Խնդիրը մեր մեջ է

Խնդիրը մեր մեջ է

Հինգ տարի առաջ փողոցի ուժով իշխանություն գրաված ջահելները չեն հասկանում, որ ժողովրդավարական Արեւմուտքի վրա ժողովրդավարություն «վաճառելը» բացարձակ անիմաստ զբաղմունք է: Նրանք չեն գիտակցում, որ արեւմտյան երկրների ղեկավարությունն արտաքին քաղաքականության հարցերում երբեք չի առաջնորդվել ժողովրդավարական նորմերով: Արտաքին հարցերում քաղաքականության սկզբունքը աշխարհաքաղաքական շահերն են, իսկ ժողովրդավարությունը, լավագույն դեպքում, ներքին օգտագործման մեխանիզմ է: Դա բազմաթիվ անգամ ասվել է եվրոպական վերպետական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչներին:

Նախկինները դա հասկանում էին եւ փորձում էին հարմարվել խաղի նման կանոններին: Բայց ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը եւ նրա թիմի անդամները համառորեն դա չեն ցանկանում ընդունել: Աշխարհաքաղաքական շահերով առաջնորդվող եվրոպական քաղաքական գործիչների հետ շփումներում անընդհատ փորձում են խաղարկել Հայաստանի ժողովրդավարական բնույթը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, օրինակ, ԵԽԽՎ 2023 թվականի ձմեռային նստաշրջանի նիստում պահանջում է ընդունել «բանաձեւ այն պետության դեմ, որի նախագահը բացահայտ խոսում է ժողովրդավարական հարեւանի դեմ ագրեսիա սկսելու իր ծրագրերի մասին»: Նախ, չեմ կարծում, թե ԵԽԽՎ-ի պատվիրակները տեղյակ չեն, թե իրականում ինչպիսի ժողովրդավարություն է հաստատվել Հայաստանում Փաշինյան Նիկոլի օրոք: Եվ չեմ կարծում նաեւ, որ Ռուբեն Ռուբինյանի խոսքով պետք է նրանք կարծիք կազմեն, թե ժողովրդավարակա՞ն է, արդյոք, Հայաստանը: Բայց նույնիսկ մի պահ ընդունենք, թե ԵԽԽՎ-ում եւ ընդհանրապես՝ եվրոպական էլիտաներում հավաքված են միայն վերջերս Լուսնից իջած անձինք: Եվ նրանք բացարձակ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում մեր երկրում: Եվ Հայաստանի մասին էլ պատկերացում են կազմում ընդամենը Փաշինյան Նիկոլի կամ նրա ջահելների ելույթների շնորհիվ: Բայց նույնիսկ այդ դեպքում նրանց բացարձակ պետք չէ ժողովրդավարական Հայաստանը, եթե այն խանգարում է սեփական աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելուն: 

Իսկ այդ շահերը պահանջում են տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումն ու Ադրբեջանի հետ նավթագազային համագործակցության ընդլայնումը: Ասվածի ամենաթարմ օրինակը BBC-ի Hard Talk ծրագրի հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցերն էին՝ ուղղված Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին: Հաղորդավարին հետաքրքրում են ոչ թե արցախյան խնդիրները կամ Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ արցախցիների, այլ հենց Վարդանյանի անձը՝ որպես ռուսաստանյան գործարար: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ նրա վերաբերմունքը ՀՀ վարչապետին, ՌԴ նախագահ Պուտինին կամ ռուս-ուկրաինական պատերազմին: Իհարկե, դրանք եւս կարող էին տեղ գրավել հարցազրույցում: Բայց միայն այն բանից հետո, երբ անգլիախոս արեւմտյան հանրությանը կներկայացվեր իրերի իրական դրությունը Լաչինի միջանցքում եւ Արցախում՝ ընդհանրապես: Ի պատիվ իրեն՝ Ռուբեն Վարդանյանը կարողացել է առաջ մղել սեփական մտքերը, բայց դա բացարձակ հետաքրքիր չէր BBC-ի հաղորդավարին, որը փորձում էր ընդամենը խեղճացնել հյուրին՝ որպես պուտինյան օլիգարխի: Եվ կամ Փաշինյանի, Պուտինի ու ռուս-ուկրաինական պատերազմի առումով: 

Իսկ եթե անգլիացի հաղորդավարն իրականում լիներ ժողովրդավարական արժեքների կրող, ապա նախքան Վարդանյանից հարցազրույց վերցնելը կփորձեր նույնն անել Ադրբեջանի ղեկավարի հետ: Եվ նրան կտար թե՛ կոռուպցիայի, թե՛ հարեւան պետության դեմ ագրեսիայի, թե՛ իր երկրում բնապահպանական պայքարի, թե՛ Լաչինի ճանապարհը փակելու վերաբերյալ բազմաթիվ հարցեր: Իսկ այնուհետեւ, այդ հարցերին տրված պատասխանների բագաժով զինված, կարող էր Արցախի պետնախարարին ուղղել իր ցանկացած հարցը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ բարի գտնվեր լսելու իր հարցերին տրված պատասխանները: Ոնց հասկանում եմ՝ հարց տալն ու իրեն ոչ հաճելի պատասխանը չլսելն արեւմտյան լրագրության հիմնական կանոններից է: Դրա վկայությունը ոչ միայն Սթիվեն Սակուրի հարցազրույցն էր Ռ. Վարդանյանի հետ, այլեւ մի քանի տարի առաջ պատկառելի տարիքի ամերիկյան լրագրողներից մեկի (անունն արդեն չեմ հիշում) նույնաբնույթ հարցազրույցը ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ: Պատկերացնում եմ, թե իրենց ինչպես կպահեն ժողովրդավարական երկրների ղեկավարները, եթե նրանցից նման բնույթի հարցազրույց վերցնեն եվրասիական տարածաշրջանի լրագրողները: Շատ հեռու չգնանք՝ նույն վերաբերմունքն է առկա «ժողովրդավարության բաստիոնի» իշխանավորների շրջանում՝ իրենց առաջնորդից սկսած:

ՀԳ. Հաղորդավարի մեկ-երկու հարց էլ վերաբերում էր այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած անձը հրաժարվել է Արցախից: Դրան, ճիշտ է, կարողացավ պատասխան տալ Վարդանյանը, բայց խնդիրը մեր մեջ է. 1988-ին հարյուր հազարներով հանուն Լեռնային Ղարաբաղի միավորման փողոց դուրս եկած զանգվածներն այսօր հանդուրժում են Փաշինյան Նիկոլի վարչապետությունը: