Քաղաքացիները գանձապետարան են վճարել 24 միլիոն 600 հազար դրամ

Քաղաքացիները գանձապետարան են վճարել 24 միլիոն 600 հազար դրամ

Ռազմական դրությանը զուգահեռ, երկրում պահպանվում է կարանտինը։ Հայաստանում շարունակվում է պայքարը կորոնավիրուսային հիվանդության դեմ։ Առողջապահության նախարարության ամենօրյա հրապարակած տվյալների համաձայն՝ վիրուսակիրների թիվը բավականին մեծ է։ Դիմակ կրելը պարտադիր է թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, չկրելու դեպքում քաղաքացիները շարունակում են տուգանվել 10 հազարական դրամով։

Մենք ոստիկանություն հարցում էինք ուղարկել՝ հասկանալու, թե այս պահի դրությամբ քանի քաղաքացի է տուգանվել պարետի որոշումը չպահպանելու համար, եւ նրանցից քանիսն են  բողոքարկել տուգանքը։

Ըստ հարցման պատասխանի՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով կայացվել է 126.517 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, իսկ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.4 հոդվածի 10-րդ մասով՝ 6051 որոշում։

Իրավախախտումների համար նշանակված տուգանքները վճարվում են գանձապետական համապատասխան հաշվեհամարներին։

ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում։

Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի առաջին մասով կամավոր կատարման համար սահմանված ժամկետի անցնելուց հետո։

Ոստիկանությունից մեզ նաեւ փոխանցել էին, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3 և 182.4 հոդվածներով նախատեսված զանցանքների համար կայացված որոշումներով կատարվել է 24.660.000 ՀՀ դրամի չափով վճարում։
Բողոքարկված վարչական ակտերի վերաբերյալ առայսօր ՀՀ ոստիկանությունում հարուցվել է 2735 բողոքարկման վարույթ, և թվով 735 որոշում բողոքարկվել է ՀՀ վարչական դատարանում։