Փաշինյանն էթնիկ զտման է ենթարկում Հայաստանը՝  փոխելով երկրի եւ այն բնակեցնողների ԴՆԹ-ն

Փաշինյանն էթնիկ զտման է ենթարկում Հայաստանը՝  փոխելով երկրի եւ այն բնակեցնողների ԴՆԹ-ն

Փաշինյանն ու իր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքը փակելով ու Արցախի կապն արտաքին աշխարհի հետ կտրելով՝ Ադրբեջանի նպատակն Արցախը հայաթափելն է: «Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է` անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանն արդեն շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, եւ խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»,- դեռեւս մինչեւ Արցախի շրջափակումը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին: Արարատ Միրզոյանը ցակացած երկրի կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը խնդիր է դրել՝ էթնիկ զտման ենթարկել Արցախը: Կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ նրանք իսկապես մտահոգված են Արցախի եւ արցախահայության ճակատագրով եւ ոչ թե գործում են ըստ արարողակարգի՝ ինչ-որ բան ասելու եւ ինչ-որ բանով զբաղված լինելու տպավորություն ստեղծելու համար:

Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու պատճառով առայժմ էթնիկ զտման չի կարող ենթարկվել. արցախցիները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող հեռանալ Արցախից: Մինչդեռ Փաշինյանի եւ նրա իշխանության գործունեության արդյունքում Հայաստանն օրեցօր ավելի արագացող տեմպերով դատարկվում է: Փաշինյանը Հայաստանը վերածել է աղետի գոտու, որտեղից փրկության միակ ելքն արագ փախչելն է՝ Փաշինյանի հերթական զոհը չդառնալու համար: Բազմաթիվ մարդիկ ասում են, որ Փաշինյանի կողմից կազմակերպված եւ կառավարվող մսաղացի հերթական զոհը չդառնալու միակ ելքը Հայաստանից հեռանալն է, իսկ նրանք, ովքեր արդեն հեռացել են, Հայաստանում տեղի ունեցողին հետեւելով համոզվում են իրենց ընտրության ճշմարտացիության մեջ:

Ամերիկյան աղբյուրները պնդում են, որ վերջին երկու- երկուսուկես տարիների ընթացքում Հայաստանից միայն Լոս Անջելես ոչ օրինական ճանապարհով ամսական 1000-1500 հայ է տեղափոխվում մշտական բնակության: Հայաստանում գործում են բազմաթիվ միջնորդ խմբավորումներ, որոնք մեկ անձի համար 30-35 հազար դոլարով մարդկանց տեղափոխում են Մեքսիկա եւ այնտեղից անցկացնում Մեքսիկա-ԱՄՆ սահմանը: Հայաստանի իրավապահ մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, շատ լավ տեղեկացված են այդ խմբավորումների գործունեության մասին: Երբեմն դրանց անդամները ձերբակալվում են եւ նույնպիսի հաջողությամբ ազատ արձակվում: Երեւի այդ մարդկանց գործողությունների մեջ ֆորմալ առումով հանցակազմ չկա. նրանք գրեթե տուրիստական գործակալներ են եւ մարդկանց օգնում են ճամփորդել Միացյալ Նահանգներում, առանց վերադարձի: Իրավապահ մարմիններն էլ ստանում են իրենց միջնորդավճարը, թե չէ ի՞նչ իմաստ ունի մարդկանց ձերբակալելն ու ազատ արձակելը:

Ընդ որում՝ հեռանում է երկրի առավել գործունակ, առավել աշխատունակ մասը՝ միջին խավը: Մարդիկ հիմնականում հեռանում են ընտանիքներով` 3-5 հոգի, իսկ դա ամեն մարդու բան չէ: Երկրում մնում են աղքատ ու անգործունակ, նախաձեռնությունից եւ ստեղծագործ նորարարությունից զուրկ մարդիկ, որոնք կա՛մ համակերպվել են աղետի անխուսափելիության գաղափարին, կա՛մ անհուսալիությունից սկսել են հավատալ հնարավոր հրաշքին:

Մի մարդ, ով հայտարարում էր, որ Հայաստանի բնակչությունը 2050 թվականին պետք է դառնա 5 միլիոն, իրականում այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որի արդյունքում երկիրն ինտենսիվորեն զրկվում է իր քաղաքացիներից: Փաշինյանին նման հեռանկարը միանգամայն բավարարում է, որովհետեւ միայն աղքատ, անգործունակ ու ամեն ինչի հետ համակերպված մարդիկ կարող են հանդուրժել իր իշխանությունը: Եթե Փաշինյանին իսկապես հետաքրքրեր Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումը, ապա նա այդ նույնը չէր անի ամբողջ Հայաստանի տարածքում: Մինչդեռ Փաշինյանին պետք չեն մտածող եւ գործելու ընդունակ մարդիկ: Մանավանդ որ քաղաքացիների հեռանալու արդյունքում Փաշինյանի եւ նրա իշխանության ներկայացուցիչների եկամուտները չեն նվազում, երկրում դրամային հոսքերն ու շրջանառությունը մեծանում են: Հայաստանի քաղաքացիներին փոխարինում են Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի եւ արաբական որոշ երկրների քաղաքացիները: Փաշինյանը փոխում է երկրի եւ նրա բնակիչների ԴՆԹ-ն՝ ավելորդ խնդիրներից եւ գլխացավից ազատվելու համար, այդպիսով ապահովելով իր քաղաքական անվտանգությունն ու երկարակեցությունը:

Ավետիս Բաբաջանյան