Եթե հոտը ղեկավարում է առյուծ, դառնում են առյուծի ձագեր, ղեկավարում է ոչխար՝ առյուծները դառնում են ոչխարի հոտ

Եթե հոտը ղեկավարում է առյուծ, դառնում են առյուծի ձագեր, ղեկավարում է ոչխար՝ առյուծները դառնում են ոչխարի հոտ

Գերիների թեմայով ներքաղաքական բուռն քննարկումներին հետեւեց մի փաստաբանի գրառում, որը հրապարակեց գերությունից վերադարձած անձանց ցուցմունքները, թե ինչպես են Շիրակի մարզի 62 զինվոր՝ առանց մի փամփուշտ կրակելու, կամովի գերի հանձնվել, ինչը գնահատվեց որպես Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն արդարացնելու փորձ։  Զրուցել ենք ԳՇ նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի հետ։

- Իբրեւ զինվորական՝ ճի՞շտ եք համարում, որ գերիների նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին։

- Կարծում եմ՝ ոչ։

- Նախաքննության տեսանկյունի՞ց, թե՞ որ այսպիսի վախկոտ զինվորներ ունենք, եւ վարկաբեկվում է բանակը։

- Էդ ցուցմունք տվածները ոչ մեկը բանակից չեն եղել, եղել են Գյումրիի կամավորականները՝ մարզպետի հավաքած։ Բայց էդ փաստաբանը շատ իզուր ա արել։

-  60 հոգով հանձնվում են 4-5 հոգու, իսկ պատերազմից հետո թեւ-ոտք բերեցին՝ մաս-մաս, ծնողներին հանձնեցին, այս ամենը նրա համար չէ՞ր, որ այնպես կոտրեն, որ մտածենք՝ այս ազգը ազգ չէ։

- Վերնագիրը իմս չէ, բայց ինչ-որ տեղ կիսում եմ․ եթե հոտը ղեկավարում է առյուծ, այն դառնում է առյուծի ձագեր, եթե առյուծներին ղեկավարում է մի հատ ոչխար, այդ առյուծները դառնում են ոչխարի հոտ։ 

- Համամի՞տ եք, որ բանակի վարկաբեկման գործընթացը շարունակվում է եւ արվում է ամենաբարձր օղակներից։ 

- Վստահ չեմ, կարամ ենթադրեմ։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանը չի կահավորվել, քանի որ բանակը զբաղված էր ներքաղաքական մուտիլովկաներով․ շտաբի պետ եւ այլն։

- Դրանից հետո քանի՞ օրացուցային օր է անցել, կարային սահմանը կահավորեին։

- Ասել էիք, որ Ձեզ համար նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո գաղտնիք չէր, որ «Զանգեզուրի միջանցք» կամ ճանապարհ է լինելու՝ նայած ով ինչպես է հասկանում։ Ալիեւը հիմա ասում է՝ ասեք, թե երբ եք տալու «Զանգեզուրի միջանցքը»։

- Նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթով՝ երկրի ղեկավարը պարտավորվել է ճանապարհ տալ ադրբեջանցիներին, որի վերահսկողությունն իրականացնելու է ուրիշ երկիր։

- Այսինքն՝ միջանցք, առանց սուվերենության։

- Ամբողջական՝ ոչ։

- Ուրիշ երկիրն էլ կարող է լինել ՌԴ-ն, կարող է լինել Ադրբեջանը։

- ՌԴ սահմանապահ զորքերն են վերահսկելու։ Հաջորդ հարցը անարգել տեղաշարժն է․ ինչպե՞ս է հասկացվելու, սա մեկնաբանելու կարիք կա։

- Այդ դեպքում ի՞նչ թատրոն էր․ Նիկոլ Փաշինյանի համակիրները Սոչիի հանդիպման օրը «հաղթանակ» էին տոնում, թե տեսա՞ք՝ չկա միջանցք, էլ խոսելու տեղ չունեք եւ այլն։

- Եթե հասարակության մի մասը պնդում է, որ լինելու է միջանցք, նրանք հասկանում են հետեւյալ կերպ՝ այդ ճանապարհը հանձնվելու է Ադրբեջանին։ Նման բան չկա, բայց ճանապարհ տալով՝ ադրբեջանական մեքենաների անվտանգությունը վերահսկելու են ՌԴ սահմանապահ զորքերը։

- Սոչիից պարզ էր, չէ՞, որ ստորագրվելու է խաղաղության պայմանագիր։ Սա լինելո՞ւ է Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագիր (չհարձակման մասին)։ Ի՞նչ երաշխիք, որ Ադրբեջանը չի հարձակվի, չնայած «խաղաղության դարաշրջանին»։

- Ցանկացած ժամանակ եթե վատ աշխատենք, մենք մեր հայրենիքը մաս-մաս կորցնելու ենք։ Երկրորդը․ ես մտավախություն ունեմ, որ 100 տարի առաջվա մեր ժողովրդի սխալը նորից թույլ չտանք։ Շատը ցանկանալով՝ ամեն ինչ ընդհանրապես կորցնենք։ 

- Եթե միջանցքը չտրվի, դրա այլընտրանքը, Ձեր կարծիքով, պատերա՞զմն է։

- Ես ասացի, չէ՞, որ ես վախենում եմ, որ մենք 100 տարվա մեր սխալը կրկնենք։

- Ռուս վերլուծաբաններին հարցնում ենք՝ ինչո՞ւ եք այսպես պահում ձեզ, ասում են՝ բա ձեր բանակն ինչի՞ ձեր հայրենիքը չի պաշտպանում։

- Ճիշտ էլ ասում են։

- Ասում ենք՝ բանակը ջարդված է, ասում են՝ թիկունքում այդքան զորք ունեք, ինչո՞ւ չեք տեղափոխում սահման։ Դա՞ էլ են ճիշտ ասում։

- Իմ կարծիքով՝ քո հայրենիքի պաշտպանությամբ պիտի զբաղվես դու, ուրիշ ոչ ոք։ Մյուսները կարան օգնեն։

- ՌԴ-ից դելիմիտացիոն հանձնաժողով է երեկ եկել, մեր տեղեկություններով՝ միայն զինվորականներ են, նախնական տեղեկություն ունենք, որ մեր մոտից էլ միայն զինվորականներ են լինելու հանձնաժողովում։

- Չեմ կարա որեւէ բան ասեմ։

- Բանակում հաշված թվով մարդիկ կան, բարձրաստիճանների մասին եմ ասում, որոնց նկատմամբ քրգործ հարուցված չէ, ներառյալ՝ ԳՇ պետի։ Նորմա՞լ է սա այն իրավիճակում, որում գտնվում ենք։

- Դժվար է պատասխանել, կարծում եմ՝ ցանկացած ժամանակ կարելի է աշխատել։

- Բայց այդ պայմաններում ինչպե՞ս աշխատեն։

- Իմ սուբյեկտիվ կարծիքը հետեւյալն է, որ ազնիվ չէ։

- Այսինքն՝ քավության նոխազնե՞ր են, ա՞յդ իմաստով։

- Ընդհանրապես, խնդիրները հստակ չեն առաջադրվում։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, հնարավոր է սխալվեմ, բայց այսօրվա քաղաքական իշխանություններին իմանալով՝ այս տարիների ընթացքում իրենց քայլերը, իրենց թվում ա, թե քաղաքական հայտարարություններով բանակը կարան ղեկավարեն։ Այնինչ բանակը պահանջում է, երբ խնդիրը ստանում է, խնդիրը, այդպես էլ գրված է, չպետք է պարունակի երկմտություն (երկիմաստություն, որը տարընթերցումների տեղիք տա)։ Իսկ այսօրվա քաղաքական գործիչների հայտարարած որեւէ նյութ ոչ միայն երկմտություն, այլեւ բազմամտություն է առաջացնում մարդկանց մոտ։ Ինչքան հիշում եմ՝ 37 կամ 38 հոդվածն է, որտեղ հստակ գրված է, թե հրամանները կամ կարգադրությունները տրվում են հստակ՝ ըստ ենթակայության, եւ երկմտություն չպետք է պարունակեն։ Եթե անհրաժեշտ է, պարզաբանում է արվում, կրկնվում է։ Դրա համար բանակը եւ քաղաքականությունը…, ես մի շարք անգամ հնչեցրել եմ՝ զինվորականը չի կարա քաղաքական գործիչ դառնա, եւ քաղաքական գործիչը չի կարա զինվորական դառնա։

- Բայց կյանքը հակառակը չի՞ ապացուցում, որ լավ էլ քաղաքական պրոցեսներով են կարգավորվում։

- Եթե քաղաքական գործիչն էությամբ քաղաքական գործիչ է ու դառնա զինվորական, վայ էդ բանակին։

- Հիմա բանակի գլխին ունենք մի քաղաքական գործիչ, որին նշանակման պահին, ի դեպ, Դուք գովեցիք։

- Ինքը բանակի գլխին չէ, ինքը պաշտպանության նախարարն է։ Եվ գովում ենք համեմատության մեջ, որ այս իշխանության մեջ ամենից ադեկվատ մարդն ինքն ա։