Ի՞նչ փաստաթղթի հիման վրա է կարճվել Տանանյանի գործը

Ի՞նչ փաստաթղթի հիման վրա է կարճվել Տանանյանի գործը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես հայտնի է, օրերս հրապարակել էր իրանական առողջապահական մի կազմակերպության ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժնում ներդրումներ կատարելու իրանական տխուր փորձի ու ծագած խնդիրների մասին մի զեկույց։

«Վարան պարթո դարման» ընկերությունը, որը մասնագիտացած է քաղցկեղի բուժման ռադիոթերապիայի սարքավորումների տեղադրմամբ եւ շահագործմամբ, որոշել էր այդպիսի մի սարքավորում տեղադրել նաև ուռուցքաբանականում։ Ըստ իրանցիների՝ ընկերների միջոցով ծանոթացել են կենտրոնի տնօրեն  Տանանյանի հետ, քննարկել, որոշվել է Հայաստանում ընկերություն գրանցել եւ իրենց գործունեությունն իրականացնել այդ ընկերության միջոցով։

Ըստ «իրանական զեկույցի»՝ ընթացքում բժիշկ Տանանյանը պահանջել է այդ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը։ Քանի որ ի սկզբանե սարքի ձեռքբերման ամբողջ ծախսերը պետք է կատարեր իրանական կողմը, նրանք առարկել են «բաժնետոմսերի» այդ քանակի շուրջ, եւ պատասխանը եղել է, որ Հայաստանում ցանկացած ներդրումների պարագայում հարկավոր է բաժին հանել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, եւ պահանջված 50 տոկոսի մի մասը հատկացվելու է «երկրի բարձրաստիճան ղեկավարի շրջապատին»։

Ընկերության ներկայացուցիչները, ըստ ներկայացված փաստաթղթի, չեն կարողացել չեղարկել գործարքը, քանի որ սարքն արդեն պատվիրված է եղել, ու բավականին գումար է ներդրված եղել։ Ստիպված`  համաձայնել են։ Իհարկե, մինչ այդ էլ Հայաստանում Իրանի դեսպանատանն անցկացված ոչ պաշտոնական քննարկումների արդյունքում «բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունն այդ գործում հաստատվել է»։

Ի վերջո՝ նորաստեղծ «Իրա մեդիքլ գրուպ» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը հատկացվել է Արմեն Տանանյանի եղբորը՝ Հայկ Տանանյանին, եւ ըստ պայմանագրի՝ Ուռուցքաբանության կենտրոնից վարձակալվել է ռադիոթերապիայի բաժնի տարածքի մի մասը, որպեսզի սարքը գործի հիվանդանոցից անկախ։

Արմեն Տանանյանը` ինքը, Հրապարակին» հայտնել էր, որ այս մեղադրանքի հետքերով կատարվել է ուսումնասիրություն, և ինքն արդարացված է։ Արդարացում ասվածը տեղի է ունեցել այն հիմքով, որ Տանանյանի եղբայրը փոխհատուցել է պատճառված վնասը։

«Հրապարակի» տրամադրության տակ է մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, թե ինչու Տանանյանի դեմ գործին ընթացք չի տրվել։

Փաստաթուղթն արժեթղթերի փոխանցման հանձնարարական է, իսկ արժեթղթերը փոխանցած անձը Արմեն Տանանյանի եղբայր Հայկ Տանանյանն է, որը թվով 25 արժեթուղթ փոխանցել է «Իրա մեդիքլ գրուպ»-ի իրանցի համասեփականատեր Մոհամմադ Շահրամին։ Արժեթղթերը փոխանցվել են 01․10 2018-ին , և դրանում առկա է Շահրամիի ստորագրությունը։

Հետաքրքիր է, ինչպե՞ս կարող էին իրանցիները նորից «թարմ» բողոքել Տանանյանից, եթե դեռ անցած տարի ստացել էին արժեթղթերը, հետաքրքիր է՝ այս մասին չգիտե՞ր Արսեն Թորոսյանը։