Հարգելի ռուսներ, ձեր Պուտինին մեր Նիկոլի հետ մի համեմատեք

Հարգելի ռուսներ, ձեր Պուտինին մեր Նիկոլի հետ մի համեմատեք

Ռուսաստանից եկած ռուսները հիանում են՝ ի՜նչ ազատ է ձեր երկրում, հանգիստ արտահայտվում եք՝ քննադատում եք ձեր իշխանություններին, հակաիշխանական կարծիք եք հայտնում։ Հասկանալի է, որ ամեն ինչ համեմատության մեջ է բացահայտվում եւ Հայաստանը՝ Ռուսաստանի համեմատ գուցե եւ ավելի ազատ երկիր է, քանի որ մեզանում դեռ կան մարդիկ, որոնք կարող են քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին եւ կան լրատվամիջոցներ, որոնք դեռ չեն փակվել՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին քննադատելու պատճառով։

Բայց մենք չենք ուզում համեմատվել անազատ երկրների՝ Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հետ։ Այդ բոլոր երկրներում իրավիճակն իրարից խիստ տարբեր է եւ շատ տարբեր է Հայաստանի իրավիճակից։ Այդ երկրների քաղաքացիները հավանաբար ունեն բազմաթիվ արդարացումներ, թե ինչու են հանդուրժում իրենց անազատությունը։ Մեկն, օրինակ, հավակնում է համաշխարհային գերտերության կարգավիճակին, որի պետությունը մեծ չափաբաժին ունի համաշխարհային տնտեսության մեջ ու իրեն, ինչպես ասում են, դուր է գալիս ուժեղ պետության քաղաքացի լինելու հանգամանքը։

Մյուսի պետությունը գուցե ավելի բարձր բարեկեցության մակարդակի է հասել եւ մարդիկ պատրաստ են իրենց ազատությունից մի քիչ հրաժարվել, որ ավելի բարեկեցիկ ապրեն։ Երրորդը տարածքային զավթումների ուղին է բռնել եւ համաձայն է ապրել անազատ երկրում, բայց վերականգնել իր կորսված արժանապատվությունն ու 90-ականներին կորցրած տարածքները։ Որ ամեն քայլափոխի հպարտանա, թե հայերի քթին խփեցինք ու Արցախը հետ խլեցինք։

Մենք ի՞նչ ենք շահում, որ մեր երկրում հանդուրժենք անազատությունն ու դեմոկրատիայի պակասը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ Արցախի հարցը լուծեց եւ պահպանեց հաղթող ազգի՝ 90-ականներին կերտված լեգենդը, որի համար հանդուրժեինք ազատության սահմանափակումները։ Ոչ մեզ տնտեսական բարեկեցություն ու բարվոք կյանք բերեց, որ ասեինք՝ դե, ոչինչ, ամեն օր բանան ու կիվի ուտելու դիմաց պետք է մի քիչ էլ վճարել։ Ոչ աշխատատեղեր ու ապագայի հեռանկար ապահովեց, որ ասեինք՝ այսօր մի քիչ նեղ ապրենք ու մի քիչ էլ ժողովրդավարությունից հրաժարվենք, որ մի 5 տարուց լուսավոր ապագա կառուցվի մեր երկրում ու մեր երեխաները գոնե լավ ապրեն։
Հանուն ինչի՞ զիջենք եւ հանդուրժենք խոսքի ազատության պակասը։ Հանուն ինչի՞ դիմանանք՝ չհայհոյենք, չանիծենք, ֆեյսբուքում ստատուսներ չգրենք Փաշինյանի ու նրա թիմի դեմ։ Կարո՞ղ եք ասել մի բան, հանուն որի արժի լռելն ու բռնապետությունը հանդուրժելը։ Չկա։

Սվետա Մարտիրոսյան