Թավշյաները ոչ միայն պարտությամբ հպարտ են, այլեւ առանցքայնորեն որոշում են

Թավշյաները ոչ միայն պարտությամբ հպարտ են, այլեւ առանցքայնորեն որոշում են

Այն, որ պարտությամբ հպարտ թավշյա իշխանության ներկայացուցիչները միայն բառախաղի վարպետ են ու ամեն ձախողում, բացթողում, վրիպում, սխալ փորձում են քողարկել հենց բառախաղով, տեսնում ենք արդեն 3 տարի: Հիմա սույն բառախաղի սիրահարները նույնն են անում միջազգային հարթակներում: 

Սույն թվականի նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ասամբլեային մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Սա փաստ է, դեռ բառախաղ չկա: Բայց Նանուշյան Լենայի հաշվետվությունը բառախաղ է:

Օրինակ՝ նա գրում է, որ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը համավարակներին պատրաստվածության եւ արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարության վերաբերյալ: Հայաստանը բավականին անլուրջ մոտեցավ կորոնավիրուսի համաճարակին ու չի հաջողում պատվաստման նորմալ ընթացք ապահովել: Այսպիսի երկրի ներկայացուցիչն ինչպե՞ս պետք է գնահատի նպատակահարմարությունը մի բանի, որից չի հասկանում: Կամ. Նանուշյան Լենան գրում է՝ հանդիպման արդյունքում առանցքայնորեն որոշվել է համավարակների պատրաստվածության եւ արձագանքի հարցերով ԱՀԿ կոնվենցիա, պայմանագիր կամ այլ միջազգային գործիք մշակելու նպատակով ստեղծել միջկառավարական բանակցային մարմին:

«Առանցքայնորե՞ն որոշել»: Սա առնվազն հայերեն չէ: Սա օտար լեզվից համացանցային առցանց թարգմանիչ ծրագրով արված թարգմանություն է: Օրինակ՝ անգլերենից: Հայերեն պետք էր գրել՝ կարեւոր որոշում, անկյունաքարային որոշում կամ թեկուզ հենց առանցքային որոշում, բայց ո՛չ «առանցքայնորեն որոշվել է»:

«Առանցքայնորեն որոշել» արտահայտությունը նույնքան անհեթեթ է, որքան պարտությամբ հպարտ լինելը: Բայց թավշյաները պարտությամբ հպարտ են, ուրեմն կարող են առանցքայնորեն որոշել: Իսկ որ դրանից Հայաստանը միայն տուժում է, թավշյաների պետքը չէ:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ