Պատգամավորից մինչև հարսանյաց հանդիսավարներ

Պատգամավորից մինչև հարսանյաց հանդիսավարներ

Երեկ Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուների առաջադրման վերջին օրն էր։ 30 դիմում էր ներկայացվել մրցութային հանձնաժողովին՝ թեկնածուների աննախադեպ քանակ, որը երբեք չի եղել Բաղրամյան 26-ում կանխորոշված մրցույթներում։ Ամենատարբեր մասնագետներ են թեկնածուները՝ թանգարանների ղեկավարներից (Դավիթ Սարգսյան) մինչեւ ազատամարտիկների կանայք (Իրինա Բարսեղյան), նախկին պատգամավորներից (100 կուսակցություն փոխած Ռուբեն Հակոբյան) մինչեւ կանանց իրավունքների պաշտպան (Զարուհի Հովհաննիսյան)։ Ով գոնե մի հաղորդում է արել ռադիոյում, մի երգ է երգել, մի անգամ հյուր է գնացել ռադիո, ով կյանքում մի հրապարակված հոդված ունի ցանկացած թեմայով՝ քաղաքականից մինչեւ սեքս, ով մի երկու պայթուցիկ է տրաքացրել սերիալի նկարահանումների ժամանակ, ուզում է Հանրային ռադիոյի տնօրեն դառնալ։ 

Թեկնածուների թվում կան նաեւ ռադիոյի եւ հեռուստատեսության ներկա եւ նախկին աշխատողներ։ Օրինակ, խորհրդային ժամանակից լրագրող-հեռուստամեկնաբան, մասնագիտությամբ հայոց լեզվի ուսուցիչ Վարդգես Ավետիսյանը, առանց որի դժվար է պատկերացնել հայկական եթերը, ռադիոյի նախկին տնօրեն Ստեփան Զաքարյանը, որը ժամանակին անկախ հայացքներ ուներ, իսկ վերջին տարիներին խորհրդի անդամ է։ Կամ՝ լեգենդար Ալեքսանդր Սայադյանը, որն արդեն 70 տարեկան է, հեռուստառադիոմեկնաբան եւ հանդիսավար Տիգրան Հարությունյանը, ով 30 տարի կապված է այս հիմնարկի հետ։ Նա իր գլխավոր անելիքը համարում է ինտերակտիվ ռադիո ստեղծելը։ «Ռադիոն պետք է դառնա 24 ժամ ինտերակտիվ հանրային տեղեկատվական հարթակ, որը կմիավորի Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը եւ Սփյուռքը: Իմ ծրագրի կարեւոր դրույթներից են տեխնիկական վերազինումը, ռադիոեթերի վիզուալիզացիան, ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, կառույցի հանրայնացումը»,- ասաց նա մեզ: Տիգրան Հարությունյանի օգտին ստորագրահավաք են անում հին աշխատողները, ինչի շնորհիվ ռադիոյի տնօրենի ընտրությունը նաեւ գյուղապետի ընտրություն է հիշեցնում։ 

Մյուսներն ավելի համեստ են ու ակցիաների չեն դիմում, օրինակ՝ հաղորդավար, երաժիշտ, ռադիոյի հին ու բարի աշխատող Վահե Հայրապետյանը։ Ոմանք էլ, ինչպես պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը, ունեն պաշտոն եւ թեկնածու են գրանցվել ծածուկ՝  վերջին օրը, աղմուկից խուսափելու համար։ Հռիփսիմեն «Ռադիոլուրի» տնօրենն է եղել, աշխատել է հեռուստատեսությունում, իսկ ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավոր էր առաջադրվել ԲՀԿ ցուցակով։ Ռադիոյի ոլորտում կառավարման փորձ ունի նաեւ Լիլիթ Մելքոնյանը՝ Հ 2-ի «Ինչ է ուզում կինը» հաղորդման հեղինակը, ով սկսել է 1992 թվականին, ռադիոյից։ «Երիտասարդություն» ծրագրի եւ «Պատուհան» ստեղծագործական խմբի ղեկավարներից է եղել, «Ուրբաթ՝ այս ժամին» ռադիոնախագիծն է վարել, «Սեկտոր Պրո» հաղորդումը եւ քաղաքապետ Վանո Սիրադեղյանի լրատվական բաժնի պետն է եղել, ապա՝ խորհրդականը։

«Ռադիոն միշտ ունեցել է իր բրենդը՝ «Հայկական ռադիո»,- ասում է Լիլիթը՝ պատասխանելով հարցին, թե որն է համարում ռադիոյի տնօրենի հիմնական անելիքը։- «Հայկական ռադիո» արտահայտությունը ճանաչում էին անգամ այն երկրներում, որտեղ Հայաստանը ճանաչելի չէր։ Մենք արհեստականորեն մեր ռադիոն վերածեցինք արխիվի։ Ես սա եմ փոխելու։ Ռադիոյի շենքը հիմա հրաշալի վիճակում է՝ նորաոճ ու ֆունկցիոնալ, բայց եթերը տխուր է եւ հնաոճ։ Պրոֆեսիոնալների թիմ կա ռադիոյում, բայց խնդիր դրված չէ։ Ես դնելու եմ այս խնդիրը՝ լինել լրատվամիջոց, որն ունեցել է ասելիք 90 տարի առաջ (վկայությունն է հարուստ ձայնադարանը) եւ ունի նաեւ այսօր։ Այս «այսօրի» համար, կարծում եմ, կարող եմ իմ ուժերն օգտագործել»։ 

Թեկնածուների թվում կան կառավարման փորձ ունեցողներ, որոնք առնչություն չունեն ռադիոյի հետ՝ Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը, որը ներկայում Սարդարապատի թանգարանի փոխտնօրենն է։ Լեզվաբան, լեզվի պետական տեսչության նախկին պետ, մոտ 70 տարեկան Լավրենտի Միրզոյանը։ Նրա ընտրվելու դեպքում եթերում երաշխավորված է լինելու «ճռճռան», «գերգրագետ» հայերենը։ Ի դեպ, FM-ներից 106․5-ի ղեկավար Կորյուն Խումարյանի որդին՝ Գարեգին Խումարյանը եւս կա ցանկում։ Թեկնածուների թվում են նաեւ լրագրողներ Անուշ Դաշտենցը՝ «Հրապարակից», «Շանթ» TV-ից՝ Դիանա Հարությունյանը, Հայկ Հովհաննիսյանը՝ Հ1-ից, Վրույր Թադեւոսյանը՝ «Երկիր մեդիայից», Արման Գալոյանը՝ «Ժողովուրդ» թերթից։ 

Կինոաշխարհից էլ կան թեկնածուներ՝ ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը՝ Հրանտ Մաթեւոսյանի որդին, կինոպրոդյուսեր Մանվել Մկրտչյանը, «Գործարար մարդիկ» խմբագրության պրոդյուսեր Մամիկոն Չատինյանը, որին Հ1-ում համարում էին կոմերցիոն ժանրի արքա։ Ով ասես, որ չկա այս ցանկում՝ է՛լ պիրոտեխնիկ- պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը՝ Հ1-ի տնօրեն Մարգո Գրիգորյանի «ֆավորիտը», է՛լ Թաթայի պրոդյուսեր Գոքոր Նազարյանը, որը «Շարմից» է եւ եթե ընտրվի, ապա Մարզահամերգայինի ղեկավար Կարեն Ղազարյանից  հետո կլինի «Շարմից» երկրորդ առանցքային պաշտոնյան այս ոլորտում։ Երգիչներ կան՝ Լիլիթ Մակունցի աջակցությունը վայելող Արթուր Իսպիրյանը, երգահան Մարինա Թագակչյանը, որոնց ռադիոն կարող է գայթակղել ընտիր ձայնագրման ստուդիայով։ 

Մարինան երեկ իր զայրույթն է արտահայտել՝ Լավրիկ Միրզոյանին գտնելով թեկնածուների թվում։ «Պարոն Լավրենտի Միրզոյան, ի գիտություն Ձեզ տեղեկացնեմ, որ մրցույթը ո՛չ լեզվի տեսչության եւ ո՛չ էլ Գրողների միության տնօրենի համար է հայտարարված, այլ մի վարչարարական, ստեղծագործական ու առաջ ընթացող կառույցի, որը խնդիր ունի թե կոլեկտիվ պահելու, արդար ղեկավարելու եւ նորարար խոսքով հանդես գալու համայն հայության առջեւ»,- գրում է երգչուհին, որը ռադիոյում Տիգրան Հարությունյանի հետ «Երկիր Մեդիայով» մի երկու հաղորդում վարելուց հետո իրեն իրավունք է վերապահում եթերն իր ոլորտը համարելու։ 

Հավակնորդների թվում է նաեւ մի համակարգչային մասնագետ՝ Մհեր Մարգարյանը։ Լավ է, որ մարդիկ  առաջադրվում են, բայց լավ կլիներ նաեւ, որ թեկնածուներից յուրաքանչյուրը մի պահ կանգներ հայելու առաջ, մենության մեջ ու ինքն իրեն հարց տար․ «Ի՞նչ կապ ունեմ ես ռադիոյի հետ, ի՞նչ եմ տալու հարգելի ռադիոլսողներին»։ 

Նախապես որոշվել էր, որ արդյունքները հայտարարվելու են մարտի 11-ին։ Բայց ակնհայտ է, որ եթե հանեն երկու հանգստյան օրերը, շատ քիչ ժամանակ է մնում ընտրության համար՝ ընդամենը 4 օր։ «Ժամկետը կարող է երկարաձգվել,- ասում է մրցութային հանձնաժողովի անդամներից սցենարիստ, կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը։- Մենք պետք է հասցնենք ֆիզիկապես թեկնածուների հետ շփվել, որ ճիշտ ընտրություն կատարենք, ոչ թե գերի մնանք ժամկետին»։ Հարցին, թե ինչ չափանիշներով է առաջնորդվելու թեկնածուների նման բազմազանության մեջ, նա պատասխանեց․ «Ես անձամբ խոսելու եմ բոլորի հետ»։