Նոր ՔՊ-ականները Նոյեմբերյանում նեղում են երդվյալ ՔՊ-ականին

Նոր ՔՊ-ականները Նոյեմբերյանում նեղում են երդվյալ ՔՊ-ականին

«Իմ քայլի» նախընտրական համամասնական ցուցակի 144-րդ համար՝ ոսկեպարցի երդվյալ հեղափոխական Հայկանուշ Բեգլարյանի դեմ նոր ՔՊ-ականներ Սուրեն Անանյանն ու թիմակիցները հարազատ Նոյեմբերյանում պատերազմ են հայտարարել։ Խոչընդոտում են, որ նա վարձակալական հիմունքներով աշխատեցնի իր գումարով վերանորոգած, նախկինում խարխլված տարածքը։

Տիկին Հայկանուշը մի քիչ իր մասին պատմեց՝ ասելով․ «Մինչեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ դառնալը ես ամբողջ կյանքում ընդդիմադիր դաշտում եմ եղել, ճիշտը սիրող մարդ եմ եղել։ Ես կյանքում չեմ եղել որեւէ կուսակցության անդամ։ Հեղափոխության, որ մենք հաղթանակի հասցրինք հայ ժողովրդի համար, մասնակից եմ եղել։ Ամբողջ ընթացքում քայլել եմ, պայքարել եմ իմ տուն-տեղը թող արած, օրերով, եկել եմ տեսել՝ իմ տները թալանած, շատ մեծ գումար էին ինձնից տարել, ոսկեղենս, մինչեւ հիմա էդ գործը հետաքննվում է»։

Ոսկեպարում ծնված Հայկանուշն ունի թերի բժշկական կրթություն, բուժքույրական ու իրավաբանական կրթություն, մասնակցել է Ոսկեպարի ինքնապաշտպանությանը՝ ընդգրկվելով Տավուշի կամավորական ջոկատում, 89-94 թթ․ ակտիվ մասնակցել է, իր խոսքով՝ Նոյեմբերյանի, Տավուշի հայ-ադրբեջանական պայքարին։ Մինչ այդ սովորել է Ռուսաստանում եւ 89-ին ուսումը կիսատ թողած՝ վերադարձել է Հայաստան՝ տեղեկանալով Սպիտակի երկրաշարժի մասին։

Հետո, երբ սկսել են աշխատավարձեր չտալ, թողել է բուժքույրի գործը եւ առեւտրով զբաղվել։ Ինչպես ինքն է ասում՝ ամբողջ կյանքում գլխի ճարն ինքն է տեսել՝ «իմ նյութականը ինքս իմ գլխով եմ վաստակել»։

Մենք զրուցեցինք Հայկանուշ Բեգլարյանի հետ։

- Տիկին Հայկանուշ, ի՞նչ է կատարվում Ձեր ու թիմակիցների միջեւ։

- Հեղափոխությունից հետո ոչ մի տեղ չէի աշխատում, մեր տարածքում՝ Նոյեմբերյանում, տարիներ շարունակ մի լքված, շատ անբարո վիճակում գտնվող՝ «ավտոկայան» կոչվող տարածք կար, որը բաժանված է եղել 2 մասի։ Մի մասը վարձակալական հիմունքներով տրված էր ազատամարտիկի ընտանիքի․ էդ տղան սերժանտ տղա էր, միլիցիոներ, հենց առաջին անգամ գնաց՝ Ոսկեպարում խփվեց։ Ինչեւէ, տարածքը, որ սեփականաշնորհված էլ չի եղել, մի սարսափելի վիճակում է եղել՝ հենց Նոյեմբերյանի կենտրոնում։ Ես նաեւ «Իմ քայլի» թեկնածուն էի ու այս տարածքը վերավարձակալեցի, իմ շտաբն էր, ու մարդիկ, որ գալիս էին իմ շտաբ, ասում էին՝ «վայ, է՜ս ինչ սարսափելի է, էս ի՜նչ աղբանոց է» դրա կողքի տարածքը։ Ես մեծ ցավ էի ապրում՝ տեսնելով, որ քաղաքի կենտրոնում ոչ բարվոք, խայտառակ վիճակ է։ Ու էդ «ավտոկայան» կոչվածի մոտ «գազել»-ներ էին գալիս-կանգնում, էս «գազել»-ներից ոչ մեկը գրանցված չի եղել, դրանք պետությանը ոչ մի կոպեկ տված չեն եղել տարիներ շարունակ։ Ընտրություններն անցել էին, եւ մարդիկ ինձ առաջարկություններ էին արել, ես էլ մտածել եմ, որ քաղաքի համար պիտի մի լավ բան անեմ։ Նախ կապիտալ ռեմոնտ եմ արել, մնացել է, կարելի է ասել, 3 պատ։ Լրիվ դրել եմ՝ հիմնահատակ վերանորոգել եմ՝ ջուր քաշելով, հոսանք քաշելով։  

- Ինչի՞ էիք ուզում վերածել տարածքը։

- Ես չեմ որոշած եղել, թե ինչ սարքեմ։ Անընդհատ մտքիս մեջ մտածել եմ, ասել եմ՝ սարքեմ ընենց մի բան, որ ժողովրդին պիտանի լինի։ Երբ որ ռեմոնտ էի անում, մարդիկ ինձ ասում էին՝ «Հայկուշ ջան, էս ի՜նչ հիանալի բան ես որոշել»։ Իմ շրջապատին հարց եմ տվել, ասել եմ․ դուք ինձ ուղղություն տվեք՝ ինչ կարելի է անել, բերենք մի լավ բան մտածենք։ Ու անընդհատ տհենց մտածողության տակ եմ եղել։ Անգամ մտածել եմ օրինական ավտոկայան սարքելու մասին։ Բայց որ հետաքրքրվել եմ, զանգել եմ մի քանի տեղ, ասել են՝ չի կարա լինի ավտոկայան։

- Դուք տարածքը սեփականաշնորհե՞լ էիք։

- Չէ, չէ, դա «Հայավտոկայանի» սեփականությունն է եղել, վարձակալել եմ, ռեմոնտ արել։ Ես մենակ ապրող մարդ եմ, ամենայն ազնվությամբ՝ այնպես կցանկանայի, որ Դուք Նոյեմբերյանում լինեիք, հարցնեիք մարդկանցից՝ ով է եղել Հայկանուշ Բեգլարյանը մինչեւ հեղափոխությունը, հեղափոխությունից հետո, իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ես էսօր ոչ ունեմ ընտանիք, այսինքն՝ որ ինչ-որ շահ եմ հետապնդում իմ էրեխու համար, իմ ամուսնու համար․ ես մենակ եմ, երկու ծնող եմ ունեցել, երկուսն էլ մահացել են։ Ես, թե մի լավ բան պետք է արվի Նոյեմբերյանի համար, պատրաստ եմ իմ ժողովրդի համար անել։

- Ի՞նչ են արել Ձեր թիմակիցները Ձեզ։

- Բռնել են կպցրել (պլակատներ)՝ սա ավտոկայան է եւ վերջ։ Իմ թիմակիցները մինչ այդ մեկի վրա բեւեռված էին, կարամ պարզ ասեմ՝ համայնքապետի վրա, սկսել են համայնքապետից բողոքել, ես էլ իրենց ասել եմ՝ ընկերներ ջան, խախանդ մնացեք, բերեք ո՛չ համայնքապետին կպեք, ո՛չ դպրոցի տնօրենին։ Մի կպեք, ժողովրդի մեջ քաոսային բաներ մեք անի։ Դրա համար կա իշխանություն, դրա համար կա մարզպետարան, նրանք կլուծեն, մենք ո՛չ համայնքապետին նշանակող ենք, ո՛չ հեռացնող ենք։ Եվ ես ասել եմ, որ հիմա մեր մեջ չկա էն մարդը, որ լինի համայնքապետ։ Կոնկրետ դիմել եմ, ասել եմ՝ Սուրեն, մի արա նման բան, ու ինքը միանգամից հարձակվեց՝ տեսնո՞ւմ եք, որ ինքն ա, ինքը հանրապետական բաներ ա անում․․․ Ըստ որում՝ ինքն է նախկինում Հանրապետականի․․․ իրա ընտանիքով բաներ կատարած եղել, դրանից հետո ինքը եղել է «Լուսավորից», դրանից հետո արդեն՝ Սերժ Ազատովիչի հրաժարականից հետո, գնացել է, մտել ՔՊ։ Մի խոսքով, ինքն ինձ ահավոր վիրավորել է, նեղություն է պատճառել, ես թողել եմ՝ հուզված հեռացել, որպեսզի եսիմինչ չդառնա։ Իմ թիմակիցները․․․ նախ, որ էդ բանն անում են, ես նրանց չեմ կարող կոչել թիմակից։ Եթե թիմակիցը թիմակցի դեմ դուրս է գալիս՝ չգիտակցելով, թե ինչ է անում, նա ի՜նչ թիմակից։

- Ո՞վ է Սուրենը՝ ավագանու անդա՞մ։

- Նա ոչ ավագանի է, կարելի է ասել՝ սամազվանեց  է, իրեն կոչում է ՔՊ-ի պատասխանատու։ Ինքն ուղղակի ընտրությունների ժամանակ մեր սիրելի Սիփան Փաշինյանի շտաբի․․․ աշխատողներից է եղել, շտաբի պետն է եղել, թե ով․․․ Էդ վիճաբանությունից հետո ահագին ժամանակ անցավ, ինքը մի որոշ ժամանակով տարածքից հեռացավ, երեւի ծովափ էր գնացել։ Կարծում էր, թե ես հեսա մեկին կասեմ, լավ ախպերներ ունեմ դրսումը, կգան իրա չելյուստը կկոտրեն, բայց ես, որպեսզի արձագանք չտամ, որպեսզի չասեն՝ ՔՊ-ն ՔՊ-ի դեմ է դուրս եկել, հիմա էլ, ազնվությամբ, անհարմար եմ զգում, ոչ մի ընթացք չեմ տվել։ Ես չեմ ուզեցել, որ էս ամենը դառնա հանրային եսիմինչեր․․․ խոսակցություններ։ Բայց ինքը բռնեց, ռեկլամային դաշտ ստեղծեց ու սկսեց մի ալիք․․․ «Սա ավտոկայան է եւ վերջ»։
Ինձ սկսեցին․․․ իբր չեն ճանաչում, արհամարհական խոսքերով խոսելը, ու տենց շարունակ։ Ու էդ պրինցիպն իմ հետ է, որովհետեւ եթե չեն ուզում, որ այդ տարածքն ավտոկայան դառնա, ապա մինչեւ ինձ իրենք ինչո՞ւ էին ուզում էդ տարածքը վերցնել։ Ու ուզում էին ոչ թե վարձակալել, այլ յուրացնել՝ սեփականաշնորհել։ Իմ պետությանը ես 40 հազար դրամ կտայի, պլյուս մի աշխատատեղ էլ կբացեի։

- Բարձրաստիճան ՔՊ անդամներին, վերջապես՝ Նիկոլ Փաշինյանին, չե՞ք դիմել։

- Սիրելիս, տարբեր հարցերով գալիս են, անընդհատ դաստաներով  նամակներ են բերում, ես, պետք է լինում՝ փոխանցում եմ Նիկոլ Փաշինյանին, պետք է լինում՝ սոցապնախարարին, տարածքային կառավարման նախարարին։ Ես՝ ինքս, չեմ ցանկացել Նիկոլ Փաշինյանին նախ ծանրաբեռնենք, բայց ես ասել եմ՝ վերջապես սա ի՞նչ է նշանակում։ Սարգսյան Նաիրիին էլ եմ ասել, որովհետեւ աշխատել եմ իրենց հետ ոչ մի հակահարվածի դուրս չգալ։