Թե պիտի մյուսների պես Պուտինի մոտ խայտառակեինք, որ լավ լինե՞ր

Թե պիտի մյուսների պես Պուտինի մոտ խայտառակեինք, որ լավ լինե՞ր

Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Քաշաթաղի շրջանի բնակիչների պնդմամբ՝ սերտիֆիկատներ են ստացել բնակարանների համար, բայց չեն կարողանում բնակարան գնել, քանի որ բանկի հետ գործարք կատարելուց առաջ հասկանում են, որ բազմաթիվ խնդիրների են առնչվելու։ Քաշաթաղցիների խոսքով՝ նախ կանխավճարի գումար է պահանջվում, որը իրենք չունեն, բացի այդ էլ պետք է ունենալ վարկային մաքուր պատմություն, ինչը ևս շատերի մոտ բացակայում է։ Քաշաթաղցիները նկատում են՝ բանկերը գնահատում են շատ ավելի քիչ, քան տները վաճառվում են, ստացում է, որ քաշաթաղցիները պիտի իրենց գրպանից նույնպես բավականաչափ գումար դնեն։

Քաշաթաղցիները քիչ առաջ շարժվեցին դեպի կառավարության գլխավոր մասնաշենքի հետնամուտք, որպեսզի այնտեղից հասկանան՝ ի վերջո հանդիպելու է որևէ մեկը կառավարությունից իրենց հետ, թե ոչ։ Նշենք, որ այս պահին ոստիկանական ուժեր են բերվել, որոնք պատ են կազմել Արցախից տեղահանվածների դիմաց։

«Մենք սենց ենք հասկանում, որ կառավարությունը էս խնդիրը թողնում է մեր ու բանկի միջև։ Ես ինչի պիտի տարիներով բանկին գումար փակվեմ։ Տուն եմ կորցրել, հիմա ինչի ես պիտի բանկին նոր տան փողը փակվեմ։ Կառավարությունն է երաշխավորը տների, թող կառավարությունն էլ փակվի։ Թե պիտի մյուսների պես երեկ Պուտինի մոտ խայտառակեինք, որ լավ լինե՞ր»,- ասաց Արցախից տեղահանվածներից մեկը։