Պետդեպի կտրուկ պատասխանը՝ Վրաստանի վարչապետին

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ Կիևի ցանկության պատճառով։
Այս մասին ասվում է Պետդեպի՝ «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված պատասխանում։
Գերատեսչությունը հիշեցրել է Ղարիբաշվիլիին, որ ռուսական ագրեսիան չի սկսվել 2022 թվականին, քանի որ լայնամասշտաբ ներխուժումը 2014 թվականին Ղրիմի և Լուգանսկի և Դոնեցկի շրջանների մի մասի գրավման շարունակությունն էր։
ԱՄՆ արտաքին գերատեսչությունն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը որպես պատրվակ օգտագործել է երկիր ներխուժելու համար։
«Նախագահ Պուտինին զսպելու մեր ջանքերի շրջանակներում, 2022 թվականի փետրվարի 24-ին ինքնիշխան ուկրաինական տարածք լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր, Միացյալ Նահանգները մշտապես խոսում է այն երկու ուղիների մասին, որոնցով Ռուսաստանը կարող է գնալ՝ երկխոսություն և դիվանագիտություն, կամ էսկալացիա և լայնածավալ հետևանքներ։ Մենք իրական և անկեղծ ջանքեր գործադրեցինք առաջինին հասնելու համար, բայց Պուտինն ընտրեց պատերազմը», - նշել է ԱՄՆ Պետդեպը:
Կարծիքներ