Լիճքի արագաչափը` «թակարդ» վարորդների համար

Լիճքի արագաչափը` «թակարդ» վարորդների համար

2014 թվականին  Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի վարչական տարածքում տեղադրվեց արագաչափ: Ճանապարհը, որտեղ տեղադրված է արագաչափը համայնքը բաժանում է երկու մասի:  Որպես բնակավայր  երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Վերջերս Վարդենիս այցելության ժամանակ նկատեցինք, որ  բացակայնում են տեղադրված արագաչափի մասին նախազգուշացնող երկկողմանի   եւ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ նշանները:

Գյուղացիներից  հարցուփորձ արեցինք, արդյո՞ք  արագաչափը տեղադրելուց հետո որեւէ նախազգուշացնող նշան չի տեղադրվել. «Որ արագաչափը նոր էին տեղադրել նշանները կար, ահագին ժամանակ է չկա, գողանում են: Մենք արդեն գիտենք, զգույշ ենք քշում, բայց դրսից գալացողները  մեկը՝ մյուսի հետեւից նկարվում ա: Շատ խորամանկ քայլ են արել, արագաչափը դրել են մի տեղ, որ եթե Երեւանից Մարտունի են գնում ճանապարհը դեպի վեր ա բարձրանում, վարորդները ստիպված  արագությունը մեծացնում են, ու չիմանալով, որ նկարահանող սարք կա, ընկնում են «թակարդը»,-ասում էին գյուղացիները:  Լիճք գյուղի բնակիչ Վանո Կարապետյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ համայնքում միջպետական ճանապարհին ոչ մի նշան չկա  տեղադրված, անգամ չալարեց, անձամբ մոտ 1 կմ ոտքով քայլելով անցավ ու նկարահանեց ողջ տարածքը: Ըստ գյուղացիների՝ տեղադրված արագաչափից  ներքեւ ճանապարհատրանսպորտային պատահարների պակաս չի լինում: Գյուղացիները անգամ խնդրել են մարզի ՃՈ բաժնին տեսանկարահանող սարքը տվյալ մասում տեղադրել, որպեսզի վթարները քչանան, սակայն մերժում են ստացել:   

Տեղադրված արագաչափից վերեւ միակ ճանապարհային նշանը, որ նկատեցինք, դա խոշոր եղջերավոր կենդանիների նախազգուշանող նշան էր, իսկ թե այս նշանն ինչո՞ւ չեն գողանում, գյուղացիները ուսերը թոթափելով ասացին. «Ի՞նչ իմանանք»:  

Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  արագաչափը նախազգուշացնող նշաններ եղել են տեղադրված:

-Պարո՛ն Գրիգորյան, երբվանի՞ց են այդ նախազգուշացնող նշանները բացակայում:

-Ուշադիր չեմ եղել, չեմ կարող պատասխանել: Ես անձամբ գիտեմ, զգույշ եմ քշում, ինձ թվում ա բոլորն էլ տեղյակ կլինեն արագաչափի մասին: 

-Նշանները, գողացե՞լ են,  տեղյակ եք,  թե ի՞նչ են եղել:

-Մի գուցե, չեմ կարող ասել, որովհետեւ համայնքում էլ նշաններ կային տեղադրված,  մեկ էլ տեսնում եմ այդ նշանները չկան: Ինչ-որ վիժվածքներ գողացան,  չգիտեմ ինչ արեցին: Համայնքի ներսում ես ուշադիր եմ այդ հարցում,  բայց համայնքից դուրս իմ պարտականությունների մեջ չի մտնում:

-Բայց համայնքի վարչական տարածքում է տեղադրված արագաչափը:  Որպես համայնքի ղեկավար հանդիպում չեք ունեցե՞լ համապատասխան բաժինների հետ  հարց  բարձրացնելով՝  տեղադրել նախազգուշացնող  նշանները: 
 
                                                                                            
- Այո՛, համայնքի վարչական տարածքում է տեղադրված,  բայց այդ ճանապարհը միջպետական ճանապարհ է,  դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, որ ես ասեմ,  ստեղ նշան դրեք, կամ մի դրեք: 

-Փաստորեն համայնքի բնակիչները  ծանոթ են տարածքին, իսկ այլ մարզերից ու  քաղաքաների բնակիչները այդ ճանապարհով անցնելիս տեսախցիկի «թակարդն» են ընկնում: 

-Կարելի է ասել մարզի կտրվածքով որոշակի տեղեկություն ունեն, իսկ  քաղաքից մեկը որ գալիս ա գնում Մարտունի կամ Վարդենիս բնականաբար չգիտի: Ես ոչինչ չեմ կարող ասել, դա իմ իրավասությանների  մեջ չի մտնում:  Դա արդեն  ՃՈ-ի վարչության  կամ  էդ խցիկն տեղադրող ընկերության  խնդիրն ա: