Եթե ամեն մի գործ սկսեն նորից քննել, կհայտնվենք տեղապտույտում

Եթե ամեն մի գործ սկսեն նորից քննել, կհայտնվենք տեղապտույտում

Թավշյա հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց  սահուն քաղաքական օրակարգ ներթափանցեց Հոկտեմբերի 27-ի թեման։ Ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով՝ տարբեր անհատներ պահանջում են, որ նոր իշխանությունները հետամուտ լինեն Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը։

Վերջերս Հոկտեմբերի 27-ի թեմայի շուրջ խոսակցություններ սկսեցին ծավալվել  պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝  սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հայտնի նամակից  հետո։ 
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը 1999թ․ հոկտեմբերի 27-ին, ոճրագործության պահին եղել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում, որպես լրագրող լուսաբանում էր ԱԺ աշխատանքները։

Հետաքրքրվեցինք, թե իրատեսակա՞ն է  իրավապահ մարմիններին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման պահանջ ներկայացնելը, ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ։
«Անկեղծ ասած՝ Վահան Շիրխանյանի նամակն ինձ վրա զգայական տպավորություն թողեց։ Ես հասկանում եմ՝ Շիրխանյանը կարդացել է Ռոբերտ Քոչարյանի գիրքը։ Ես էլ եմ կարդացել։ Եվ դրանից զայրացած՝ Շիրխանյանը խոսում է այն փաստերի մասին, որոնց իսկությունը դժվար է ապացուցելը։ Այնտեղ հնչում են բառեր, արտահայտություններ, որոնք վիրավորական են։ Ես կարծում եմ, որ քաղաքական- իրավական հարթությունում պետք է բացառել փոխադարձ վիրավորանքները, զգայական գնահատականները։ 
Նարինե Դիլբարյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նամակի հրապարակումից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել, որ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է եղել։ 

«Համենայնդեպս՝ հաստատվեց, որ Նաիրի Հունանյանը դիտարկվել եւ ուսումնասիրվել է ԱԱԾ-ի կողմից։ Իսկ դա կարեւոր փաստ է։ Եվ եթե այս գործն ուսումնասիրվի ավելի խորությամբ, քննվեն այն մարդիկ, որոնք ուղղակի կուրատորն են եղել Նաիրի Հունանյանի, ավելի շատ թելեր կարող են բացահայտվել»,- ասաց Նարինե Դիլբարյանը։
Ինչ վերաբերում է Շիրխանյանի նամակում հիշատակված փախստականներին, որոնց իբր Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել տեղավորել Արցախում, այդ մարդիկ էլ թողել, գնացել են, ապա, Դիլբարյանի կարծիքով, դա դժվար ապացուցելի է։ 

Նրա կարծիքով՝ պետք չէ անընդհատ նոր գործեր ավելացնել մեր իրավապահ համակարգի ուսերին՝ հիշելով ինչ-որ բաներ։ 
«Եթե ամեն  մի գործը  նորից քննեն, քննարկեն, կհայտնվենք մի տեղապտույտի մեջ։ Ամեն հիշելու բան չէ, որ պետք է այս պահին բարձրաձայնել, որը պետք է հիմք դառնա քննչական մարմինների համար՝ նոր քննություն ծավալելու համար։ Իրավական դաշտում պետք է ներկայանալ հիմնավոր ապացուցողական բազայով։ Իսկ ներքին հակամարտությունը, մարդկանց՝ իրար սիրել-չսիրելը իրավական քննարկման ենթակա հարց չէ։ Եկեք ընդունենք, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը Հոկտեմբերի 27-ից հետո համաձայնեց դառնալ վարչապետ, եւ ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատեց։ Իսկ որ նրանց միջեւ կային ակնհայտ հակասություններ, դա էլ է բնական։ Քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի շահերը բախվում էին։ Բայց դրանից չի բխում, որ նրանք կարող էին իրար ոչնչացնել։ Այսինքն՝ երեւույթների ամրագրումը մի կողմի տեսանկյունից սխալ է»,- նշեց մեր զրուցակիցը։