Հայաստանը հասավ գլխավորին, բայց՝ 100 տարի հետո

Հայաստանը հասավ գլխավորին, բայց՝ 100 տարի հետո

Կան օրեր, որ արժենում են տարիներ, անգամ տասնամյակներ, որովհետեւ դրանք պատմություն են բեկում եւ տասնամյակների ընթացք են որոշում: Հայաստանի կյանքում եղած այդպիսի օրերից են 1918-ի մայիսի 28-ը, երբ հռչակվեց առաջին հանրապետությունը, 1920-ի օգոստոսի 10-ը, երբ ստորագրվեց Սեւրի դաշնագիրը: Նաեւ՝ նույն 1920-ի նոյեմբերի 29-ը, երբ Սեւրի դաշնագրով ճանաչված հայկական ու հունական տարածքների դեմ Քեմալ Աթաթուրքին զինած ու քսի տված Ռուսաստանը, այդքանը քիչ համարելով, ինքն էլ Կարմիր բանակով ներխուժեց Հայաստան, եւ երկիրը խորհրդայնացվեց: 1991-ի դեկտեմբերի 31-ը, երբ վերջապես փլուզվեց ու քարտեզից վերացավ Խորհրդային Միությունը, նաեւ՝ նույն 1991-ի սեպտեմբերի 21-ը, երբ հռչակվեց Հայաստանի անկախությունը: 

Անշուշտ, բոլոր թվարկված ու նման այլ օրերը նախընթաց զարգացումների կուլմինացիա են եւ միանգամայն կանխատեսելի` ինչ-որ իրադարձությունից կամ պահից սկսած: Հետեւաբար, գուցե ճիշտ կլիներ, եթե հանրային հավաքական հիշողության մեջ ոչ միայն զարգացումների կուլմինացիաները դրոշմվեին, այլեւ դրանց սկիզբ տված օրերն ու իրադարձությունները: Մյուս կողմից, սակայն, կյանքի անփոփոխ իրականությունն այն է, որ ժամանակակիցները հաճախ չեն ընկալում պահի խորությունը, պատմականությունը, բեկումնային լինելը:     

Այդ առումով շատ հիշարժան պատմություն կա. երբ 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակում է Հայաստանի անկախությունը, դա այնքան առօրեական իրադրությունում, օրվա մարտահրավերներին արձագանքելով, առանց որեւէ հանդիսության է կատարվում, որ միայն հռչակագրի տեքստն ընդունելուց հետո, երբ ներկաները շարժվում են՝ արդեն սրահից դուրս գալու, Ավետիս Ահարոնյանն է դռների մեջ հանկարծ ետ շրջվում եւ ասում. «Մեկ րոպե… բայց դուք պատկերացրի՞ք մենք ինչ արեցինք… պետականության ու անկախության կորստի 600 տարիներից հետո մենք այսօր Հայաստանը վերստին անկախ պետություն հռչակեցինք»: Ասում են՝ մի պահ բոլորն անշարժացել են, ապա սկսել ծափահարել ու բացականչել` Կեցցե Հայաստանը: 

Բարեբախտաբար, Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումն ավելի հանդիսավոր, անմոռաց ու տոնական եղավ, բայց դարձյալ իրադարձությունների հարահոսի մեջ, երբ կանգ առնելու եւ հանգրվանի հասած լինելու գիտակցում, զգացողություն ապրելու շատ ժամանակ չկար: 
Այնպես որ, նույնիսկ օրինաչափ է, որ շուրջբոլորը ծավալվող իրադարձությունների, Արեւմուտք-Ռուսաստան հակադրության, Լաչինի միջանցքի շուրջ ճգնաժամի եւ այլնի հորձանուտում, բազմաթիվ մարդիկ, նույնիսկ քաղաքականության, դիվանագիտության ու լրագրության դաշտերում չգիտակցեն, թե Հայաստանի պատմության մեջ ինչ մասշտաբի եւ խորության տեղաշարժ է կատարվում, որի սկիզբը դրվեց 2023-ի հունվարի 23-ին: Այն, ինչը պետք է լիներ հարյուր տարի առաջ, Սեւրի դաշնագրի ընդունումից հետո, այն է` եվրոպական ներկայության հաստատում Հայաստանում եւ ռուս-թուրքական մահաբեր օղակի ճեղքում, պատահում է միայն հիմա` հարյուր տարի անց: 

23.01.2023-ին կայացրած՝ Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու իր որոշմամբ Եվրոպական Միությունը, շրջանցելով Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, կանգնում է Հայաստանի հողին: Ընդ որում՝ կանգնում է Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով՝ ուղղակի անէացնելով «3+3 ձեւաչափի» կարգի ռուս-թուրքական օղակները, Ադրբեջանի փուչ հավակնությունները եւ Հայաստանի հանդեպ անգամ տեսական սպառնալիքները: 

Իհարկե, բոլոր այն անձինք, ովքեր տարիներով ասում էին, թե իբր կիսատ-պռատ ՀՀ տարածքին մոտեցած Ադրբեջանը կարող է Սյունիքի վրա հարձակվել, որոշների ապոկալիպտիկ մտավարժանքներն էլ հասել էին այնտեղ, որ գրում էին, թե Հայաստանի սահմանները կարող են փոխվել, կամ կարող է պետականությունը կորստյան մատնվել, կամ թուրքերը, ռուսները Հայաստանում որոշող լինեն, այսուհետ երկար մտավոր ու հոգեւոր ազատ անկման վիճակում կլինեն: Նրանց ահաբեկված հոգիներն ու խեղված աշխարհընկալումը թույլ չէին տալիս ընկալել, որ ոչ թե ռուսները կամ թուրքերը, այլ Եվրոպան է կանգնելու Հայաստանի հողում` այսօր դիտորդի կամ խաղաղապահի դեմքով, վաղը` ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի: Այլ հարց, որ շարժումն այդ մայրուղով այսքան արագ ու սահուն չէր ընթանա, եթե Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի արձանագրած քաղաքական ու ռազմական տապալումները չլինեին: Անչափ ցավալի է, որ Ուկրաինայում այդքան զոհեր եւ ավերածություններ են լինում, բայց այդ պատերազմը Եվրոպայի, նաեւ` Հայաստանի խոստումնալից խաղաղ ու ապահով ապագայի առհավատչյան է դառնում:

Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Եվրոպայում ձեւավորված ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անսեթեւեթ առաջխաղացման հնարավորության եւ անհրաժեշտության պարագայում Եվրոպական Միությունը շատ արագ գտավ Հայաստանի հողին կանգնելու ճանապարհը: Ընդամենը 2022-ի գարնան վերջին, թե ամռան սկզբին էր, որ ԵՄ արտաքին եւ պաշտպանական քաղաքականության Ռազմավարական կողմնացույցը` EU Strategic Compass-ը, հաստատվեց, որով նախատեսվեց CSDP երկու առաքելությունների ստեղծում՝ 200 հոգուց կազմված, որը կարող էր գործարկվել արդեն 2023-ից, եւ 5 հազար հոգուց կազմված սպառազեն ռազմական առաքելություն, որը կգործարկվի 2025-ից: Գարնանից դեռ սպասելի էր, որ Strategic Compass-ով նախատեսվող եւ ստեղծվող առաքելությունների տեղակայման վայրը հատկապես Հայաստանն է լինելու, այդ մասին մի քանի անգամ անցյալ տարվա ընթացքում ինքս էլ եմ հոդվածներում գրել, եւ այդպես էլ եղավ: 

Մի քանի ամսում արտառոց արագությամբ ձեւավորված եւ վարժանքներ անցած CSDP-ի լիարժեք քաղաքացիական առաքելությունը, ըստ որոշ տեղեկություների` կարծես թե 200 հոգու, ըստ այլ տեղեկությունների` 100 հոգու կազմով ժամանում է Հայաստան:

Պարզ է, որ 2025-ին գործարկվող ռազմական առաքելությունն էլ կարող է գալ Հայաստան: Սակայն դա մասամբ կարող է նաեւ ավելի վաղ պատահել, քանի որ EU Strategic Compass-ը նման ճկունությունը տալիս է: Համաձայն այդ փաստաթղթի մինչեւ 2025-ին CSDP ռազմական առաքելության` գործարկման պատրաստ լինելը, ԵՄ առանձին պետություններ կարող են իրենց ռազմական ուժերից դիտորդական կամ խաղաղապահ կոնտինգենտ ձեւավորել եւ ԵՄ մանդատի ներքո, որպես ԵՄ խաղաղապահ ուժեր, ուղարկել այնտեղ, որտեղ անհրաժեշտ են համարում: Հուսանք, 2023-ի ընթացքում Հայաստանը վերջապես կնախաձեռնի եւ ավարտին կմոտեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը, ինչին զուգահեռ ու համաժամանակյա կերպով էլ Հայաստան կարող են ժամանել ԵՄ ռազմական դիտորդները եւ ուժերը: 

Ի դեպ, ուշագրավ է, որ 23.01.2023-ի որոշմամբ Հայաստանում տեղակայվող ԵՄ առաքելության անվան մեջ չի ներառված դրա բնույթը, այլ միայն European Union Mission in Armenia (EUAM), «ԵՄ առաքելություն Հայաստանում» բառերը, մեծագույն հավանականությամբ` որովհետեւ ժամանող քաղաքացիական առաքելությունը հընթացս կարող է լրացվել կամ փոխակերպվել: 

Սակայն այստեղ առավել էականը գիտակցելն է, որ ԵՄ 200 քաղաքացիական դիտորդներ կկանգնեն Հայաստանում, թե 5 հազար սպառազեն դիտորդներ, առանձնապես տարբերություն չի ստեղծում: Որոշիչը, անհավատալին, պատմականն այն է, որ, ի դեմս այդ դիտորդների, վերջապես Եվրոպան է թուրք-ռուսական տանդեմը ճեղքելով կանգնում Հայաստանի հողի վրա: Եվ այնքան երկար ժամանակով, որի ընթացքում ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման հիմնական քայլերը կկատարվեն: Ո՜ւր էր, թե այս ամենը պատահեր 100 տարի առաջ, ո՜ւր էր, թե ռուս-թուրքական տանդեմը հարյուր տարի առաջ ճեղքված ու չեզոքացված լիներ… 

Սակայն… պատմությունը ետ չես շրջի: Էականը, որ 2020թ․ պատերազմից հետո, հակառակ բոլոր սխալ ընկալումներին, թե նորից 1920-ի սցենարն է կրկնվում, նորից ռուս-թուրքական աքցան է սեղմվում Հայաստանի շուրջ, իրականում ռուս-թուրքական աքցանը փշրվեց: Եղավ այն, ինչի մասին անվերջ գրել եմ 2020-ից ի վեր, Եվրոպան կանգնեց Հայաստանի հողի վրա: Իսկ դա նշանակում է, որ տեսանելի ապագայում հաստատվելու է ԵՄ արտաքին սահմանը Հարավային Կովկասում, եւ այն անցնելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծով` դրանից բխող բոլոր հետեւանքներով Ադրբեջանի համար: Մեծ հաշվով, կարելի է նույնիսկ պնդել, որ այսօր Լաչինում ոչ այնքան Արցախի ներկան է որոշվում, որքան ԵՄ-ին երբեւէ միանալու շանս չունեցող Ադրբեջանի ապագան, անկախ նրանից՝ Ալիեւը դա գիտակցում է, թե ոչ: Թեեւ՝ եթե գիտակցի էլ, ո՞վ է դա հաշվի առնելու` ԵՄ-ն կամ ԱՄ Նահանգնե՞րը, թե՞ ԵՄ պարագծից դուրս թողնվող՝ Ադրբեջանում հաստատվելու հավակնություն ունեցող Ռուսաստանը, Իրանը կամ Չինաստանը: