Հյուսիսի մեր մեծ հարևանին ծառայող ուժերը մեզ դարձրել էին թիրախ․ Ալ․ Ենիգոմշյան

Հյուսիսի մեր մեծ հարևանին ծառայող ուժերը մեզ դարձրել էին թիրախ․ Ալ․ Ենիգոմշյան

-Պարոն Ենիգոմշյան, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ստացավ 1.82 % քվե։ Նախ, Դուք ընդունո՞ւմ եք արդյունքները։

-Այդ մասով կարող եք ճշտել ցուցակի 1-ին համարից՝ Վարուժան Ավետիսյանից, որպես կուսակցության համակարգող։

-Ո՞րն է Ձեր անձնական կարծիքը, անձա՞մբ ընդունում եք արդյունքները։

-Ես կարծում եմ, որ այս ընտրություններն իրենց ձևի մեջ ոչ լեգիտիմ չեն, չնայած, բոլորս էլ գիտենք, որ եղել են որոշ օրինախախտումներ, բայց ընտրությունների օրինականության ընդհանուր ընթացքը չի խախտվել։ Ամբողջական իմաստով։ Հետևաբար, ընտրությունները որպես այդպիսին մերժելու խնդիր չկա։Այսինքն՝ մենք չենք կարող, ինչպես անցյալում, ասել, որ սրանք ընտրություններ չէին։ Անցյալում մենք միշտ ասել ենք, որ ընտրություններ չեն, ընդամենը ձևականությունն է պահպանվել, բովանդակության մեջ ընտրություն չի եղել։ Երեկվա ընտրությունների կապակցությամբ, իհարկե, նման բան չենք կարող ասել։ Եղել են ազատ պայմաններում, հետևաբար, ինքս մերժելու խնդիր չեմ տեսնում։

-Այդ դեպքում, դուք պնդում էիք, որ լինելու եք երկորդ բևեռը, երկրորդ ուժը, ստացաք քիչ քվե։ Ինչո՞վ եք պայմանավորում, որ չհաղթահարեցիք շեմը։

-Չեմ ուզում իմ մեկնաբանություններն ասել այդ կապակցությամբ։ Պատճառները զանազան են և մեկը չէ։ Ե՛վ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ են եղել։ Նաև՝ ժամանակի ոչ բավարար լինելը։ Բայց չեմ ասում, որ միայն դա էր պատճառը և նաև մեր կուսակցության հատուկ թիրախ լինելը։ Եղել ենք թիրախ, բայցև՝ չեմ ասում, որ դա է միակ պատճառը։

-Ո՞վ էր հատուկ թիրախավորել «Սասնա Ծռեր»-ին, Փաշինյանի դաշի՞նքը։

-Չէի ասել, որ «Իմ քայլն» էր թիրախ սարքել, չնայած, այնտեղից կային նման դեպքեր։ Բայց, վստահաբար, ավելի արտաքին գործոն էր․ Հյուսիսի մեր մեծ հարևանի՝ տեղում գտնվող և նրանց ծառայող ուժերի կողմից թիրախավորում,և, ընդհանրապես, նախկին համակարգի մնացուկների կողմից, որոնց նպատակն էր, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հնարավորինս ձևական դարձնել։ Որքան հնարավոր է։Այսինքն պահել նախկին ինչ-ինչ առանձնահատկություններ։ Հետևաբար, այս ուժերի, ներկայուցիչների խնդիրն էր։

-Բայց Հյուսիսին ծառայող ուժերն ինչ կարող են անել ընտրական պրոցեսում։

-Շատ բան կարող են անել․ և՛ քարոզչական առումով, և՛ այլ տեխնիկական դժվարություններ ստեղծելու առումով։

-Բայց ընտրությունների, արդյունքների խեղաթյուրման վրա կարո՞ղ են ազդել։

-Չէ, չեմ կարծում․․․ գոնե այս պահին, գոնե, չունեմ տեղեկություն, որ այն, ինչ հայտարարվել է որպես արդյունքներ, դա կեղծ հաշվարկի, խարդախության արդյունք է։ Նման բան չեմ ասում։ Ասածս վերաբերում է այս ամբողջ ընթացքին․ և՛ մինչև պաշտոնական քարոզարշավը, և՛ դրա ընթացքում, ոչ երեկվա մասին։ Առավել ևս՝ ոչ քվեաթերթիկների հաշվարկի մասին։

-Իսկ դա չի նշանակո՞ւմ, որ ժողովուրդը մերժում է ձեր կուսակցության մոտեցումները․ արմատական լուծումներ, եթե պետք է՝ զինված պայքար և այլն։

-Ժողովուրդը բազմաթիվ անգամներ իր աջակցությունը հայտնել է «Սասնա Ծռեր»-ին, «Սասնա Ծռեր» -ն իրենք պետք է ուսումնասիրեն, քննարկեն, թե ինչ սխալներ են գործել, որի պաճառով նաև, անկախաբար, մնացյալ արտաքին գործոններից պետք է պրպտեն, եթե իրենք սխալներ արել են քարոզչական շրջանում՝ մարտավարական կամ նույնիսկ՝ ռազմավարական։ Քարոզչական իմաստով՝ ռազմավարական։ Այդ ներքին ինքնաքննարկումը պետք է արվի։ Հիմա դեռ շատ շուտ է այդ կապակցությամբ եզրակացությունների հանգելու։ Կրկնում եմ՝ այս պատճառները թե՛ «Սասնա Ծռեր» -ից անկախ են, թե՛, միգուցե, կախյալ, և ցանկացած ողջամիտ մարդ, կազմակերպություն նման պարագաներում փորձի տեսնել՝ իր մոտեցումների մեջ թերացո՞ւմներ եղել են կամ ոչ։

-Քննարկե՞լ եք, հետագայում ինչ մարտավարություն եք ունենալու,հնարավո՞ր է՝ դառնաք «Իմ քայլին» արտախորհրդարանական ընդդիմություն։

-Դեռ շատ շուտ է այդ մասին ասելը, բայց, վստահաբար, ծրագիրը, որ ունեցել ենք և ներկայացրել ենք, այդ ծրագիրը մնում է ուժի մեջ և այս ծրագրի շրջանակներում պայքարելու ենք տվյալ խնդիրների իրականացման համար։