Ո՞ւմ հետ եւ ովքե՞ր Աբովյանում կոալիցիա կկազմեն

Ո՞ւմ հետ եւ ովքե՞ր Աբովյանում կոալիցիա կկազմեն

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում առավել շատ ձայներ հավաքել է ԲՀԿ-ն՝ ստանալով 10 հազար 403 քվե կամ ձայների 46․19%-ը, ԲՀԿ-ի հետ պայքարի մեջ մտած «Քաղպայմանագիր» կուսակցությունը ստացել է 8 հազար 261 ձայն կամ ձայների 36․68%-ը։ ԲՀԿ-ին 50+1 հավաքելու եւ քաղաքային իշխանություն կազմելու համար անհրաժեշտ է եւս 5%, որը կարող է ստանալ որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելով, օրինակ՝ միավորվելով ՀՅԴ-ի հետ։ Դաշնակցություն կուսակցությունն Աբովյանում հավաքել է 1158 ձայն, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 5.14%-ը։ Եթե ՀՅԴ-ն չմիավորվի ԲՀԿ-ի հետ եւ իշխանություն չձուավորի, ապա ՔՊ կուսակցությունը կհամագործակցի Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության հետ, որն Աբովյանում կարողացել է հավաքել 11․97% տոկոս կամ 2 հազար 696 ձայն, ապա կարող է իշխանությունն իր ձեռքը վերցնել։ Թե ինչպես կընթանան զարգացումները, փորձեցինք պարզել՝ զրուցելով ՏԻՄ-ում հաղթած ուժերի հետ։

Կոալիցիոն գործընթացների հետ կապված՝ խոսել ենք Աբովյանի գրանցված թեկնածուների եւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ Մանավորապես, ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ի տարբերություն մյուս կուսակցությունների, մեր որոշումները չեն ընդունվում Երեւանում եւ առավել եւս՝ մեկ անձի կողմից։ Տեղական հարցերին վերաբերող որոշումները կայացվում են տեղերում, հետագայում նոր ներկայացվում է հանրապետական ղեկավար մարմին՝ կուսակցությանը։ Ընտրությունների արդյունքները եւ հետագա գործողությունները շարունակում են քննարկվել Դաշնակցության կոմիտեում եւ Կոտայքի մարզային կոմիտեում։ Վերջնական որոշումը դեռեւս չի կայացվել։ Կարող եմ մի բան ասել հստակ, որ ցանկացած որոշում Դաշնակցության  հայտարարությունների մասին կլինի նախորդ տարիների քաղաքական ուղեգծին համապատասխանող»։

Աբովյանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն ՀՀ ազգային հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդին է՝ Արման Մեղրյանը։ Նա ասաց, որ այս պահին որեւէ մեկի հետ կոալիցիա կազմելու ոչ մի որոշում չկա։
Աբովյան խոշորացված համայնքի ԲՀԿ թեկնածու, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը չցանկացավ հեռախոսով որեւէ բան խոսել կոալիցիա կազմելու վերաբերյալ։ «Էդ հեռախոսով խոսելու բան չի, կգաք, կխոսենք»,- ասաց նա։
ՀՅԴ պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հարցին, թե ինչու են ձգձգվում բանակցությունները, եւ արդյո՞ք Աբովյանում ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի որեւէ ուժի հետ, նշեց, որ հարցն ընտրական պրոցեսի մեջ է, քանի որ ՔՊ կուսակցության թեկնածուն բողոքարկել է ընտրությունների արդյունքները, եւ սպասում են վերահաշվարկին։ «Չնայած նրան, որ որեւէ էական տարբերություն չի լինելու»,- վստահեցրեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Կոտայքի նախկին եւ այժմ նույնպես դե ֆակտո մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ հետեւյալ բովանդակությամբ․ քանի որ թեկնածուների ստացած քվեների տարբերությունը նվազագույն է, ուստի իրենք դիմել են՝ 25 ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ անելու համար։ Պարզ է, որ իշխանությունը փորձում է ճնշումներով եւ վարչական լծակներով հասնել արդյունքների վերանայման եւ Աբովյանում զավթել իշխանությունը, ինչը հիմնովին հակասում է Նիկոլ Փաշինյանի՝ օրերս հնչեցրած տեսակետին, թե իրենք հասել են իրենց նպատակին՝ ընտրողը դարձել է իր քվեի տերը։