Պահանջում եմ Երեւանի նոր ընտրություններ նշանակել

Պահանջում եմ Երեւանի նոր ընտրություններ նշանակել

Լավ չեղավ, Ավինյան, հեչ լավ բան չեղավ: Հավաքում ես կողմնակիցներիդ, սպառնում ես թաթիկները եւ լեզուները կտրել, եթե մյուս անգամ Վարդան Ղուկասյանին «պարոն»-ով դիմեն: Այսօր ո՞վ է բռնության կոչեր հնչեցնում: Բոլորին բռնում, բանտ են նստեցնում: Եվ ենթադրենք, ձերոնց սպառնում ես, իսկ էն մարդուն՝ Վարդան Ղուկասյանի՞ն ինչու ես վիրավորում, թե բա՝ դոգերի հետ չի կարելի «պարոն»-ով խոսել… Հիմա որ նա էլ վերցնի ու քեզ վիրավորի, լա՞վ կլինի: Թե՞ պարոն Վարդան Ղուկասյանը վիրավորել չգիտի, քֆուր-քյաֆար անել չգիտի: Նա էլ քեզ նման մեկն է, որ հաղթահարել է Երեւանի ավագանու շեմը՝ սա ի՞նչ մոտեցում է, չեմ հասկանում: Դուք պետք է հարգալից լինեք միմյանց նկատմամբ, իրար փոր չթափեք, քանզի կոալիցիոն գործընկերներ եք նաեւ: Առանց այն էլ Երեւանի քաղաքապետարանը ոչնչով չի փայլում եւ առանձնապես չի տարբերվում մյուս համայնքապետարաններից: Քաղաքը կեղտի մեջ կորած է, երթեւեկությունը՝ կաթվածահար, բնակֆոնդը՝ խայտառակ վիճակում, երեւանցիները խեղդվում են շինարարական փոշուց ու աղբից, մետրոյի շինարարությունն էլ թքել է փայտիկին: Չեմ կարծում, թե Դոգն է այս ամենի մեղավորը: Չե՞ս կարողանում ոչինչ անել, Ավինյան, հրաժարական տուր, ինչո՞ւ ես մարդկանց վիրավորում ու սպառնում:

Բան չունեմ ասելու, Դոգն էլ մի բարի պտուղը չէ: Նա չգիտե՞ր, որ Ավինյանը սովորական նիկոլական մեկն է ու, ինչպես Նիկոլը, չի կարողանալու գլուխ հանել բարդ խնդիրներից: Ուրեմն ինչո՞ւ Ավինյանին դարձրեց քաղաքապետ: Որ հետո պղտոր ջրում ձո՞ւկ որսա: Ու դեռ հայտնի էլ չէ՝ փող վերցրե՞լ է ՔՊ-ից՝ Ավինյանի համար քվորում ապահովելու նպատակով, իսկ եթե այո, ապա որքան: Կարծում եմ՝ սա էլ կպարզվի մի օր, եթե Ավինյանը, ներողություն, շատ համը հանի: Մեզանում փակ խորհրդակցությունների ժամանակ ղեկավարներին ձայնագրելը տարածված երեւույթ է: Ի՞նչ իմանաս, Դոգին «կաշառելու» գործընթացը, արդյոք, չի՞ ձայնագրվել կամ նկարահանվել: Կոռուպցիոն ռի՞սկ... 
Երկրի վիճակն այսօր այնքան ծանր է, որ ո՛չ Ավինյան խաղացնելու հավես կա, ո՛չ էլ Դոգ: Ի վերջո, կարելի է ասել՝ իրար արժեն, թող վայելեն զմիմեանս: Ես ուրիշ հարց ունեմ՝ ո՞վ կարող է ինձ ասել՝ ո՞ւմ համար է ներկրվելու «ՄԱՆ» ավտոբուսների հերթական խմբաքանակը: Եթե չեմ սխալվում` 30 նոր ավտոբուս են բերելու: Ո՞ւմ համար, եթե Նիկոլ Փաշինյանին ոչ մի կերպ չի հաջողվում խաղաղության պայմանագիր կնքել Ալիեւի հետ: Այս օրերին արդուկը միացնում ես՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին է խոսում: Այդ ավտոբուսները, ինչ է, բերվում են մեր երեւանցի քույրերին ու եղբայրներին բարեհաջող էվակուացնելու համա՞ր: Ե՞րբ եք վերջ տալու այս ցուցամոլությանն ու ձեր սուտի գզվռտոցին, պարոնայք Ավինյան եւ մյուսներ: Դասական Էդմոն Մարուքյանը կասեր՝ էդ ուշադրություն եք շեղըըըըըմ: Չի բացառվում, չէ՞, որ Ավինյանի ու Ղուկասյանի կռիվն անվտանգության հարց է Հայաստանի համար: Ասում են՝ ՔՊ ավագանու անդամների մեջ գաղտնի ձայնագրողներ, Ավինյանի լավը չուզողներ կան: Մինչդեռ Երեւանը Հայաստանի կեսն է, ու եթե վտանգվում է Հայաստանի կեսը, վտանգվում է նաեւ Հայաստանը: Մյուս կողմից՝ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը կաշիներից դուրս են գալիս, որ մի թուղթ ստորագրեն Ալիեւի հետ, սրանք Երեւանի քաղաքապետարանում ծիտիկ ու դոգ են նկարում: Ամոթ է, ամոթ:

Ես Փաշինյանին առաջարկում եմ Երեւանի նոր ընտրություններ նշանակել՝ պայմանով, որ ՔՊ-ն ու Վարդան Ղուկասյանի կուսակցությունը չմասնակցեն դրանց: