Aurus-ի «սեւ արկղը»

Aurus-ի «սեւ արկղը»

ՀԱՊԿ-ի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Զվարթնոց» օդանավակայանից Երևան մեկնեց ՀՀ վարչապետի հետ միասին՝ Aurus-ով: Ենթադրաբար՝ այդ հրապուրիչ առաջարկությունը չի արվել հյուրընկալող պետության ղեկավարին ավտոմեքենայի շքեղ սալոնը ցուցադրելու համար: Նկատի ունենալով այն, որ այդ կարգի ավտոշարասյունը սլանում է բարձր արագությամբ, ապա կարելի է վստահաբար ասել, որ մի 10-15 րոպե ժամանակ է եղել առանձնազրույցի համար:

Ըստ էության, խոսքը, պատկերավոր ասած, Aurus-ի «սև արկղի» մասին է: Ճանապարհին, հավանաբար, տեղի է ունեցել հույժ կարևոր տեղեկատվության փոխանակում, մտքերի փոխանակում աշխարհաքաղաքական ստեղծված միջավայրի շուրջ, ինչից հետո կողմերը հանգել են կոնսենսուսի: ՌԴ-ն, անշուշտ, կարող է նաև առանց կոնսենսուսի իրեն թույլ տալ որոշումներ ընդունել, բայց այս պարագայում կարևորվել է փոխադարձ համաձայնությունը՝ իրերի ստեղծված դասավորությունից ելնելով:

Aurus-ի «սև արկղ»-ից տեսանելի եղավ միայն ոչ էականը, որի հիման վրա փորձագիտական հանրությունը հանգեց, կարծես, ոչ այնքան պրոֆեսիոնալ եզրահանգման. դեմարշ՝ ՀԱՊԿ-ի դեմ:
Մի բան մինչ օրս մեզանում դեռևս լավ չի ընկալվել: Աշխարհում, միջպետական հարաբերություններում բացառիկ են դեպքերը, երբ այս կամ այն պետության ղեկավարը շահագրգիռ կողմի հետ նախապես չի համաձայնեցնում իր կոշտ հայտարարության կամ քայլի մասին: Այդ պրակտիկան կամ ավանդույթը ձևավոր­վել է Կարիբյան ճգնաժամից ի վեր, երբ մարդկությունը հայտնվել էր միջուկային աղետի առջև:

Ինչևէ, ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունելու հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը, կարծես, նախապես համաձայնեցված է եղել: Չի բացառվում նաև, որ Լուկաշենկոյի ելույթի բովանդակությունը՝ նույնպես:

Անկախ այն բանից, թե Վլադիմիր Պուտինը համակրում է կամ չի համակրում ՀՀ ներկա իշխանություններին, նա այդպիսով ՀՀ Վարչապետին հնարավորություն ընձեռեց ինչ-որ կերպ բարձրացնելու իր վարկանիշը, հավանաբար՝ հետագա այլ զարգացումների սահունությունն ապահովելու նկատառումներով: Այլ հարց է, թե այդ մտահղացումը որքանով արդյունք տվեց:

Մի բան պարզ է, մեր իսկ պատճառով Հայաստանն անցավ на ручное управление…ինչն արվում է, օրինակ, վթարված, տեխնիկական որոշ անսարքություն ունեցող օդանավի դեպքում: Կարծես, դա արել է փորձառու «օդաչու», ինչը չի նշանակում, որ վթարված «օդանավը» անպայման վայրեջք կկատարի նշանակման օդանավակայանում: Այն վայրեջք կկատարի այնտեղ, որտեղ հնարավոր է՝ փրկելու համար «օդանավի ուղևորների» կյանքերը: 

Հ.Գ. «Սև արկղը» կարելի է դիտարկել որպես քաղաքական գործիչների վարքագծի մոդել, որն արտացոլում է որոշում կայացնելու գործընթացը, որտեղ ֆիքսվում է միայն քաղաքական գործչի վարքագիծը՝ որոշակի քայլ կատարելիս: Որոշման դրդապատճառներին, չափանիշներին ուշադրություն չի դարձվում, որովհետև համարվում է, որ դրանք մարդու ներսում են, ասես, «սև արկղում», հետևաբար, այս մոդելի համար դրանք ճանաչելի չեն: «Սև արկղ» բառեզրը փոխառված է կիբեռնետիկայից, այն կիրառվում է մի շարք այլ բնագավառներում, օրինակ, մարքեթինգում՝ որպես գնորդի վարքագծի մոդել, որն արտացոլում է գնում կատարելու վերաբերյալ որոշման ընդունման գործընթացը։

Գագիկ Վարդանյան