։ Պարզ չէ, թե մյուս մարզերի սահմաններին ու տարածքներին ինչ է սպառում՝ Փաշինյանի և իր գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունների հետևանքով։

Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և լուծումների շուրջ «Հրապարակ» թերթը զրուցել է գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան, Մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու գրասենյակի նախկին պատասխանատու Կարապետ Պողոսյանի հետ։

- Պարո՛ն Պողոսյան, Ձեր գնահատմամբ՝ ԳՇ հայտարարությունը համապատասխանո՞ւմ էր Սահմանադրությանը, իրավակա՞ն էր, Շտաբը գործե՞լ է իրավիճակին համապատասխան։

- Գլխավոր շտաբի հայտարարությունը միանշանակ իրավական էր, միանշանակ շատ կարևոր ու սպասված էր։ Ես Ձեզ ավելին ասեմ։ Ես ինքս ակնկալում էի, որ այդ հայտարարությունն ավելի շուտ լիներ։ Որովհետև ըստ Սահմանադրության՝ Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի սահմանների անխախտելիությունը երաշխավորում է հենց Զինված ուժերը։ Եվ Դուք լավ գիտեք, արդեն մենք բազում անգամ, ցավոք սրտի, առիթ ունեցանք համոզվելու, որ երկրի ներկայիս իշխանություններն անընդմեջ խախտեցին Սահմանադրությունը՝ բանավոր պայմանավորվածություններով, թաքուն գրավոր փաստաթղթերով բազմաթիվ տարածքներ հանձնեցին թշնամական երկրին։ Եվ միանշանակ շատ կարևոր է, որպեսզի Զինված ուժերի Գլխավոր շտաբն ինքն իրավիճակը վերցնի իր ձեռքը և միանշանակ անվստահություն հայտնի գործող իշխանություններին։

- Իսկ նախագահի գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն ստեղծված իրավիճակին համապատասխան։ Ինքն ի՞նչ անելիք ունի այստեղ։

- Տեսեք, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ինքը հենց Սահմանադրության երաշխավորն է։ Եվ ինչպես նշեցի, Գլխավոր շտաբը գործում է իր լիազորությունների շրջանակներում և Սահմանադրությանը համապատասխան։ Հետևաբար, նախագահն առաջին հերթին պետք է իր ռեալ աջակցությունը ցույց տա ԳՇ պետին՝ Սահմանադրությունը պաշտպանելու համար։ Ավելին ասեմ, ինձ համար տարօրինակ է, որ նախագահը դեռևս իր մոտ է պահում Փաշինյանի առաջարկությունը՝ Օնիկ Գասպարյանի ազատելու։ Իմ կարծիքով՝ նա պետք է դա վաղուց դա վերադարձրած լիներ և նաև իր աջակցությունն հայտներ Զինված ուժերին, բանակին։

- Այս իրավիճակում ճանապարհային քարտեզն ինչպիսի՞ն պետք է լինի, որ լիովին տեղավորվի Սահմանադրության շրջանակներում՝ թե՛ նախագահի, թե՛ խորհրդարանական ուժերի, թե՛ Զինված ուժերի կողմից։

- Ձեզ էսպես ասեմ։ Բոլորի՝ սկսած շարքային քաղաքացուց վերջացրած ցանկացած պաշտոնյայից, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով ունի հայրենիք, ում համար թանկ է Հայաստանի Հանրապետությունը և նրա ապագան, բոլորն այսօր միասնական պետք է լինեն բանակի կողքին, բոլորը միասնական պետք է թողնեն իրենց բանուգործը և ամեն մեկն իր ներդրումն ունենա հնարավորինս արագ թշնամական գործակալություն հանդիսացող իշխանություններից ազատվելու համար։

- Լեգիտիմության առումով ի՞նչ անել, որ ժամանակավոր կառավարությունն ընդունելի լինի նաև միջազգային հանրության կողմից։

- Տեսեք, մինչ այս պահն ինչ տեղի էր ունենում Հայաստանում և՛ ընդդիմության կողմից, և՛ Զինված ուժերի կողմից, ամբողջովին Սահմանադրությանը համապատսխան է, և այստեղ լեգիտիմության հարց չկա։ Բնականաբար պետք է լինի իշխանության անցնցում փոխանցում, որից հետո՝ որոշակի ժամկետից հետո, անցկացվեն ընտրություններ։ Եվ ընտրություններով ձևավորվի Ձեր ասած լեգիտիմ կառավարությունը։ Բայց այս փուլում այլ լեգիտիմության տարբերակ չկա։ Կամ ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, երբ որ մենք էսօր ամեն օր, ամեն ժամ հայրենիք ենք կորցնում։ Այսինքն՝ այստեղ հիմա բացարձակ միազգային ատրիբուտներին հետևելու ժամանակը չէ։ Ընդամենը գործելու, հայրենիքը փրկելու ժամանակն է։ 

- Իշխանությունն ո՞ւմ պետք է փոխանցվի, որից հետո ընտրություններ անցկացվեն։

- Տեսեք, այս պարագայում, իմ կարծիքով, կա երկու տարբերակ։ Առաջին, քանի որ Գլխավոր շտաբն է պահանջում իշխանության հրաժարականը, և քանի որ մենք գտնվում ենք ռազմական դրության պայմաններում, այսինքն՝ ամբողջական իշխանությունը հենց կարող է փոխանցվել Գլխավոր շտաբին։ Եվ երկրորդ տարբերակը, որ տևական ժամանակ է՝ ընդդիմությունը, 17 կուսակցություններն առաջարկել են, որը նույնպես շատ ընդունելի տարբերակ է, լինի ժամանակավոր կառավարություն 1 տարի ժամանակով։ Հնարավորություն կտրվի հասրակությանը, որպեսզի կրքերից ազատվեն, տարածվող մանիպուլյացիաներից ու ստերից, էսպես, հետ կանգնեն, հասկանան, ճիշտ գնահատեն իրավիճակը։ Եվ յուրաքանչյուրն ընտրությունների ժամանակ իր քվեն փոխանցի այն քաղաքական ուժին, որին ինքը համակրում է։ 

-Ժամանակավոր կառավարությունն ի՞նչ ուժերից, ի՞նչ մասնագետներից պետք է կազմված լինի, տեխնոկրատների՞ց, թե՞ կուսակցական գործիչներից։

- Պրոֆեսիոնալներից միանշանակ։ Սա այն իրավիճակն է, որ այստեղ ամենացածր քաղաքական պաշտոնից վերջացրած մինչև վարչապետի պաշտոն պետք է լինի ազգային համաձայնության արդյունքում։ Այստեղ կառավարմանը զուտ պետք է մասնակցեն այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալներ են, ովքեր ունեն հայրենասիրություն և առանց որևէ քաղաքական հավակնության այդ 1 տարի ժամանակը կօգտագործեն ի բարօրություն երկրի։