Եթե առավոտից երեկո բողոքում ես ու մուննաթ գալիս, դրանով հարցը չի լուծվում
Սոչիի հանդիպումից 10 օր անց Ալիեւն ասում է․ «Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Իսկ ցանկացողներ կային, ընդ որում՝ բավականին ուժեղ շրջանակներ էին․․․ Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, եւ խնդիրներ չեն լինի»։ «Խաղաղության դարաշրջանի վկաները» սոցցանցերում մի հրճվանք, մի ուրախություն էին ապրում, թե բա՝ տեսա՞ք, չօգտագործվեց «միջանցք» բառը։ Հիմա պարզվում է՝ ոչ միայն օգտագործվեց, այլեւ հետհաշվարկի ժամկետ է դրվել։ Զրուցել ենք ադրբեջանագետ, «Իմ քայլի» նախկին պատգամավոր Տաթեւ Հայրապետյանի հետ։
- Որքա՞ն ժամանակ կարող են իշխանությունները խաբել հայաստանցիներին, թե միջանցքի հարցը փակված է։
- Խնդիրն այստեղ այն չէ, թե ով ինչ է ներկայացնում։ Մինչեւ այդ խոսակցություն կար, որ վտանգավոր գործընթաց է, նույն՝ սահմանագծման-սահմանազատման գործընթացի հետ կապված, որ երբ թուղթը ներկայացվի, ասվի՝ տեսեք, ժողովուրդ, այստեղ վտանգավոր բան չկա, բայց «ռումբերը» հենց այդտեղ են թաքնված լինելու։ Դրա մասին առիթներ ենք ունեցել խոսելու դեռ այն ժամանակ, երբ ես նույն թիմից էի՝ մայիս ամսին, երբ առաջին անգամ այս բաները դրվեցին շրջանառության մեջ։ Որովհետեւ, իմ դիտարկմամբ, նախ, դա չի բերելու կայունության, ինչի մասին իրենք շարունակ խոսում են՝ որ սահմանագծման գործընթացը կբերի երկար սպասված խաղաղության։ Ոչ, չի բերի։ Ադրբեջանական կողմը հստակ ասում է, որ այդ գործընթացն իր համար միջոց է՝ փակելու Արցախի հիմնահարցը։ Ու եթե հետեւեք վերջին զարգացումների ժամանակագրությանը, կտեսնեք՝ Ալիեւը Սոչիիի հանդիպման ժամանակ՝ Պուտինի ներկայությամբ շատ զգուշավոր էր իր հռետորաբանության մեջ, անգամ խոսում էր հարեւանություն անելու մասին։ Մեկնել է Աշխաբադ, որտեղ իր թուրք գործընկերների հետ կրկին խոսեց «միջանցքի» մասին։ Եվ խոսում էին այնպես, կարծես դա իրենց մեջ պայմանավորված հարց է։ Ես չեմ հավատում Ալիեւի հռետորաբանությանը, բայց հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ պրոցեսներ են տարվում։ Նոյեմբեր ամսին Չավուշօղլուն է մեկնել Թեհրան, Ադրբեջանի փոխվարչապետն էր երկար ժամանակ աշխատանք տանում Թեհրանում։ Գիտեք Իրանի հստակ դիրքորոշումն այդ հարցում․ որ սահմանների փոփոխություն եւ Հարավային Կովկասում աշխարհագրական սահմանների փոփոխություն չի հանդուրժելու։ Ու այս պարագայում իրենք ինտենսիվ դիվանագիտական աշխատանք են տանում՝ փորձելով փոխել այդ դիրքորոշումները։ Ու դրան զուգահեռ տանում են նաեւ ուժային սցենարի կիրառման քաղաքականություն, որի ականատեսը եղել ենք մի քանի անգամ։ Վերջինն էլ նոյեմբերի 16-ի ինտենսիվ մարտերն էին։ Ասվել է արդեն խնդիրը, որ երբ մեր իշխանություններին՝ իմ նախկին գործընկերներին, թվում է, որ իրենք օրով պայմանավորված, առանց տեսլականի ու հստակ աշխատանքի ու նպատակի քայլեր են ձեռնարկում, որ այս կամ այն են դնում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի, մեր տարածքային ամբողջականության, այդ թվում՝ հայելային հետքաշման մասին հայտնի հայտարարության տակ եւ այդ տեսակ քայլեր են ձեռնարկում՝ սպոնտան, սխալ, չհաշվարկված, իրենք վնասում են Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգին թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ առումով։ Ես ռազմական հարցերի փորձագետ չեմ, բայց առնվազն վարչապետի վերջին ասուլիսում ինքն ակնհայտ խոստովանում է, որ համապատասխան կահավորման աշխատանքներ էլ չեն տարվել։ Եվ դրա մեջ մեղադրել ինչ-որ այլ դերակատարների։ Այդուհանդերձ, դա փաստ է, եւ չկա մեղավորներ փնտրելու կարիք։ Ի վերջո, կա պատասխանատվություն, եւ պետության անվտանգությունը խաղալիք չէ։ Այս կամ այն սոցիալական ծրագիրը չէ, որ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ ստացվի, ասեն՝ կներեք, ժողովուրդ։ Սա մեր պետության ճակատագիրն է։
- Ալիեւի խոսքի շարունակությունը չկար, բայց տողատակից երեւում է՝ այլապես պատերազմ։ Ձեր կարծիքով՝ այլընտրանքը պատերա՞զմն է։
- Անկարան եւ Բաքուն նոյեմբերի 9-ից սկսած՝ մոտ 60 համատեղ զորավարժություն են արել, տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Բերձորի մոտակայքում, ՀՀ-ի հետ սահմանների երկայնքով։ Այսինքն՝ իրենք ռազմական սցենարի պատրաստվում են։ Դա գաղտնիք չէ, դա չեն թաքցնում, հրապարակային են խոսում, սպառնալից։ Սրան զուգահեռ ի՞նչ կարող է արվել մեր կողմից բավական բարդ այս ժամանակահատվածում։ Բնականաբար՝ դիվանագիտական աշխատանք մի քանի ուղղություններով, այդ թվում՝ մեր Իրանի, ՌԴ և Հնդկաստանի գործընկերների հետ։ Այսինքն՝ այստեղ աշխարհաքաղաքական շահերի բախման հետ գործ ունենք։ Եթե այդ կոնյունկտուրան չես տեսնում, այդ ուղղությամբ չես աշխատում, անվտանգային համապատասխան բարձիկներ չես կարողանում ստեղծել, առավոտից երեկո բողոքում ես ու մուննաթ գալիս, դրանով հարցը չի լուծվում։ Եվ դրան զուգահեռ, իհարկե, զբաղվել բանակով, դիրքային կահավորմամբ, համապատասխան գործողություններով։ Զինվորականները շատ լավ գիտեն, թե ինչ պետք է անել։
- Օրերս ասվեց, որ բանակը կարգի բերել հնարավոր չէ, քանի որ բազում քրեական գործեր կան՝ կապված բանակի հետ։
- Հիմա մի տարօրինակ դիսկուրս է ծավալվում, որ այն մարդիկ, որոնք ասում են՝ գիտեք, խաղաղության դարաշրջան չի բացվի, ուզում են պատերազմ։ Մի պարզ բան ասեմ՝ պատերազմ ուզես-ուզես, այդ պատերազմն արդեն կա։ Հիմա հաշվի չնստե՞լ այդ հանգամանքի հետ՝ որ մենք ապրում ենք «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ժամանակաշրջանի էսկալացիաների մեջ, որոնք ավելի շատ պատերազմ են, քան խաղաղություն։
Կարծիքներ