Թուրքիա V.S. ԱՄՆ եւ ՆԱՏՕ

Թուրքիա V.S. ԱՄՆ եւ ՆԱՏՕ

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանում տեղի ունեցածը պետական հեղաշրջման փորձ չի համարել։ Հակառակ դրան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատա­կազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ալթունը (իմա՝ Էրդոդանը) Հայաստանի ԳՇ-ի հայտա­րա­րության կապակցությամբ հայտնել է, որ ստեղծված իրավիճակը համա­րում են հեղաշրջման փորձ:
Բավական ուշագրավ եւ «նուրբ» հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն՝ նշելով. «Կարեւոր է խուսափել այնպիսի բառերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման»: Ենթատեքստը կամ «բառերը», անկասկած, վերաբերում են «ռազմական հեղաշրջման փորձ» արտահայտությանը: Իսկ Թուրքիայի՝ ԱՄՆ պետդեպարտամենտին հակասող եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող, ՆԱՏՕ-ի դիվանագիտական նուրբ ուղերձն անտեսող հայ­տարարությունը կարելի է համարել էյֆորիայի արդյունք՝ կապված Արցախում «Ալթայ» ռազ­մական օպերացիան (այդ երկրի ԳՇ-ում մշակված) «հաջո­ղությամբ» իրագործելու հետ: Չի կարելի բացառել նաեւ, որ այն դրությունն էլ ավելի սրելու նպատակ է հետապնդում: Այդ էյֆորիան կանցնի, ջրերը կպարզվեն, եւ ամեն ինչ կվե­րադառնա ի շրջանս յուր:

Ուղղակի զարմանալի է, եթե չասենք՝ զավեշտալի, ռազմավարական երկու դաշնակից երկրների հակասական դիրքորոշումը: Սակայն, նկատի ունենալով այն, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է, ինչպես նաեւ այն, որ տիրապետում է անգամ աշխարհի բոլոր մոծակների թռիչք-վայրեջք­ներին, ապա որեւէ հիմք չկա ԱՄՆ պետդեպարտամենտի հայտա­րարությունը կաս­կածի տակ դնելու համար:

Եթե նոյեմբերի 10-ին չհաջորդեր հայ հասարակության արդարացի ընդվզումը պատերազմի ելքի կապակցությամբ, ապա համաշխարհային հանրությունը մեզ չէր հասկանա ու կկորցներ փոքրիշատե գոյություն ունեցող հարգանքը մեր պետության ու ժողովրդի նկատմամբ: Պատերազմի ողջ ընթացքում այդ հանրությունը, բերանը ջուր առած, լռում էր, չէր նկատում արգելված զինատեսակների կիրառումը, չէր նկա­տում, որ Թուրքիան ամենաակտիվ մասնակցությունն է ունենում մարտական գործո­ղութ­յուններում՝ իր մի քանի հարյուր զինվորականներով, որոնք ոչ կոնտակ­տային գործո­ղություններով էին զբաղված (ԱԹՍ-ների եւ, ընդհանրապես՝ հրետանա-հրթի­ռային կրակի կառավարման, օդատիեզերական հետախուզության եւ այլն), իր F-16-ներով ու վարձկան հազարավոր ահաբեկիչներով:

Այժմ, կարծես թե, համաշխարհային հանրությունն արթնացել է ու նկատել, որ գոյություն ունի Հայաստան պետություն, որը, սակայն, իր ռազմական ողջ ներուժով չներգրավվեց պատերազմական գործողություններում, թեպետ դրա իրավունքն ուներ: Գոյություն ունի պետություն, որի ժողովուրդը, չնայած իրեն պատուհասած անվերջանալի արհավիրքներին, չի կորցրել ազգային արժանապատվությունը, հավատը, որ, ի վերջո, հասնելու է խաղաղության, իր պատմական բնօրրանում ապ­րելու է բարեկեցիկ ու անվտանգ կյանքով:

ՀԳ. Ժամանակին մենք չկարողացանք Թուրքիային հետ պահել արցախյան հիմնախնդրին միջամտելուց, ինչն էլ, գուցե, նրան իրավունք է վերապահել ավելի առաջանալ ու միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ իբրեւ թե մտահոգություն արտահայտելով մեր երկրի ճակատագրի համար: Դա նույնն է, թե մարդասպանը սպանվածի հարազատներին ցավակցություն հայտնի: Ցինիզմ: Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել այդ երկրի պահվածքը:


Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր