Ռուսաստանը փակել է վերաարտահանման ճանապարհը. Հայաստանը դադարում է ավտոարտահանող երկիր լինել

Ռուսաստանը փակել է վերաարտահանման ճանապարհը. Հայաստանը դադարում է ավտոարտահանող երկիր լինել

Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Ռուսաստանը հերթական հարվածը հասցրեց Հայաստանի տնտեսական աճին։ Ռուսաստանում ընդունվեց օրենքի փոփոխություն, ըստ որի՝ ԵԱՏՄ տարածքից Ռուսաստան ներմուծվող ավտոմեքենաների համար սահմանվում է ավելի բարձր խոտանման կամ վերամշակման հարկ: Որոշ մեքենաների դեպքում այդ հարկը հասնում է մինչեւ 160 հազար ռուսական ռուբլու, ինչը համարժեք է 17 հազար դոլարի: Հայաստանից Ռուսաստան մեքենա վերաարտահանելը դարձել է ոչ շահավետ, այս բիզնեսում ներգրավված հազարավոր մարդիկ կանգնած են ծանր վիճակի առաջ. նրանք մեքենաներ են գնել եւ ներմուծել Հայաստան՝ դրանք հետագայում Ռուսաստան վերաարտահանելու եւ վաճառելու համար, բայց նոր փոփոխությունների արդյունքում այդ մեքենաների գինն էականորեն թանկանում է, եւ դրանք դառնում են անմրցունակ:

Ռուսաստանը սա չի արել ընդդեմ Հայաստանի, Ղրղզստանի կամ Ղազախստանի, որտեղից ավելի հաճախ մեքենաներ էին ներմուծում Ռուսաստան, այլ՝ սեփական արտադրողներին պաշտպանելու համար: 2022 թ․ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը լքած ֆրանսիական, գերմանական, ճապոնական ավտոարտադրողներին փոխարինեցին չինականները: Չինական ավտոարտադրողներն իրենց մեքենաները Ռուսաստան են ներմուծում ոչ միայն չինական բրենդներով, այլեւ ռուսական հայտնի ապրանքանիշների անվան տակ: Ռուսաստանում արտադրվող «Մոսկվիչ»-ները կամ «Լադա»-ներն իրականում նույն չինական մեքենաներն են՝ չինական պահեստամասերով, բայց ռուսական անվանումներով: Ռուսաստանցի սպառողները կասկածում են չինական մեքենաների որակին, իսկ նրանք, ովքեր արդեն հասցրել են գնել չինական ավտոմեքենաշինության արտադրանքը, փոշմանել են: Հենց այդ պատճառով Հայաստանում ձեւավորվել էր բիզնեսի մի նոր ճյուղ. մարդիկ ԱՄՆ-ից վթարված մեքենաներ էին ներմուծում, վերանորոգում եւ վերաարտահանում Ռուսաստան: Ժամանակի ընթացքում այս բիզնեսի մեջ մտան նաեւ բազմաթիվ ռուսաստանցիներ: Տարեկան այս ճանապարհով տասնյակ հազարավոր մեքենաներ էին բերվում Հայաստան եւ վերաարտահանվում Ռուսաստան: Մեքենաների մաքսազերծման գումարը մտնում էր Հայաստանի բյուջե, եւ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր Հայաստանի բյուջետային մուտքերի ավելացմամբ, կարծես թե դա իր իշխանության արդյունավետ կառավարման ցուցիչն է, ոչ թե մարդկանց կողմից իրավիճակը ճիշտ գնահատելու եւ դրանից օգտվելու արդյունք:

Մեքենաների ներմուծման եւ վերաարտահանման ոլորտում զբաղված են հազարավոր մարդիկ, եւ այս գործունեությունը մուլտիպլիկատիվ էֆեկտով եկամուտ էր ապահովում հարակից այլ ոլորտներում` ավտովերանորոգողներից մինչեւ պահեստամասերի ներմուծում եւ վաճառք: Հիմա այդ մարդիկ կորցնելու են իրենց աշխատանքը եւ եկամտի աղբյուրը: Հայաստանում կա դժգոհություն, որովհետեւ մարդիկ չգիտեն, թե ինչ են անելու այն հազարավոր մեքենաները, որոնք արդեն գնվել եւ բերվել են Հայաստան, եւ նրանք, որ դեռ ճանապարհին են: Օգոստոսին գնված մեքենաները նոր են հասնում Հայաստան, իսկ օգոստոսին մարդիկ չէին կարող իմանալ, որ հոկտեմբերի 29-ին ՌԴ կառավարությունը նման որոշում կկայացնի: Հայաստանի մեքենաների ներքին շուկան բավական փոքր է նման ծավալը կլանելու համար, եւ այդ մեքենաները, մնալով Հայաստանում, լուրջ հարված են հասցնելու ներքին շուկային, գներն իջնելու են, հնարավոր է՝ նույնիսկ ինքնարժեքից ցածր: Բայց հայ ավտոներկրողները չեն բողոքում. նրանց մի մասը համարում է, որ իմաստ չունի բողոքել, քանի որ որոշումը կայացրել է Ռուսաստանի կառավարությունը, մյուսներն ասում են, որ Հայաստանի կառավարությունը կարող էր բանակցել Ռուսաստանի իշխանությունների հետ, որ գոնե բացառություն տրվեր մինչեւ հեկտեմբերի 29-ն ԱՄՆ-ում գնված մեքենաների համար, ինչպես ժամանակին արվեց, երբ Հայաստանը դառնում էր ԵԱՏՄ անդամ: Այն ժամանակ Հայաստանի ավտոներկրողները բողոքի ցույցերի արդյունքում հասան նրան, որ Հայաստանի իշխանությունը բանակցություններ վարեց եւ արտոնյալ պայմաններ ստացավ ավտոներկրողների համար, որ նրանք կարողանան հին գներով մաքսազերծել մեքենաները, եւ շատերն օգտվեցին այդ հնարավորությունից: Հիմա մարդիկ հասկանում են, որ դա անհնար է. այն ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունները գործընկերային էին, եւ Ռուսաստանը գնաց զիջման: Հիմա հարաբերությունները թշնամական են, եւ եթե նույնիսկ Հայաստանի կառավարությունը փորձի էլ բանակցություններ վարել, դժվար թե Ռուսաստանն ընդառաջի: Միակ հույսը մնացել են ռուս գործարարները, որոնք փորձում են ազդել սեփական երկրի իշխանությունների վրա, քանի որ իրենք եւս ծանր ֆինանսական կորուստներ են կրում:

Ռուսաստանում արդեն սկսվել է ստորագրահավաք, որի մասնակիցները դիմում են կառավարությանը` խնդրելով փոփոխություն կատարել օրենքում: Ստորագրահավաքին միանում են ոչ միայն մեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվողները, այլեւ շարքային սպառողներ: Ռուսաստանցիների մի մասն է միայն աջակցում կառավարության քաղաքականությանը, ըստ որի՝ պետք է աջակցել սեփական ավտոարդյունաբերությանը: Մյուսները հասկանում են, որ սրա արդյունքը լինելու է ռուսական շուկայում ամերիկյան, ճապոնական եւ եվրոպական մեքենաների գների կտրուկ բարձրացումը: Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում գնել ռուսական անունների տակ թաքնված չինական մեքենաներ, կա՛մ պետք է ավելի շատ գումար վճարեն, կա՛մ` հրաժարվեն այդ մեքենաներից:

«Ռուսաստանի իշխանությունը գիտի, որ ռուսական ավտոարդյունաբերություն չկա, որ նրան խրախուսես կամ չխրախուսես, կա` չինական: Մեր իշխանությանը փող է պետք, քանի որ պատերազմը հսկայական փող է պահանջում, իսկ այդ փողը նրանք չեն կարող վերցնել աղքատներից, ովքեր փող չունեն, դրա համար վերցնում են միջին խավից, որն այս մեքենաների հիմնական սպառողն է: Անունը դրել են խոտանման հարկ утилизационный сбор, բայց երբ հարցնում ես, թե որտեղ են իրականացվում մեքենաների խոտանումն ու վերամշակումը, հարցին պատասխանող չկա, քանի որ նման գործարաններ եւ արտադրամասեր չկան, լավագույն դեպքում՝ խոտանված մեքենաները հանձնում են որպես մետաղի ջարդոն, բայց թե ինչու դրանից պետք է հարկ գոյանա, այն էլ՝ մեքենայի արժեքի չափով, ոչ մեկը պատասխան չունի: Պատասխանը մեկն է` փող է պետք»,- ասում է Հայաստանից մեքենաների արտահանմամբ զբաղվող մեր զրուցակից Վիտալին: Բողոքողների միակ հույսն այն է, որ առջեւում նախագահական ընտրություններ են, եւ Վլադիմիր Վլադիմիրովիչը` խոսքը ՌԴ նախագահի մասին է, մի օր կհայտարարի, որ իրեն տեղեկացրել են մարդկանց բողոքի մասին, ինքն էլ՝ մարդկանց հոգսերով ապրող ղեկավար, որոշել է ընդառաջել նրանց, որոշակի ժամանակ տալով, որ գոնե արդեն գնված մեքենաները հնարավոր լինի արտահանել Ռուսաստան:

Շատերը մտածում են, որ հնարավոր կլինի օրենքը շրջանցող ուղիներ գտնել, որոնցից մեկն էլ մեքենաները ոչ թե իրավաբանական, այլ ֆիզիկական անձանց անունով Հայաստան ներմուծելն է, որի դեպքում օրենքը կարծես չի գործում: Բայց մտավախություն կա, որ Ռուսաստանը կարող է դրա դեմը եւս առնել, այնպես որ՝ առայժմ չեն ցանկանում ռիսկի դիմել: Հայաստանի համար փաստն այն է, որ ինչպես երկրի բյուջեն, այնպես էլ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց գործից եւ եկամտի աղբյուրից: Բայց սա Հայաստանի տնտեսության միակ վտանգված ճյուղը չէ, ավելի մեծ վտանգներ է պարունակում շինարարական փուչիկի հնարավոր պայթյունը, որին կանդրադառնանք առաջիկայում:

Ավետիս Բաբաջանյան