Շատ սուր քննադատության եմ ենթարկել նաև Հանրապետական կուսակցությանը, բայց ինձ դատի չեն տվել

 Շատ սուր քննադատության եմ ենթարկել նաև Հանրապետական կուսակցությանը, բայց ինձ դատի չեն տվել

Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ դատի է տվել իր մարզի բնակիչներից մեկին՝ իրեն զրպարտելու համար։ Պետրոսյանը կոնկրետ չէր նշել, թե ում է դատի տվել, սակայն «Հրապարակին» հաջողվեց պարզել, որ մարզպետը դատական հայց է ներկայացրել Կոտայքի  նախկին մարզպետի՝  Կարապետ Գուլոյանի օգնականին՝ Հերմինե Ադամյանին՝ իր ֆեյսբուքյան էջում Կոտայքի նոր մարզպետի գործունեությանը պարբերաբար անդրադառնալու համար։

Մեզ հետ զրույցում, պատասխանելով մարզպետի այն պնդումներին, որ Ադամյանը իրեն զրպարտում է, ասաց․ «Նախ խոսք է գնում իմ ֆեյսբուքյան էջի մասին, որը գործում է 2009 թ-ից,  և ունեմ ընդամենը 600 ընկեր: Պաշտոնապես հայտարարում եմ` երբևէ որևէ լրատվական կայքէջ, որևէ գրառում իմ էջից չի վերցրել ու տարածել, բայց այդ պաշտոնյան հայտարարում է, որ իմ գրածները տարածում են «ծախու լրատվականները»: Ես սա ընկալել եմ անհիմն մեղադրանք պաշտոնյայի կողմից: Էջս իմ օրագիրն է` իմ մտորումներով, կարծիքով, քննադատություններով, վրդովմունքով, ծիծաղով հանդերձ: Այդ 68 դրվագները, որով մեղադրել են ինձ, ապշելու է: Շուտով կհամոզվեք ինքներդ: Այս գործի քննության ավարտը մեկ առումով է կարևոր լինելու: Ես չեմ ուզում կանխավ ենթադրություններ անել, բայց կարծում եմ, որ սա նախադեպ ստեղծելու փորձ է: Ի դեպ, այնքան աննշան է էջս եղել, որ որևէ դրվագի դեպքում, երբևէ պատասխան չեմ ստացել մարզպետից: Արձագանքն եղել է միայն անանուն օգտատերերի կողմից ու հնարավորինս գռեհիկ»: 

-  Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ մարզպետը որոշել է Ձեզ հետ հարաբերությունները պարզել դատարանի միջոցով։ 

- Հավանաբար ինքն ավելի լավ գիտի: Ես կարծում եմ, այս պաշտոնյայի համար հաճելի չէ հանրային հսկողությունը և դրանից ազատվելու լավագույն միջոցը նախադեպ ստեղծելն է:

 - Որևէ հին հաշիվներ ունե՞ք Ռոմանոս Պետրոսյանի հետ պարզելու։ 

- Գիտեք, մի հարցազրույցի մեջ նա նշել է, որ անունս չի տալիս ինձ որոշակի քաշ չհաղորդելու համար: Այսինքն՝ ինքը ղեկավար է, իսկ ես հասարակ մարդ, կամ իր ասած «նախկին ռեժիմի» ներկայացուցիչ: Թող այդպես լինի: Ես չեմ հրաժարվում, որ աշխատել եմ նախորդ իշխանությունների օրոք, բայց ծիծաղելի է համակարգի խնդիրների համար ինձ մեղադրելը: Ես սովորական աշխատող էի, որ ամեն պահի կարող էի աշխատանք կորցնել, ինչպես շատերը: Ու այնպես չէ, որ ինձ ամեն ինչ շատ հեշտ է տրվել: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ ուսուցչից, այնուհետև եղել եմ կառույցի տնօրեն, Աբովյանի քաղաքապետարանում բաժնի պետ, հետո աշխատանքի եմ հրավիրվել Կոտայքի մարզպետարանում: Միշտ էլ կարևորել եմ պետական մտածելակերպը և դրա հետ միաժամանակ, այդ նույն ֆեյսբուքյան էջումս բազմաթիվ անգամ շատ սուր քննադատության եմ ենթարկել իշխող Հանրապետական կուսակցությանը, բայց դատի չեն տվել: Հավելեմ, եթե կա հին հաշիվ, դա կարող է ինքն ունենալ: Թեև նույն քաղաքում ենք ապրում, բայց շատերի պես ես էլ նրան չեմ ճանաչել: 

- Պատրաստվո՞ւմ եք հակընդդեմ հայց ներկայացնել դատարան։ 

- Այո: Տպավորություն ունեմ նաև, որ վերոնշյալ անձը սկսել է պաշտոնյային ոչ վայել բառապաշարով, ուղղորդումներով և մեղադրանքներով հրապարակումներ անել: 

-  Դուք մարզպետի օգնական եք եղել, Պետրոսյանը Ձեզ ազատե՞լ է աշխատանքից, թե՞ Ձեր դիմումի հիման վրա եք ազատվել։ 

- Հորդորել է միջնորդով, բայց այնպես չէ, որ այդտեղ վատ բան եմ տեսնում: Ես եղել եմ նախորդ մարզպետի օգնականը, զբաղեցրել եմ հայեցողական պաշտոն: Ինքս եմ գրել ազատման դիմումը: 
  
- Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ շանսեր ունի մարզպետը դատը շահելու։ 

- Ի տարբերություն մարզպետի, ես դիտարկում չեմ ուզում անել: Կարծում եմ, այդ վճիռն իմ կյանքում բան չի փոխելու, այն փոխելու է իմ համաքաղացի, իմ մարզպետի կյանքը: 

-  Հնարավո՞ր է Ձեր և մարզպետի միջև հակասությունները կարգավորվեն հաշտության միջոցով։ 

- Այս նույն պարբերականով, մարզպետը հայտարարեց, որ գնալու է մինչև վերջ, վստահ է, որ հաղթելու է դատը: Տպավորություն է, որ դատարան գնալ պետք չէ, արդեն կա դատավճիռ: Ես որևէ մեկի հետ անհաշտ չեմ, եթե նա նկատել է անհաշտություն կարող էր հրավիրել ինձ (ոչ միջնորդներով) և պարզեր խնդիրը: Անկախ ամեն ինչից, ես իր մարզի բնակիչն եմ և դատի է տվել իր մարզի բնակչին: Առիթը բաց չթողնելով ևս մեկ անգամ հիշեցնում եմ պաշտոնյային, որ պետք չէ սլաքներ փնտրել և կապել ինձ քաղաքական կենտրոնների հետ, եթե այդպես լիներ, կարծում եմ վաղուց իմ հարցը լուծել էիք: Հավատացեք, շատ եք լրջացնում և կարևորում Ձեր քայլը: