Գնահատականը տալիս է մրցասպարեզը

Գնահատականը տալիս է մրցասպարեզը

Մեծ սպորտի սիրահարներն անցած ամռանը հրճվելու բազում առիթներ ունեցան։ Մեր շախմատիստները, մարմնամարզիկները, բռնցքամարտիկները, ծանրորդներն ու ըմբիշները միջազգային տարբեր ստուգատեսներում բավականին հաջող ելույթներ ունեցան՝ արժանանալով պատվավոր մրցանակների։ Ուրախալի է, որ իր գոյության մասին վերջապես բարձրաձայնեց նաեւ գնդակախաղը։ Տվյալ դեպքում խոսքը բասկետբոլի մասին է։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը բացառիկ արդյունքի հասավ՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ճիշտ է, մի փոքր տարօրինակ էին հնչում մամուլում տպագրվածն ու հեռուստաալիքներով հաղորդածն այդ մասին` պարզվեց, որ բարձրագույն կոչումը նվաճվել է փոքր երկրների առաջնությունում։ Սա տարօրինակ էր այն իմաստով, որ մարզական ասպարեզներում երբեք չի եղել եւ ոչ էլ կարող է լինել փոքր, հետեւաբար եւ՝ մեծ տարածքներով երկրների մասնակցությամբ առանձին առաջնություն։

Դա բացարձակ աբսուրդ է։ Հենց շարքային մարզասերն այս առումով կարող է պարզ ու տրամաբանական հարց տալ` եթե խոսքը փոքր երկրների մասին է, ապա ինչո՞ւ հիշյալ մրցաշարում բնավ չերեւացին նույնպես փոքր համարվող մերձբալթյան երկրների կամ, ասենք, Իսրայելի, Բելգիայի, Վրաստանի թիմերը։ Բանն այն է, որ այդ երկրների բասկետբոլիստները հանդես են գալիս, սակայն ուժեղների` A եւ B խմբերում, եւ հենց միայն այս փաստը գալիս է հաստատելու, որ փոքր ու մեծ երկրների առանձին մրցումների անցկացումն անհեթեթ հասկացություն է։ Իրականությունն այն է` ավանդաբար հասուն վարպետությամբ աչքի ընկնող, ինչպես ընդունված է ասել` պստիկ, բայց ճստիկ թիմերն օրինական իրավունք են ստանում մրցել մեծ հեղինակություն վայելող զորեղ թիմերի հետ։ 

Լրագրողական հետաքրքրասիրությունն էլ թույլ տվեց պարզել, որ Եվրոպայում 2011 թվականից բասկետբոլի C, հասկանալի է, համեմատաբար թույլ համարվող խումբը վերանվանվել եւ հնչում է այսպես. Եվրոպայի առաջնություն՝ առավել ցածր վարկանիշ ունեցող թիմերի մասնակցությամբ։ Այնպես որ, հարգելի չինովնիկներ, ճիշտ ներկայացրեք վերոհիշյալ մրցումների իրական անվանումը, մի մնացեք անհաղորդ մեծ սպորտում տեղի ունեցող իրադարձություններին, էլ չեմ ասում, որ տեղի ունեցածը կարող է հիշեցնել «փոքրիկ» ինքնախաբկանք։ 

Ֆուտբոլային կյանքում էլ քիչ չէին մեծ ու փոքր ստուգատեսները։ Երեք օր առաջ իր ելույթներն ավարտեց աշխարհի կանանց 2023 թվականի առաջնության ընտրական մրցափուլին մասնակցած Հայաստանի հավաքականը: Մասնակցեց, ավաղ, զուտ ձեւական, ավելի ճիշտ` բացարձակ անպատրաստ՝ այն աստիճանի տկարություն դրսեւորելով, որ բոլոր 10 հանդիպումներից պարտություններ գրանցված միայն մեկում` Կոսովոյում մենմիակ գոլը գրանցվեց մեր օգտին։ Սակայն շուտով պարզվեց, որ դա էլ դաշտի տերերի կոպիտ սխալի հետեւանք էր` ինքնագոլ։ Առավել ամոթալի ցուցանիշ դժվար է պատկերացնել, եթե նկատի ունենանք նաեւ բաց թողած գոլերը։ Ձեզ ենք ներկայացնում մեր հավաքականի կողմից ամբողջ մրցաշարը տապալած գոլային խայտառակ պատկերը. Ալբանիայի թիմի հետ` 0:5, 0:4, Նորվեգիայի` 0:10, 0:10, Լեհաստանի` 0:1, 0:12, Կոսովոյի` 0:1, 1:2, Բելգիայի` 0:19, 0:7։

Ակամա հարց է ծագում` սա՞ է մեր ընտրանին։ Այս եղկելի վիճակը խիստ տագնապալի ահազանգ է, լուրջ քննարկում եւ կոնկրետ հետեւություններ անելու պահանջ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել եվրագավաթների խաղարկությունների մասնակից մեր առաջատար համարվող թիմերի մասին։ Այդ չորս ակումբներից երեքը` «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» եւ «Արարատը», հանդես եկան Կոնֆերենցիաների լիգայում եւ մրցումներից դուրս մնացին՝ առաջին իսկ արգելքն անկարող լինելով հաղթահարել։ Իսկ «Փյունիկը» վստահ սկսեց Չեմպիոնների լիգայում իր ելույթները՝ տանելով երկու հաղթանակ, նախ` ռումինական «Կլուժի», ապա` Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» նկատմամբ։ Սակայն, այնուհետեւ, հանդիպելով սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ, անհաջողության մատնվեց եւ ստիպված եղավ տեղափոխվել Եվրոլիգա։ Այստեղ էլ, զիջելով մոլդովական «Շերիֆին», հարկադրված էր եւս մեկ քայլ նահանջել, եւ հիմա նրան սպասում են հանդիպումներ Կոնֆերենցիաների լիգայում։

Արժե որոշ մանրամասներ հիշեցնել «Շերիֆի» հետ շատ ծանր պատասխան մենամարտից (երեւանյան հանդիպման ժամանակ գոլ չէր գրանցվել): Այս առիթով տեղին է բերել մեր թիմի ավագ մարզիչ Եղիշե Մելիքյանի խոսքերը. «Մեր խնդիրն է՝ մեռնել կամ հաղթանակ տանել…»: Փառք Աստծո, ոչ ոք չմահացավ, թեեւ, ցավոք, հաղթանակ էլ չգրանցվեց։ Եվ այս դեպքից հետո մեր թիմի եւ ակումբի ղեկավարները սկսեցին այնպիսի ոգեւորությամբ գովաբանել, ավելին` հպարտանալ «Փյունիկի» ելույթներով, որ ակամա մտածեցի` արդյոք մեր լեգենդար «Արարատն» արժանացե՞լ էր նման հիացմունքի, երբ 1974 թվականին Չեմպիոնների գավաթի համար պայքարի քառորդ եզրափակչում մրցելով հանրահայտ «Բավարիայի» հետ, Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ զիջելով այդ մրցաշարի ապագա հաղթողին (0:2), իսկ պատասխան խաղում կարողացավ հաղթել մրցակցին (1:0)՝ ռեւանշի հասնելով մի թիմի նկատմամբ, որի կազմում հանդես էին գալիս աշխարհի հինգ չեմպիոններ…

Խոսք չկա, «Փյունիկի» ֆուտբոլիստներն էլ ջանք ու եռանդ չխնայեցին առաջադրանքը կատարելու համար, միայն թե ափսոս, որ տեխնիկական նուրբ վարպետության, սուր գրոհների պակասը թույլ չտվեց հասնել նպատակին։ Անկարելի է նաեւ չնշել, որ այդ որոշիչ ու վճռական մրցամարտի գլխավոր իրադարձությունները հիմնականում ծավալվեցին մեր թիմի կիսադաշտում, եւ այդ ամենի վկայությունը տասնմեկ անկյունային հարվածներն էին։ Տեխնիկական խոտանն էլ առավել հաճախ զգացնել էր տալիս հատկապես երկար, ավելի շատ` անհասցե փոխանցումների ժամանակ, մյուս կողմից էլ՝ սուր ու վտանգավոր կոմբինացիոն գրոհները գրեթե բացակայում էին, ապացույցը` ընդամենը երկու դիպուկ հարված մրցակցի դարպասի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է երկժամյա գոլազուրկ խաղից հետո նշանակված 11 մետրանոց հարվածներին, ապա այդ կարգի վճռորոշ մրցության ժամանակ, ավաղ, գրանցվեց հիրավի անսպասելի հակառեկորդ` մեր ֆուտբոլիստների վեց փորձերից չորսն անփույթ էին ու ապարդյուն, ինչը դժվար էր երեւակայել։ Անկարելի է չհիշեցնել եւս մեկ խոսուն փաստ` Երեւանում «Փյունիկը» եվրոգավաթների վիճարկության ծրագրով անցկացրեց չորս խաղ, այլ կերպ ասած` ընդհանուր հաշվով մրցեց վեց ժամ, ստանալով հանդիսականների աջակցությունը, մեր չեմպիոնը, այդուհանդերձ, ի վիճակի չեղավ կատարել գեթ մեկ գոլային հարված…

Այնպես որ, մեր թիվ մեկ թիմի ցուցադրած խաղի որակով կարելի է ինչ-որ չափով գոհ լինել, սակայն, ինչ խոսք, ո՛չ հպարտանալ։ Դրա փոխարեն ճիշտ կլինի լուրջ ու բազմակողմանի հետեւություններ անել, դասեր քաղել թույլ տված սխալները նվազեցնելու, հատկապես գրոհների արդյունավետությունը բարձրացնելու հարցերում։ Մանավանդ որ «Փյունիկին» սպասվում է նոր լուրջ ստուգատես Կոնֆերենցիաների լիգայում։

Այստեղ մեր չեմպիոնի առաջին մրցակիցներն են Շվեյցարիայի «Բազելը», Սլովակիայի «Սլովանը» եւ Լիտվայի «Ժալգիրիսը»։ Իսկ մեկնարկային խաղը Հայաստանի ֆուտբոլիստներն անցկացրին անցած հինգշաբթի` Բազելում։ 3:1 հաշվով հաղթեցին դաշտի տերերը։ Խմբի մյուս զույգի` «Սլովանի» եւ «Ժալգիրիսի» մրցամարտում դարպասները մնացին անառիկ։

Միսակ Նազարյան