Ի՞նչ ապագա է սպասվում հայաստանցիներին Նիկոլի վարչապետության պարագայում

Ի՞նչ ապագա է սպասվում հայաստանցիներին Նիկոլի վարչապետության պարագայում

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում, բացի 8 անկլավներ «վերադարձնելու»՝ անընդհատ կրկնվող պահանջից, առկա է մեկ այլ ձեւակերպում: Ահա. «Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում... արդար դիրքորոշում ցուցաբերել խաղաղության գործընթացում եւ ճիշտ ընկալել տարածաշրջանի իրողությունները»: Ո՞րն է, ադրբեջանցիների կարծիքով, արդար դիրքորոշումը, եւ ի՞նչ է նշանակում տարածաշրջանի իրողությունները ճիշտ ընկալելու խորհուրդը: Առաջին․ արդար դիրքորոշումը, ենթադրաբար, նույն անկլավների վերադարձի հարցն է: Երկրորդ․ «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին հանձնելու հարցն է: Երրորդ․ ժամանակին Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին իրենց ծննդավայրը վերադառնալու հարցն է: Վերջին հարցը հետագայում կլրացվի վերադարձած ադրբեջանցիների համար չափազանց կարեւոր մի երեւույթով. համայնքային ոստիկանության առկայությամբ: ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը ոստիկանության բարեփոխումների առումով ընդունելի է համարել համայնքային ոստիկանության ձեւավորումը: Ինչը, ի դեպ, ժամանակին մերժվել է ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից: Իսկ Վանոն, ըստ մամուլի հրապարակումների, ժամանակին վերցրել էր Տեր-Պետրոսյանի հոգեզավակ, երիտասարդ լրագրող Նիկոլի շեֆությունը: 

Վերադառնանք համայնքային ոստիկանության խնդրին: Ադրբեջանցիներով բնակեցված համայնքը, բնականաբար, կունենա ադրբեջանցի համայնքապետ: Իսկ եթե մեզանում ձեւավորվի նաեւ համայնքային ոստիկանություն, ապա դրա կազմը՝ ղեկավարով հանդերձ, եւս բաղկացած կլինի ադրբեջանցիներից: Իսկ ոստիկանները, չմոռանանք, զենք կրելու իրավունք ունեն: Թե ինչի կարող է հանգեցնել այդ իրողությունը, կարծում եմ՝ կհասկանան նաեւ Նիկոլի շրջապատում: Բայց, բնականաբար, դրա դեմ այսօր ոչինչ չեն ձեռնարկի: Դրա համար նրանք պետք է, նախ, ունենան հայրենասիրության զգացում, ինչը չունեն: Եվ երկրորդ՝ լինեն համարձակ, ինչը եւս կիլոմետրերով հեռու է իրենցից: Նիկոլականները, բնականաբար, իրենց առաջնորդի հետ եւ նրա օրինակով չեն խոչընդոտելու խաղաղության հաստատման գործընթացին: Շատ-շատ՝ հայաստանցիներին հանգստացնելու համար, կարծիք կհայտնեն, որ միջանցքի հարցը, օրինակ, «իրենց տպավորությամբ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հրապարակային հայտարարություններից դուրս է եկել»: 

Իսկ թե ինչ է իր մեջ պարունակում տարածաշրջանի իրողությունները ճիշտ ընկալելու խորհուրդը, կարծում եմ՝ ավելի քան հասկանալի է: Տարածաշրջանային իրողություններն այսօր հստակ են՝ Նիկոլի վարչապետությամբ ու գլխավոր հրամանատարությամբ Հայաստանը պարտվել է հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր բոլոր ձեւաչափերում, բացառությամբ մեկի՝ Տավուշի դիրքային մարտի (2020 թվականի հուլիսին): Թվարկեմ՝ 44-օրյա պատերազմ, Երեւան-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի հանձնում, Սեւ լճերի եւ Սյունիքի մարզի այլ տարածքների հանձնում, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերի առանձին տարածքների հանձնում: Հերթում 8 անկլավներն են ու վերը նշված՝ մնացած հանձնելիքները: Այնպես որ, Իլհամին իսկապես անհրաժեշտ չէ նոր պատերազմ նախաձեռնելն ու կրկին միջազգային խոսքային հարձակումների ենթարկվելը: Մնացածը նա կստանա առանց պատերազմի՝ ընդամենը Հայաստանի կողմից արդար դիրքորոշում ցուցաբերելու շնորհիվ: Ինչը հիմնավորված կլինի տարածաշրջանի իրողությունները ճիշտ ընկալելու վրա: Ահա, այդպիսի խաղաղ ապագա է սպասվում հայաստանցիներին՝ Նիկոլի վարչապետության շարունակման պարագայում: