Գագիկ Մելքոնյանին հայհոյելու համար Արարատ Խանդոյանը պատասխանատվության չի ենթարկվի

Գագիկ Մելքոնյանին հայհոյելու համար Արարատ Խանդոյանը պատասխանատվության չի ենթարկվի

«Սասնա ծռերի» զինված խմբի անդամ «Միայնակ գայլի» եղբորը՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ.-ի փետրվարի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում՝ այդկերպ ծանր վիրավորանք հասցնելով վերջինիս: 

Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծանր վիրավորանքը։  

Արարատ Խանդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ։

Մենք տեղեկացանք, որ դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու եւ վարույթը կարճելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Որոշման մեջ նշված է. «Արարատ Եզնիկի Խանդոյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության հիմքով:

Արարատ Խանդոյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, վերացնել:

Այլ ապացույց ճանաչված փաստաթղթերը պահել քրեական գործում:

Որոշումը օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան մեկամսյա ժամկետում»։