Դեմ եմ աշխարհում բոլոր հանքերին, ատոմակայաններին, ավտոբուսներին, ավտոներին

Դեմ եմ աշխարհում բոլոր հանքերին, ատոմակայաններին, ավտոբուսներին, ավտոներին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից հետո, եթե նա ԱԺ-ին դարձյալ դիմի եւ կրկնի դիմումը, նրան կփոխարինի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, մասնագիտությամբ դերասան Արթուր Մանուկյանը։

- Վստահ եմ, որ Էդգար Առաքելյանը կկրկնի մանդատից հրաժարվելու դիմումը, եւ Դուք կլինեք հաջորդ իմքայլական պատգամավորը։

- Դա հստակ չէ։

- Եղել են դեպքեր Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ, որ դիմումները չեն կրկնվել, բայց ինքը, համոզված եմ, կկրկնի։

- Մինչեւ չլինի, ես չեմ կարող․․․ ի՞նչ ասեմ։

- Թեպետ ինքն ասում էր՝ չքաղաքականացնել, բայց Վարազդատ Կարապետյանի գրառումից պարզ է դառնում, որ պատճառը Ամուլսարն է, եւ նա սկզբունքային դիրքորոշում ունի։ Ձեզ համար այն սկզբունքային չէ՞։

- Ճիշտն ասած՝ իր ֆեյսբուքյան գրառումը կարդացի, գիտեք․․․ ոնց որ այստեղ անմեղության կանխավարկած էլ կա, մարդն ասել է` ես իրավունք չունեմ․․․ ես իր հետ մտերիմ չեմ, չեմ կարող զանգել-հարցնել։ Չեմ կարող մեկնաբանել իր ասածները։ Եվ այս պարագայում ճիշտ կլինի կարդալ ու հասկանալ այն, ինչ գրված է, որովհետեւ ես չեմ կարող ենթադրել։

- Ո՞նց եք գնահատում, որ ինքը համաձայն չէր, որ Ամուլսարը հանք դառնա։

- Քանի որ իր գրառման մեջ էդպիսի նախադասություն չկա, եւ նման խնդիր առաջ չի քաշում եւ նույնիսկ պնդում է, որ Ամուլսարի հետ կապված չէ, ես ի՞նչ իրավունք ունեմ մեկնաբանել։

- Ի դեպ, Վարազդատ Կարապետյանն ասում էր՝ վերադարձիր, դու ինձ պետք ես․ Դուք ուրախ կլինե՞ք, որ վերադառնա։

- Ինձ․․․ մեկ է՝ կմնա, թե կգնա։

- Ձեր անձնական տեսակետն ինչպիսի՞ն է Ամուլսարի հարցում։

- Ես ընդհանրապես դեմ եմ աշխարհում բոլոր հանքերին։ Ոչ միայն Ամուլսարին, այլ ընդհանրապես բոլոր հանքերին, ատոմակայաններին, ամեն ինչին․․․ ավտոբուսներին, ավտոներին։ Այն ամենին, ինչն աղտոտում է բնությունը, ես դեմ եմ։ Բայց ինձ ոչ ոք էդ լեգիտիմությունը չի տալիս, մարդիկ պետք է ապրեն ու համաձայնության եզրերի մեջ լինեն․․․

- Ինչի՞ հետ համաձայնության՝ տեխնոլոգիաների՞։

- Այո, օրինակ՝ Երեւանում մենք համաձա՞յն ենք, որ ավտոները լինեն կամ չլինեն, չէ՞։ Բայց մենք համաձայն ենք, որ լինեն։ Դրանք մեզ օգնում են, բայց վնաս են էկոլոգիային։

- Մի՞թե մեքենայի ու Ամուլսարի վնասները համարժեք են։

- Մենք ունենք 30 հանք, ես, ճիշտն ասած, չեմ չափել՝ որն է ավելի շատ վնասում, որը՝ պակաս։ Բայց ես ենթադրում եմ, որ բոլորն էլ վնաս են։ Եվ եթե վաղը բոլորը լսեն ինձ ու ասեն՝ այո, քանի որ Արթուրն ասում է, որ բոլորը վնաս են, բոլոր հանքերը փակենք, պատկերացնո՞ւմ եք ինչ կսկսվի։ Բայց ասեմ, որ իմ այս պատասխանն էլ լղոզած է, իսկ դրա միակ պատճառն այն է, որ ես ոչինչ չեմ հասկանում Ամուլսարից, իր վնասներից ու օգուտներից։ Ես արվեստագետ եմ եւ կարամ թատրոնից, կինոյից ու գեղարվեստից խոսել, մշակույթից։ 

- Կինոյից ու թատրոնից ինչ-որ օրինագիծ պատրաստվո՞ւմ եք հեղինակել։

- Կան խմբեր, որոնք օրենքներ են մշակել, եւ դրանք քննարկվելու պրոցեսի մեջ են, մարդիկ աշխատել են, իմ պարտքն է՝ մտնել էդ պրոցեսի մեջ, հասկանալ, թե մինչեւ իմ մտնելն ինչ են արել։ Բայց միեւնույն է՝ իմ դիրքորոշումը հետեւյալն է, որ օրենքները կարող են թեթեւացնել մարդկանց կյանքը։ Բայց լավ կինո օրենքներով չեն ստեղծում։ Այն ստեղծում են մարդիկ, էդ մարդկանց նկատմամբ ուշադրություն դարձնելը նաեւ իմ գործերից մեկը պիտի լինի: