Քաղծառայության համակարգը մեկ տարուց ավելի պարալիզացված է

Քաղծառայության համակարգը մեկ տարուց ավելի պարալիզացված է

Դեռ նախկին իշխանությունների օրոք ընդունվեց օրենք, որով ընդլայնվեց քաղծառայության ինստիտուտը։ Արդեն նորերի օրոք՝ 2018 թվականի մարտից, օրենսդրությունն ու կարգավորումները պատրաստ էին, բայց դրանք ենթադրում էին պաշտոնների նոր դասակարգում, գնահատման նոր մեխանիզմ ու նոր անվանումներ։ Ուստի անցումը նոր համակարգին ժամանակ էր պահանջում։  

Հիշեցնենք, որ քաղծառայության հին համակարգում կար պաշտոնների քառաստիճան դասակարգում՝ բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր։ Նոր օրենքով՝ 4 խմբերի փոխարեն 2-ն են՝ ղեկավար եւ մասնագիտական, բայց համակարգն ավելի բարդ է։ Ղեկավարների 5 ենթախումբ կա եւ մասնագետների՝ 8։ Յուրաքանչյուր մարմին ինքն է դասակարգում իր պաշտոնները։
Նոր օրենքով՝ քաղծառայության 45 մարմնի փոխարեն կա 67 մարմին։ Փոքր աշխատակազմով մարմինների կադրային համալրումը վստահվում է նախարարություններին։ Օրինակ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն իրականացնում է նաեւ Լեզվի կոմիտեի ու ԲՈԿ-ի կադրային քաղաքականությունը։ Այս մասին հայտնեց Քաղծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը։

«Վերակազմավորումներից, կառուցվածքային փոփոխություններից հետո կա քաղծառայության 67 մարմին, բայց մի մասը՝ ԱԺ, ՍԴ, ՄԻՊ աշխատակազմը, պետք է քաղծառայության դաշտ մտնեն հունվարից հետո։ Կամ, ասենք՝ զինված ուժերի գլխավոր շտաբն օրենքով քաղծառայության համակարգում է, բայց այնտեղ երբեք քաղծառայողներ չեն եղել»,- ասաց նա։ Ըստ Դավթյանի, քաղծառայության դասակարգում այս պահի դրությամբ անցել է 7 մարմին։ «Դրանք են՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, վարչապետի աշխատակազմը, Լեզվի կոմիտեն, ֆինանսների, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, բայց վերջնական թիվ չեմ կարող ասել, որովհետեւ ամեն օր բան է փոխվում։ Այս պահին շտկումներ են արվում դեռ, պաշտոնի անձնագրերում են լինում խնդիրներ։ Բնապահպանության նախարարությունն արդեն ուղարկել էր, աշխատում էինք վրան, բայց վարչապետի որոշմամբ այնտեղ կառուցվածքային փոփոխություն եղավ, եւ նորից պետք է վերանայենք նրանց մասով»,- նշեց Դավթյանը։  

Գարնանը Գարուշ Դավթյանը «Հրապարակի» հետ զրույցում խոստանում էր․ «Մինչեւ տարեվերջ հույս ունենք, որ նոր համակարգը կներդրվի, ու այդ ժամանակ արդեն կկարողանանք մրցույթները հայտարարել»։ Արդեն մոտեցել ենք տարեվերջին, եւ պետական մարմիններից տեղեկանում ենք, որ քաղծառայության պաշտոնների համար մրցույթներ չեն անցկացվում, դրանք համալրվում են ծանոթ-բարեկամական կարգով, հանրության համար ոչ թափանցիկ, անտեսանելի ու անհասկանալի չափանիշներով։ Հիմնարկների ղեկավարների ԺՊ-ները նշանակվում են կամայականորեն։ Չկա միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղից կարելի է տեղեկություններ ստանալ թափուր հաստիքների վերաբերյալ։ Հայտարարությունները տեղադրվում են անմիջապես պետական մարմինների կայքերում։

Քաղծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանը, որը պաշտոնավարել է ե՛ւ նախկինների, ե՛ւ ներկաների օրոք, մեր այս գնահատականին  համաձայն չէ։ Նա ասում է՝ նոր դասակարգմանն անցնելու գործընթացն ակտիվ է, իսկ նրանք, ովքեր հետ են ընկնում սահմանված ժամանակացույցից, խիստ նամակներ են ստանում գրասենյակից։ «7 մարմին վերջացրել է, եւ 14 մարմիններ շուտով վերջացնելու են պաշտոնների դասակարգումը։ Հիմա մենք հորդորում ենք մարմիններին, որ սկսեն մրցույթների  հայտարարությունները տալ թափուր պաշտոնների համալրման համար։ Մինչեւ հիմա թույլ ենք տվել, բայց արդեն արգելելու ենք, որ ժամանակավոր կարգով նշանակումներ արվեն»,- հայտնեց Սարգսյանը։ Սակայն գրասենյակը շարունակում է ժամանակավոր պայմանագրով աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմումներ ստանալ դասակարգված մարմիններից։ Երեկ 4 այդպիսի դիմում է ստացել։ «Չորսն էլ մերժվելու են, քանի որ այդ մարմիններն արդեն քաղծառայության դաշտում են»։ Գրասենյակն այս պահին ձեւավորում է վարկանիշային ցուցակ, որում ընդգրկվում են հանրային ծառայության ոլորտում աշխատանքային փորձ չունեցողները։ Նրանք համալրելու են քաղծառայության մասնագիտական պաշտոնների ստորին 3 ենթախմբերը։ Նրանք, ովքեր կցանկանան ընդգրկվել այս ցուցակում, պետք է թեստեր լրացնեն։ Թեստերը մշակման փուլում են։

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը պրոցեսներին հետեւում է հեռվից։ Կապ է պաշտպանում իր նախկին աշխատակիցների՝ Գարուշ Դավթյանի եւ Գեղամ Սարգսյանի հետ, հետխորհրդային ռեֆորմներին նվիրված գիրք է գրում, ՀԿ է բացել բարդ անվանումով՝ Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն։ Նրա տպավորությամբ՝ նոր կարգավորումները խճճված են, դրանց ներդրման գործընթացը դանդաղ է։ «Օրենքը սահմանել է ժամկետներ, դրանք ուշանում են։ Նոր դասակարգումն ու գնահատումը բարդ ու ռիսկային են։ Չինովնիկի աշխատանքը կշռելն ու տեղադրելը տվյալ ենթախմբում բարդ են։ Կարող է իրավաբանական վարչության մի գլխավոր մասնագետ մի շաբաթում մեկ էջանոց լրջագույն իրավական փաստաթուղթ ստեղծի, իսկ մի ուրիշը, որն ամեն օր թեթեւ բաներ է գրում, օրը տասը թուղթ խզբզի, դնի այնտեղ, ու թվա, թե սա այն մյուսի աշխատածի տասնապատիկն է արել»։ Ինչո՞ւ եք ասում, որ դասակարգումը ռիսկային է։ «Որովհետեւ այդ դասակարգումից կախված է նաեւ մարդկանց աշխատավարձը։ Ի վերջո, իմ ասած 2 գլխավոր մասնագետները հայտնվելու են նույն ենթախմբում, նույն տեղն են դրվելու, գլխացավանքից հեռու, որովհետեւ ոչ մի գլխավոր մասնագետ չի ընկալելու, թե ինչու է իր աշխատավարձը 120 հազար, իսկ կողքի գլխավոր մասնագետինը՝ 150 հազար»,- ասում է Բադալյանը։

Նրանք էլ ասում են, որ հին համակարգն էր խճճված ու բարդ։ «Հակառակը։ Տեսեք, հարցազրույցների ժամանակ նոր օրենքով կոմպետենցիաներ են ստուգում։ Մասնագիտական կոմպետենցիան բանաձեւով չի որոշվում, որ մարդը պատասխանի, ու միանշանակ ասենք՝ ճիշտ է կամ սխալ։ Կարող է հանձնաժողովի անդամը մրցույթի մասնակցին ինչ-որ ֆիզիկական կամ քիմիական, կամ աշխարհագրական երեւույթի մասին հարցնի եւ իր քմահաճույքով որոշի՝ կոմպետե՞նտ է նա, թե՞ ոչ։ Իսկ մենք ունենում էինք հարցերի հստակ շրջանակ, եթե նա սխալ էր պատասխանում, մենք ճիշտ պատասխանը դնում էինք նրա առաջ»,- պատասխանեց Մանվել Բադալյանը։