Վազգեն Մանուկյանը ո՞ր ժամանակ է եղել ընդդիմադիր

Վազգեն Մանուկյանը ո՞ր ժամանակ է եղել ընդդիմադիր

Հանրային խորհրդի անդամներին ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ հղած իր ուղերձին, որտեղ նա՝ որպես վարչապետ, պետության անունից ներողություն էր խնդրել երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար: Փաշինյանը «բացել էր» առավոտյան հնչեցրած խոսքի խորքային իմաստը՝ ընդգծելով, որ ուղերձն ուղղված է նաեւ Վազգեն  Մանուկյանին՝ որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած եւ ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավարի, քաղաքական գործչի։

Հայ ազգային կոնգրեսում Նիկոլ Փաշինյանի այս ոչ թափանցիկ ակնարկն այն մասին, որ Վազգեն Մանուկյանը 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի զոհն էր, բարկացրել է ՀԱԿ անդամներին, որոնք անմիջապես հայտնաբերել ու համացանց էին գցել Վազգեն Մանուկյանի 2010 թվականի հարցազրույցներից մեկը։ Արամ Աբրահամյանի հետ այդ հարցազրույցում Վազգեն Մանուկյանը՝ այն ժամանակ, երբ բանտերում էին Մարտի 1-ի գործով մի խումբ քաղբանտարկյալներ (ի դեպ, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը բանտում էր), հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Մեզ հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանն այս առնչությամբ ասաց․ «Ես, օրինակ, ընդդիմադիր եմ եղել 91-ից սկսած՝ բոլոր իրավիճակներում։ Դաշնակցության մեջ էի մինչեւ 99-ը, հետո, երբ ՀՅԴ-ն եկավ իշխանության, հասկացա, որ սրանց ծրագրերը կեղծիք են, նպատակը միայն իշխանություն մտնելն է, դուրս եկանք, դարձանք ընդդիմադիր։ Բայց Վազգեն Մանուկյանը բոլոր ժամանակներում փնտրել է տաքուկ տեղ, տաքուկ պաշտոն, որպեսզի կարողանա ե՛ւ բարձր աշխատավարձ ստանա, ե՛ւ իր կադրերին տեղավորի, եւ ես հարցնում եմ՝ Վազգեն Մանուկյանը ո՞ր ժամանակ է եղել ընդդիմադիր․ այն ժամանակ, երբ հրաժարական տվեց (Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ վարչապետությունից), հետագայում իրեն տարան-դրեցին պաշտպանության նախարար․․․ բոլոր ժամանակներում նա պաշտոն է ունեցել, ինքն այս 30 տարվա մեջ երբեք ընդդիմադիր չի եղել, միշտ իշխանության հետ գործարքի մեջ, միշտ պաշտոն ու բարեկեցիկ կյանք է ունեցել։ Եվ միշտ էլ նեղացկոտ է եղել»։

Հիշեցնենք, 2007-ին Վազգեն Մանուկանը սպառնում էր դատի տալ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ին, որը տպագրել էր «Mein kampf»՝ «Իմ պայքարը» կոչվող մի ձեռագիր, որը, հոդվածագրի հավաստմամբ, առգրավվել էր 1996 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ԱԺՄ գրասենյակի խուզարկության ժամանակ, եւ ԱԺՄ նախագահին էր վերագրվում։

Ըստ թերթի, այն «իշխանության հասնելու գործնական ծրագիր էր»՝ քայլերի հաջորդականություն։ Եվ հենց այն ժամանակաշրջանին էր վերաբերում, որի համար Փաշինյանը ներողություն խնդրեց Վազգեն Մանուկյանից։

Այդ փաստաթղթում 1996 թվականի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մեջ՝ որպես կարեւորագույն խնդիր, Վազգեն Մանուկյանը դրել էր հանրապետությունում «վճարովի տոտալ լրտեսական ցանց» ստեղծելու խնդիրը, որը պետք է լրտեսեր հանրապետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ «շուկայական մանր շեֆերը»: «Իսկ լրտեսության ամենակարեւոր օբյեկտը, անշուշտ, պետք է լիներ երկրի առաջին դեմքը»։ «Փողը «գերմարդ» Վազգեն Մանուկյանի համար կարեւոր ֆակտոր է: Նրա համոզմամբ, նույնիսկ հայրենասիրության համար վճարամիջոց է այն»,-  գրված էր «Հայկական ժամանակի» հիշյալ հոդվածում: Վազգեն Մանուկյանը սա, իհարկե, հերքեց, եւ, ահա, տարիներ անց Նիկոլ Փաշինյանը նրանից ներողություն խնդրելով, փաստորեն, սրբագրում է իր իսկ թերթում տպագրված պնդումները եւ Մանուկյանից հանում այդ տարիների «մեղքը»։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը հարցնում է՝ եթե Վազգեն Մանուկյանը զոհ էր՝ ինչո՞ւ, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը 2008-ի նախագահական ընտրություններին միացավ ոչ թե Մանուկյանին, այլ Տեր-Պետրոսյանին։ Ամեն դեպքում, Արմեն Բադալյանն առաջարկում է շատ էլ չսեւեռվել Վազգեն Մանուկյանի նշանակման վրա։

«Հանրային խորհրդի նախագահը մի ըտենց կարեւորագույն պաշտոն չէ, երկար ժամանակ Վազգեն Մանուկյանը զբաղեցրել է այն, թող գնա ու աշխատի»,- մեկնաբանեց քաղաքագետը։

ՀԳ․ Ի դեպ, Վազգեն Մանուկյանին ՀԽ նախագահ նշանակելու հրամանագիրը դեռ չի եղել՝ ՀԽ-ում 2 թափուր տեղ է առաջացել ՀԽ անդամների՝ ԱԺ պատգամավոր դառնալու արդյունքում։ Եվ միայն այդ 2 անձի նշանակումից հետո է համարվելու ՀԽ-ն ձեւավորված, եւ միայն դրանից հետո է Փաշինյանն արձակելու Վազգեն Մանուկյանի նշանակման հրամանը։