Ի՞նչ աներ մարդը, եթե սրանց «սանասար-բաղդասարին» չի

Ի՞նչ աներ մարդը, եթե սրանց «սանասար-բաղդասարին» չի

Այո, գողական բարքերը ներծծվել են մեր ուղնուծուծի մեջ, թափանցել բոլոր ոլորտներ ու անգամ կիրթ մարդիկ են գողական «պանյատներով» դատում։ Հենց դա է պատճառը, որ Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի գաղտնազերծումից հետո ոչ թե այդ զրույցի բովանդակությունն են ոմանք քննարկում, ոչ թե սարսափում են մեր իրավապահ համակարգի վիճակից եւ այս իշխանությունների գործելու մեթոդներից, այլ նրանից, թե՝ «ինչպես է հաց կիսել ու ձայնագրել»։

Գողականների մոտ արգելված բաներ կան չէ՞․ ասենք՝ ցուցմունք տալ չի կարելի, մուսռի կամ գունավորի հետ հացի սեղան նստել չի կարելի, մոր քֆուր հանդուրժել չի կարելի եւ այլն։ Հիմա մեր հասարակությունն է՝ չի սարսափում, թե ինչպես կարող է ԲԴԽ նախագահն այդքան գռեհիկ ու անամոթ լինել, ինչպես կարող են քրեական գործեր կարել ու գործեր փակել՝ ըստ հայեցողության, ինչպես կարող են մարդուն ստիպել, որ դիմում գրի՝ գնա, որպեսզի իշխանությունների կամակատար մեկը դառնա նախագահ, զարմանում են՝ ա՜խ, ինչպես կարող էր Վարդազարյանը ձայնագրել։

Ոնց որ մեկը մարդակերությամբ զբաղվի, դնենք քննարկեն՝ եփա՞ծ է կերել, թե՞ հում, աղ արե՞լ է, թե՞ ոչ, դանակ-պատառաքաղ օգտագործե՞լ է, մենա՞կ է կերել, թե՞ ուրիշներին էլ է հրավիրել։ Եւ դատապարտենք, որ ընկերասեր չի, համի զգացում չունի, էթիկետի կանոններին չի տիրապետում եւ այլն։
Հիմա այս խնդրին մեկ ուրիշ կողմից մոտենանք․ կա մի ԲԴԽ նախագահ, որը, մեր մեջ ասած, առանձնապես հերոս էլ չի՝ սովորական դատավոր է եղել, նաեւ պատվերներ է կատարել, բայց ինչ որ պահից վաստակել է «մեր խերոս վարչապետի» հակակրանքը եւ վերջինս որոշել է, որ կյանքի գնով էլ լինի՝ պետք է սրան պաշտոնից ազատի։ Ոնց որ ազատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Եւ սկսել է արշավ, հալածանք այս մարդու դեմ։ Մարդը չի հասկանում՝ ինչով է արժանացել այս վերաբերմունքին։ Հասկացանք՝ Վանեցյանի ընկերն եմ, բայց հո՞ Վանեցյանի երկվորյակ եղբայրը չե՞մ՝ ինքն իր ճամփով է գնում, ես՝ իմ։ Հասկացանք՝ ուզում եք պատվերով դատավճիռներ կայացվեն, ես հո՞ սուրբ չեմ՝ կարող եմ նաեւ որոշ բաներում ընդառաջել, համագործակցել։ Բայց երեւի մարդն այնքան հնազանդորեն չէր ծառայում եւ այնքան էլ չէին վստահում, որ հետը «աշխատեին» եւ որոշում են՝ ազատել պաշտոնից ու բերել մեկին, ով անծպտուն կծառայի՝ հանուն պաշտոնի եւ կդառնա այն մուրճը, որը պետք է իջեցնել դատավորների եւ առհասարակ՝ իշխանությունների հակառակորդների ճակատին։

Սկսվում է աննկարագրելի մի պրոցես, ինչպիսին իրականացվեց Հրայր Թովմասյանի դեմ․ քավոր-սանիկների-ընկերների նկատմամբ ճնշումներ, սահմանադրական հանրաքվե չկա, բայց կա ենթակա դատավորների համախմբում եւ ուղղորդված պայքար, հոր տանիքը չեն չափում, բայց մի կարիերիստի համոզում են՝ ցուցմունք է տալիս, թե՝ ինձ հարցրել է․ ո՞նց է ընթանում գործի քննությունը եւ ես հասկացել եմ, որ ինքը մեղադրյալի կողմից է, ինձ ակնարկ էր անում, որ սենց լուծեմ եւ այլն։ Քրեական գործ են հարուցում, ԲԴԽ անդամներին ասում են՝ չեք ուզում, չէ՞, Վարդազարյանի օրն ընկնեք, ուրեմն՝ օգնեք իրենից ազատվենք, դուք կշարունակեք աշխատել։ Գործը հարուցում են, մտնում են ԲԴԽ՝ ստանում են թույլտվությունը, կասեցնում են լիազորությունները։ Մի երկար ժամանակ գործը քննում է քննիչը, հետո ուղարկում են դատարան՝ իրենց ուզած դատավորի մոտ եւ էստեղ էլ ամիսը մեկ նիստ են անում։ Այնպես, որ 2030 թվի մոտակայքում կավարտեն գործի քննությունը։ Ընթացքում փորձում են ամեն գնով ճնշել, ստիպել, որ դիմում գրի հոժարակամ։ Մարդիկ են ուղարկում մոտը՝ սպառնում են, հետո խոստանում են քրեական գործը կարճել, մի գործ տալ, որ բզբզա եւ այլն։ Պարզ հայկական պատմություն։ Այս մարդը չի ուզում գործարքի գնալ, ասում է՝ մեղավոր չեմ, հանցանք չեմ գործել, էդ պաշտոնն էլ ձեր հոր տնից չեք բերել, որ ում ուզեք՝ տաք։ Մի խոսքով փորձում է պայքարել․ դիմում է օրինական միջոցների։ Դատարան է դիմում, տարբեր միջազգային կառույցներին է փորձում տեղեկացնել, մամուլին է հարցազրույցներ տալիս, փորձում է անգամ գնալ «խերոսի» մոտ, նամակ գրել նրան։ Ապարդյուն՝ դիմացը պատ է, անհնար է կոտրել, կամ շրջանցել։ Իրենք պողպատե մանդատ ունեն, որի մեջ մտնում է ամեն անօրինական բան անելն ու անպատիժ մնալը։ Երբ տեսնում է ուրիշ ճար չկա, որոշում է իրեն շանտաժի ենթարկող գլխավոր շահառուին, որը երազում է, որ սա դիմում գրի, ինքը՝ օրենքի խախտմամբ դառնա ԲԴԽ նախագահ, ձայնագրել։

Որոշում է, որովհետեւ ձայնագրությունը միակ իրեղեն ապացույցը կլինի, որ հավատան իր պատմածին, եւ ձայնագրությամբ կարող է ցույց տալ, թե ինչ անմարդկային մեթոդներով է այս իշխանությունը վարվում դատական համակարգի հետ։ Նաեւ այն պարզ պատճառով, որ հազար հարցազրույց ու հոդված իրեն շանտաժի ենթարկողների «սանասար-բաղդասարին» չի եւ սրանց թվում է՝ իրենք հավերժ են։
Այսպես ասած՝ մի հուսահատ քայլ է ձեռնարկում՝ ձայնագրել բանագնացին, որը դեռ հայտնի էլ չէ որեւէ հետեւանք ունենալո՞ւ է այս անամոթ իշխանությունների պարագայում եւ որեւէ արդյունք տալո՞ւ է, թե՞ իր դեմ է շուռ գալու եւ հերթական քրեական գործի հիմքն է դառնալու։