Մի բրթիր, որ քեզ չբրթեն

Մի բրթիր, որ քեզ չբրթեն

Փաշինյանի «դուխի» մասին առասպելներ են պատմում: Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ նրա հանդիպումը նայե՞լ եք: Բա հիմա ինչպե՞ս չասես, որ նա հզոր «դուխ» ունի: Ասում է՝ բոլոր այն գեներալներին, ովքեր բանակից գողացել են, բռնելու եմ: Բանակի ամենամեծ գողն էլ՝ Վաղոն, կողքին նստած: Ո՛չ ամոթ, ո՛չ աբուռ: Վաղոն էր անգամ խնդմնդում քթի տակ: Փոխարենը Վլադիվոստոկի հայերը բերանները բաց լսում էին այդ բարբաջանքն ու մտքով ըմբոշխնում գեներալներին բռնելու գալիք տեսարանները: Առհասարակ, Հայաստանն ու հայերին «քցելու» գործը Նիկոլը լավ է կատարում օտար երկրների հայ համայնքներում: Էն ո՞ր երկրում էր, կարծեմ՝ Ղազախստանում, էլի «դուխի» գործ էր բացվել, եւ նա հայաստանցիներին մեղադրում էր աշխատել չսիրելու մեջ, ասում էր՝ լոդր են, ձեռներեց չեն, աշխատանքից հրաժարվում են, որ «Փարոս» ստանան:

Վլադիվոստոկում էլ, ահա, հայտարարում է, որ պատերազմն այլ ելք կունենար, եթե… Ու սկսում է գեներալ բռնելու մուղամը: Երեւի մտածում է՝ գյուղ տեղ է, մարդիկ շատ չեն հասկանում, թե ինչ է նշանակում գեներալ բռնելը: Վաղոն, իհարկե, հասկանում է, բայց Վաղոն հո չի՞ ասի՝ արա, դու ո՜ւր, գեներալ բռնելն ուր… Սապոգը կքաշեն գլխիդ՝ չես էլ իմանա ինչ եղավ: Եվ ո՞րն է Փաշինյանի «դուխը»՝ կհարցնեք: Միանգամից ասեմ՝ նա խոսելիս չի մտածում, ասում է այն, ինչ գալիս է լեզվի ծայրին: Իսկ նրա լեզվի ծայրին միայն պոպուլիզմ կա, որ լավ աշխատում է գրեթե ամենուր, հեռավոր երկրներում՝ առավել եւս: Այդ հանդիպումից հետո Փաշինյանը Հեռավոր Արեւելքի հայ համայնքում դեռ երկար կհիշվի որպես գեներալ բռնող, հսկա ջարդող, վագր քշող վարչապետ, իսկ ավելի ճիշտ՝ «դուխով» տղա:

Իսկ ահա հայաստանցիներս գիտենք, որ գեներալների հետ Փաշինյանի ամենամեծ բախումը 2021թ. փետրվարի 25-ին էր՝ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո, երբ թվում էր, թե իշխանափոխությունն այլեւս ժամերի հարց է: Ինչ-որ աներեւույթ ձեռք, սակայն, գեներալներին հետ պահեց իրավիճակը սրելու հետագա քայլերից, ու Փաշինյանի «դուխը», որ փակվել էր կառավարության տան զուգարանում, կրկին դուրս «հելավ» ու սկսեց իրեն ուտել: Թե ում ձեռքն էր դա, մենք դեռ կիմանանք, իսկ մինչ այդ Փաշինյանը հնարավորություն կունենա սեւացնելու Հայոց բանակն ու հայ գեներալներին, քաշքշել նրանց, բռնել, բաց թողնել, պատերազմի առանց այն էլ պղտոր ջուրն այնպես պղտորել, որ այլեւս հնարավոր չլինի պարզել իսկական մեղավորներին:
Նույնակա՞ն են, արդյոք, Նիկոլի «դուխն» ու քաջությունը: Ես կասեի՝ այստեղ նույնիսկ վեճ չկա: Փաշինյանի «դուխի» մասին կարելի է առասպելներ պատմել, բայց նրա քաջության մասին պատմող որեւէ աղբյուր գոյություն չունի: Մենք հետ գնացինք մինչեւ 1975 թվականի հունիսի 1-ը եւ ոչինչ չգտանք: Միայն ՔՊ-ի քերթողահայր Սուրեն Պապիկյանի նկարագրած դրվագներից մեկում կա այսպիսի վկայություն. «Եվ նա մագլցեց ի փշալարն եւ պատառոտեց զձեռն յուր, եւ շատ արյուն ծորաց նորա մատից… Եվ այդ պահին օգնության հասան ճերմակաթեւ հրեշտակներն ու բժշկեցին զմատ նորա կարեվեր»: Գուցե միայն ես եմ այդպես մտածում, բայց ինձ թվում է, որ այս դրվագը ոչ թե այդ մարդու քաջության, այլ ինքնավնասման հակումների մասին է խոսում: Քանզի ոչ թե փշալարն էր հարձակվել նրա վրա, այլ ինքը՝ փշալարի:

Փաշինյանն իր քաջությունը դրսեւորելու հիանալի շանս էր ստացել 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը։ Պետք էր քաջություն ունենալ եւ հեռանալ: Ավաղ: Մեր բոլոր մտավախությունները, որ Փաշինյանն ու քաջությունն անհամատեղելի են, իրականություն դարձան: Նա մնաց… Ավելի ճիշտ կլինի ասել՝ նրան պահեցին աներեւույթ ուժերը, քանզի կապիտուլյացիայի թղթով ամեն ինչ չէ, որ վերջանում էր, եւ նրանց պետք էր մեկը, որ Հայաստանի պարտությունը շարունակական դարձներ: Նիկոլից լավին այդ գործի համար չգտան ու նրան հրահանգեցին՝ «դուխով» առաջ:

Արդեն 4,5 տարի է՝ Նիկոլն է ղեկավարում Հայաստանը: Սա անժխտելի փաստ է, ինչպեսեւ այն, որ շատ վատ է ղեկավարում: Միմյանց կողքի շարեք բոլոր այն հոդվածները, որոնցով կարելի է դատել այդ դուրսպրծուկին, եւ մի ամբողջ գիրք կստացվի: Սա էլ է փաստ: Հենց միայն այն, որ ոչ ոք չգիտի, թե ով է բերել նրան, արդեն իսկ քրեական թեմա է: Եվ այդ թեման 2018 թվականից չէ, որ բացվել է: Նիկոլն իր 20-ամյակը դեռ չէր բոլորել, երբ նրան քաղաքականության մեջ բրթել սկսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Որ տեսան՝ Լեւոնը բրթում է, ՀՀՇ-ն էլ բրթեց, ավելի ուշ՝ ՀԱԿ-ն էլ: 2008-ին նույնիսկ Ալիկ Արզումանյանն էր «դուխ» տալիս ու բրթում ապագա ազգակործան պատուհասին: 2008-ից հետո Նիկոլին բրթելու հերթը հասավ Սերժ Սարգսյանին: Պարոն նախագահն ու ՀՀԿ-ի գործընկերներս թող չնեղանան, բայց դա եւս փաստ է: Սերժ Սարգսյանի «երկխոսացրած» ՀԱԿ-ի հայտնվելը խորհրդարանում ասվածի վառ վկայությունն է: Իսկ որտեղ ՀԱԿ-ը, այնտեղ էլ 2008-ի «հերոս» Նիկոլը, որին Սերժ Սարգսյանն ազատություն էր շնորհել համաներումով: Ավելի ուշ Նիկոլի «Ելք» դաշինքը մտավ քաղաքապետարան: Ի՞նչ իմանամ, Տարոն Մարգարյանը չէ՞ր բրթում, արդյոք, Նիկոլին, թե՞ այդ ծանր գործը Սերժ Սարգսյանը միայնակ էր անում: Մի խոսքով՝ Նիկոլն իրեն առաջ բրթողների պակաս չի ունեցել: Երբ 2021թ. փետրվարի 25-ին գեներալները բունտ արեցին ու պատրաստ էին «հավաքելու» Նիկոլին, վերջինիս սկսեցին բրթել Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը: Ուշադրություն դարձրեք, խնդրում եմ՝ պատերազմում խայտառակ պարտություն կրած երկրի նախագահն ապաստանել է հեռավոր Անգլիայում, իսկ Էդմոնը կարեւոր պաշտոն է ստացել Նիկոլի կառավարությունում: Իսկ հիմա ասվածն ընդհանրացնող մի հարց՝ ես ինչո՞ւ ամբողջ կյանքումս պաշտոն չեմ ունեցել: Պատասխանն ավելի քան պարզ է՝ ո՛չ ինձ են բրթել, ոչ՛ էլ ես եմ որեւէ մեկին բրթել քաղաքական իմաստով:

Ամփոփենք: Վերեւում խոսեցինք Նիկոլի «դուխից», քաջության հետ Նիկոլի անհամատեղելիությունից եւ Նիկոլի՝ Հայաստանի ղեկին 4,5 տարի մնալու առեղծվածից: Կարծեմ՝ ոչ մի նոր բան չասացի, մինչեւ ինձ էլ շատերն են խոսել այդ ամենի մասին: Այդուհանդերձ, ինձ թվում է, որ մի քար էլ դրվեց այն հանրահայտ եզրակացության պատին, որ այս խայտառակ իշխանությունը պետք է հեռացվի եւ հնարավորինս արագ: