Գնդակը խորհրդարանի դաշտում է

Գնդակը խորհրդարանի դաշտում է

Նախօրեին կառավարությունն իր նիստում բացասական եզրակացություն տվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որը ներկայացրել են ԲՀԿ խմբակցության 4 պատգամավորներ (Գեւորգ Պետրոսյան, Դավիթ Մանուկյան, Շաքե Իսայան եւ Իվետա Տոնոյան): Նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որը հնարավորություն կտա ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ աշխատանքային պայմանագրեր կնքել որոշակի ժամկետով կամ աշխատանքային պայմանագրերի ժամկետը կրճատել միայն այն դեպքում, եթե այդ մասին աշխատողը գրավոր միջնորդել է կամ գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն է տվել: 

Օրինակ, եթե բուհում դասավանդողն ընտրվել է ԱԺ պատգամավոր, համատեղության կարգով աշխատելու ժամկետը որոշակի դարձնելու պարտադիր պայման չի առաջանա, այլ  միայն աշխատողի նախաձեռնությամբ: Նշենք, որ ներկայումս  օրենքը թույլ չի տալիս, որ դասախոս-պատգամավորները մեկ դրույքաչափով դասաժամեր ունենան, դրանք ավելի պակաս են։ Իսկ ԲՀԿ-ական պատգամավորները, փաստորեն, առաջարկում են, որ տվյալ անձը որոշի՝ ուզո՞ւմ է նվազեցնել դասաժամերը, թե՞ ոչ։ Եթե, դիցուք, նա գտնում է, որ պատգամավորական աշխատանքի հետ կարող է նաեւ համալսարանում մեկ դրույքով դաս տալ, ու չի միջնորդում պայմանագիրը փոփոխության ենթարկել, ապա բուհն իրավունք չպետք է ունենա դա անելու։

Օրենսգրքի գործող դրույթի համաձայն՝ բոլոր դեպքերում համատեղությամբ աշխատանք կատարողների հետ կնքվում են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր: «Նկատի ունենալով օրենսգրքով սահմանված աշխատողների իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը, ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարավորություն տալ՝ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը»,- կառավարության նիստում ԲՀԿ-ի առաջարկը մերժելիս այս հիմնավորումը ներկայացրեց սոցապնախարար Զարուհի Բաթոյանը:

Սակայն նկատենք, որ անցած գումարման ԱԺ-ում ԲՀԿ-ն առաջարկել էր առհասարակ ոչ միայն քաղաքական ընտրովի, այլեւ քաղծառայողների վերաբերյալ կիրառել այս դրույթը՝ նկատի ունենալով, որ համատեղության պայմանագրերը չհակասեն օրենքով թույլատրվող չափորոշիչներին։ Սակայն այդ ժամանակ ՀՀԿ-ական իրավաբանները հիմնավորեցին, որ քաղծառայողների դեպքում դա ամեն դեպքում հակասություն է առաջացնելու, քանի որ նրանք ունեն օրենսգրքով ֆիքսված աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00։ Մինչդեռ քաղաքական ընտրովի պաշտոն զբաղեցնողները ֆիքսված 8-ժամյա աշխատանք չեն կատարում։

Նախագծի ընդունմամբ, ինչպես նշել են պատգամավորները,  ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքի իրացումը նաեւ համատեղությամբ աշխատողների հետ աշխատանքային փոխհարաբերություններում, ինչը նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի ուղղակի պահանջն է:

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը կառավարության՝ իրենց նախագիծը մերժելու վերաբերյալ նկատեց, որ հիմնավորումը թույլ է․ «Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ նախորդ՝ 6-րդ գումարման խորհրդարանում այս առաջարկն առաջին ընթերցմամբ անցել էր, թեպետ կառավարությունը կրկին մերժել էր: Այնպես որ, կարծում եմ՝ հիմա գնդակը կրկին խորհրդարանի դաշտում է, սպասենք: Իսկ առաջարկը առաջնային թիրախավորել է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքի իրացումը նաեւ համատեղությամբ աշխատողների հետ աշխատանքային փոխհարաբերություններում։ Երկրորդ․ կարծում եմ, որ մեր առաջարկած փոփոխությունը պետք է դիտարկել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համատեքստում նաեւ՝ որպես ընդգծված դրական քայլ այդ ուղղությամբ»։

ԲՀԿ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ փոփոխությունների նախագծով իրենք եւս մեկ անգամ ընդգծել են, որ  համատեղությամբ աշխատանքը պետք է ստորադասվի հիմնական աշխատանքին, որը, բոլոր դեպքերում, քաղաքական պաշտոն է․ «Բացի այդ, կարծում եմ՝ հենց այս պաշտոնները զբաղեցնողները պետք է դառնան պետական աշխատողի համար չափանիշ: Եվ եթե մենք կարող ենք այս մարդկանց տալ հնարավորություն՝ արդար աշխատանքի միջոցով վաստակել որոշակի գումար, որը հնարավոր կլինի համատեղել, բնականաբար, զուգորդելով կամ ստորադասելով հիմնականին, ապա ինչո՞ւ ենք մենք նրանց զրկում այդ հնարավորությունից»: