Հասմիկ Կարապետյան․ Վիզիոները

Հասմիկ Կարապետյան․ Վիզիոները

Երկխոսություն մեկի հետ

- Մի անգամ, երբ վերընթերցում էի Դոստոեւսկու «Ոճիրն ու պատիժը», հասկացա, որ Դոստոեւսկու գրչի միակ գերնպատակն իր մարդասպան հերոսին արդարացնելն ու անմեղսունակ դարձնելն է: Հա, Ռասկոյլնիկովը զղջում է, խոստովանում, որ սպանել է, բայց, ցավոք սրտի, արդեն ուշ է:

Պառավն արդեն մեռած է,- հանգիստ տոնով պատմեց սպիտակ վերնաշապիկով երեսնամյա տղամարդը երիտասարդին՝ կապելով նրա ձեռքերը:- Զոհի աչքերը փակ էին, երեւի քնաբեր էր ներարկել կամ այնպես էր հարվածել, որ գիտակցությունը կորցրել էր: Բայց կարեւորը դա չէր, այլ այն, որ զոհը շուտով կարթնանար: Քիչ մնաց արթնանալուդ,- շոյելով երիտասարդի ոսկեգանգուր մազերը՝ շշնջաց տղամարդն ու բարձրացրեց դեմքը՝ մի լավ ուսումնասիրելու համար:- Հետաքրքիր է՝ ի՞նչ մասնագիտություն ունես: Օրինակ՝ ես մարդասիրությամբ եմ զբաղվում, սիրում եմ մարդկանց սեր պարգեւել։ - Տղամարդը նայեց վերեւ ու խաչակնքեց: Ապա մոտեցավ փոշոտ սեղանին, վերցրեց սրվակն ու պարունակությունը քաշեց ներարկիչի մեջ: Լսվում էին երիտասարդի արթնացող մրմունջները, ազդարարումը՝ գիտակցության գալու: Տղամարդը, ներարկիչը դնելով սեղանին, մոտեցավ երիտասարդին ու խոնարհվեց:
- Ողջո՜ւյն,- տղամարդու դեմքին շողացին սպիտակ ատամները,- ես երկար էի սպասել այս պահին: 
Դանդաղ գիտակցության գալով եւ հասկանալով իրադրությունը՝ երիտասարդը սկսեց անհանգիստ շարժումներ անել:
- Մի վախեցիր, ես քեզ դեռ ոչինչ չեմ անելու։ 
Երիտասարդը ոչինչ չպատասխանեց, բայց մարմնի անհանգստությունն ու շնչառական խախտումները գոռում էին նրա փոխարեն: Տղամարդը, մի աթոռ վերցնելով անկյունից եւ նստելով երիտասարդի դիմաց, սկսեց ուշադիր նայել մե՛կ աչքերին, մե՛կ մարմնին:
- Ես գիտեմ, որ փոքր ժամանակ աչքի ընկնող երեխա ես եղել,- շարունակեց նա՝ նայելով երիտասարդին,- որ մայրդ հարեւանների մոտ շատ էր գովում տաղանդդ՝ կիթառ նվագելու: 
Երիտասարդը գլուխը կախեց, հետո, փակելով աչքերը, խորը շունչ քաշեց: Սա նկատելով՝ տղամարդն ավելացրեց․
- Հա՛, գիտեմ, որ չէիր սիրում կիթառ նվագել, ատում էիր ե՛ւ մորդ, ե՛ւ հարեւաններիդ, ե՛ւ այդ՝ գրողի տարած կիթառը: 
Երիտասարդն աչքերը հառեց տղամարդուն, վերջինս թեթեւ քմծիծաղեց՝ շարունակելով․
- Անցանք առաջ: Հետո դու ավարտեցիր երաժշտական քոլեջը, շփվող տեսակդ ցուցադրելով՝ ձեռք բերեցիր բազմաթիվ ընկերներ, լայն շրջապատ: Զգացիր դավաճանություն, ապրեցիր սիրո օրերդ: Մի խոսքով, հագեցած կյանք ունեցար:
- Ինչո՞ւ ես ինձ պատմում իմ կյանքը,- արտաբերեց երիտասարդը, ու տղամարդն ապշեց․
- Վաո՜ւ, ինձ թվաց՝ լեզուդ կուլ է գնացել,- նա սկսեց բարձր ծիծաղել, եւ երիտասարդը շատ զարմացավ, որ տղամարդը կարողացավ վայրկյանների ընթացքում սպանել դեմքի ժպտացող միմիկայի թելերը՝ դեմքին տալով լուրջ, անգամ սարսափելի անկենդանություն:
- Խոսելու ժամանակ դեռ կունենաս, լպրծուն,- ձայնի մեջ սպառնանք կար: 
Երիտասարդը չշփոթվեց տհաճ իրադրությունից, որում հայտնվել էր, ընդհակառակը՝ փորձեց սառը դատել՝ հասկանալու, թե ինչպես դուրս գա նկուղից: Ամբողջ ընթացքում, ինչ արթնացել էր, նրան մի հարց էր տանջում՝ որտե՞ղ է տեսել այս տղամարդուն, ում դեմքը ծանոթ ու նույնիսկ հարազատ էր թվում: Բայց տղամարդու ապտակը սթափեցրեց նրան:
- Քեզ հետ եմ խոսում, հարց տվեցի քեզ։ Երիտասարդը վախից քարացավ, բայց հավաքելով ուժերը՝ հարցրեց․
- Ի՞նչ հարց,- նրա ձայնը ցածր էր, կարծես հոգեբանորեն փորձում էր տղամարդուն չզայրացնել, ցույց տալ, թե իբր ինքն է մեղավոր, որ հայտնվել է նման իրադրությունում, այլ ոչ տղամարդը: Սա բավականին վտանգավոր, բայցեւ դիվանագիտորեն ճիշտ քայլ էր՝ փրկվելու համար: 
- Ես գիտեմ, թե ինչու չէիր լսում ինձ: Երեւի մտքումդ փրկվելու կետերն էիր մշակում: Ուզո՞ւմ ես հիասթափեցնեմ քեզ՝ դու երբեք այստեղից չես կարող փախչել: Հանգիստ եղիր:
Սա ասելով՝ տղամարդը մոտեցավ պատին փակցված միակ լուսանկարին, ինչը երիտասարդը մինչ այդ չէր նկատել: Լուսանկարում սեւ, երկարամազ, կանաչ աչքերով երեսուն տարեկան կնոջ պատկեր էր: Տղամարդը սկսեց շոշափել լուսանկարն ու խորը հոգոց քաշելով՝ նայեց երիտասարդին:
- Գիտե՞ս՝ լուսանկարում պատկերվածը կինս է: Նա միշտ այնքան սրտացավորեն էր մոտենում ինձ։ Դա սիրո լավագույն դրսեւորումներից էր ինձ համար: Նա լավ գիտեր՝ ինչ եմ սիրում, ինչից եմ զզվում, բնավորությանս վատագույն կողմերը միշտ արդարացնում էր: Իսկ մի անգամ ես ապտակեցի նրան, նույնիսկ չեմ հիշում, թե ինչը ստիպեց նման մեղք գործել այդ սուրբ կնոջ հանդեպ: Հիշում եմ՝ նա բարձրացավ հատակից, թափ տվեց շորերն ու հարցրեց՝ քաղցած չե՞ս։ Ես գլխով դրական նշան արեցի, նա թույլ ժպտաց ու գնաց խոհանոց: Հաջորդ օրը կատարվեց մի բան, որը փոխեց իմ ողջ ապրելակերպն ու աշխարհայացքը…։ Նրա ձայնը դողաց, ու երիտասարդի արյունը սառեց երակներում, երբ տղամարդը բռունցքն ուժգին հարվածեց սեղանին: Երիտասարդը մի պահ մտածեց, թե դա վերջն է, որ փրկվելն այլեւս անհնարին է, բայց հույսն առավել շատ կտրեց, երբ տղամարդու թունոտ, բարկությամբ լի աչքերը խաչվեցին իր աչքերին: Դա իսկապես սարսափելի էր: Երիտասարդը թուքը կուլ տալ չէր կարողանում, մի խանգարող ոսկոր կար կոկորդում՝ անցյալում կատարած գիտակցված արարքը, որը նա մինչ այդ չէր հասկացել, այդ պատճառով էլ չէր կարողանում հիշել, թե որտեղ էր հանդիպել տղամարդուն:
- Արի մի քիչ զրուցենք,- տղամարդը հանկարծակի փոխվեց: Կարծես երկատված մեկը լիներ, որում ապրող մարդիկ, մեկը մեկից հոգնելով, փոխվում են:
- Ինչի՞ մասին,- երիտասարդը դժվարությամբ էր խոսում ու անընդհատ փորձում էր որսալ լուսանկարում պատկերված կնոջ դեմքը (շատ ծանոթ էր թվում ու շատ օտար):
- Դոստոեւսկու…:
Տղամարդը բացեց օղու շիշն ու լցնելով բաժակների մեջ՝ մոտեցրեց երիտասարդին, ում մի պահ թվաց, թե վերջինս վաղուց էր պատրաստվել այս արարողությանը… Իրեն նկուղում փակելու արարողությանը:
- Միայն չասես, որ հրաժարվում ես ինձ հետ մի-մի բաժակ խմելուց,- նա դատարկեց իր բաժին օղին, իսկ երիտասարդինը մոտեցրեց նրա շրթունքներին: Ծարավից՝ երիտասարդը չհրաժարվեց իր բաժին օղուց ու միանգամից ամբողջը խմեց:
- Գիտեմ, որ ընկերներիդ հետ խնջույքներում եւ ընդհանրապես ալկոհոլ չես օգտագործում: Ինչ խոսք՝ գովելի է, նույնիսկ կասեի՝ հարուստ ընտանիքից դուրս եկած երիտասարդի համար ալկոհոլ չօգտագործելը խրախուսելի է մնացածների համար: Մենք Դոստոեւսկուց պիտի խոսեինք: 
- Ինչո՞ւ եմ կապված: 
Տղամարդը մի պահ գլուխը կախեց՝ փորձելով հավաքել մտքերը:
- Դոստոեւսկին միակներից է, որ արդարացնում էր մարդասպաններին՝ կերակրելով նրանց զղջման համեղ պատառները: Նրա հերոսները սպանում էին, իսկ հետո զղջում այդ արարքի համար, բայց սարսափելի պատիժը ոչ թե մարդասպան լինելու գիտակցումն էր, այլ արարքի իրագործման իրական լինելը: Սպանվածին հարություն տալ չես կարող, իսկ այդ անտե՜ր գիտակցումը գալիս է միայն այն ժամանակ, երբ արդեն սպանել ես: 
Երիտասարդի մտքերն այնքան խառնվեցին, որ նույնիսկ սրտխառնոց զգաց: Երեւի վախից կամ չհասկանալուց՝ ասաց.
- Եթե հայրս իմանա, որ նկուղում փակել ես ինձ, Դոստոեւսկու պատմությունները կարող են իրական դառնալ:
- Հա, ես գիտեմ, որ հայրդ իր հարստությանն անմեղների գլուխները ճզմելով է տիրացել, որ քեզ նման լպրծունին էլ է փորձում այդպես դաստիարակել: Խոստովանի՜ր, որ ինքդ էլ ես ճզմել մեկի գլուխը:
Երիտասարդն ընկավ մտքերի մեջ: Տղամարդը թույլ ժպտաց ու այնքան մոտեցավ նրան, որ զգաց անհանգիստ շնչառությունը:
- Երեւի լուսանկարը մոտեցնեմ, որ լավ հիշես:
Ապա մոտեցավ լուսանկարին եւ պատից հանելով՝ շոյեց ու մոտեցրեց երիտասարդին: 
- Լավ նայիր նրան, հիշո՞ւմ ես: 
- Չէ, նա կապ չունի ինձ հետ: 
- Այո, նա կապ չունի քեզ հետ: Բայց դո՛ւ կապ ունես նրա մահվան հետ,- տղամարդը ծանր հոգոց հանեց, ապա սկսեց դանդաղ ու շշուկով խոսել:- Մեկ տարի առաջ ձյուն էր գալիս: Ամանորի նախօրեին ես ու կինս պատրաստություն էինք տեսնում: Որոշեցինք միասին խանութներով շրջել…

Մեկ տարի առաջ

- Որ ասում եմ՝ հայրս շռայլ մարդ է… Արենը նստեց իր նոր մեքենայի մեջ ու երջանկորեն սկսեց շոյել սրահի կաշվե պաստառը։- Վերջին մոդելներից է: 
- Մենակ ցույց տալով չէ, պիտի հասկանանք՝ իրոք վերջինների՞ց է, թե՞ հներից։ Ընկերները սկսեցին ծիծաղել, իսկ Արենը բարկացած դուրս եկավ մեքենայից: 
- Իսկ եթե ապացուցեմ, որ հզոր շարժիչներ ունի, ի՞նչ կանես:
- Մի-մի բաժակ կթրջենք մեքենադ։
Արենը գիտեր, որ ընկերները կատակ են անում, բայց դեռեւս քսանմեկամյա նոր հասունացող հոգեվիճակն անընդունելի էր համարում այդ կատակները: Նա նստեց ղեկի դիմաց, իջեցրեց ապակին, գլխով հասկացրեց ընկերներին, որ տեղավորվեն մեքենայի մեջ: Երբ բոլորը նստեցին, Արենը երաժշտության ձայնն այնքան բարձրացրեց, որ հազիվ էր լսում ընկերների քրքիջը ու չէր հասկանում, թե ինչը ստիպեց նրանց կրկին ծաղրել իրեն ու իր մեքենան: 
- Ոչինչ չենք լսում, ձայնն իջեցրու: 
Արենը չլսեց ու ոտքը սեղմելով արագարարին՝ մեքենան պոկեց տեղից՝ մի նպատակով՝ «տգետ» ընկերներին ապացուցելու, որ հայրը ոչինչ չի խնայել որդու համար: Նա շատ լավ հասկանում էր, որ ընկերները նախանձախնդրությամբ ընդունեցին Արենի ամանորյա նվերը: Քիչ հետո կողքին նստած ընկերը երաժշտության ձայնն իջեցրեց.
- Մեքենադ լավն է, բայց վարորդն ախմախի մեկն է։ 
Այս ծաղրանքը ստիպեց Արենին ավելի արագացնել մեքենայի ընթացքը: Այդ ժամանակ բջջայինից զանգ եկավ: Զանգին պատասխանելու համար Արենը փորձեց դանդաղեցնել արագությունը ու գրպանից հանելով բջջայինը՝ նայեց էկրանին: Հայրն էր: 
- Արեն, զգո՜ւյշ:
Արենը ոտքը հազիվ էր սեղմել արգելակին, երբ նրա դիմաց հայտնված կինը բախվեց մեքենայի դիմապակուն: Գիշեր էր, եւ փողոցում շատ քիչ մարդ էր նկատվում: Արենը փորձեց դուրս գալ մեքենայից:
- Հո հիմա՜ր չես: Պիտի փախնենք: Շո՜ւտ արա:
- Բայց էդպես չի լինի:
- Քեզ համար ի՞նչն է կարեւոր՝ քո՞, թե՞ սրա կյանքը: 
Արենը լուռ էր: Հեռվից նկատվում էին երկու-երեք մարդ, ովքեր մոտենում էին արդեն իսկ մահացած կնոջը: 
- Քշի՛ր հենց հիմա, թե չէ թաղումդ էս կնոջ թաղումից ավելի շուտ կսկսվի,- կողքին նստած շեկ ընկերոջ աչքերը փայլում էին նոր հասունացող կոնֆլիկտից: 
Արենը քարացել էր: Գիտեր, որ ընկերները երբեմն կարող էին քարսիրտ լինել, բայց նման չարությունը բացահայտում էր նրա համար: Նրա աչքերը թրջվեցին, բայց փորձեց թաքցնել ու մեքենան պոկեց տեղից այն ժամանակ, երբ մի տղամարդ անցնում էր ճանապարհը՝ կնոջը մոտենալու համար:
- Մի զռռա, չենք մեռել,- շեկ ընկերը սկսեց բարձր ծիծաղել, ինչին հաջորդեց մյուսների ծիծաղը եւս: - Լավ է, որ գոնե մեքենայի համարները դեռ չես տեղադրել: 
- Թե չէ нам хона,- ետնատեղում նստած ընկերոջ արտահայտությունը ստիպեց Արենին դուրս քշել նրանց մեքենայից: - Տես՝ չխորտակվես ողբիդ մեջ:

Ավտովթարից րոպեներ առաջ

- Լիլիա, մոմերի կարիք չունենք: Կարծում եմ՝ տան մոմերը բավական են, որ սեղանը զարդարեն:
- Չես պատկերացնի՝ ինչ սիրուն ոսկեգույն մոմեր էին: Շատ եմ ուզում վերցնել դրանք: 
- Որտե՞ղ ես տեսել,- տղամարդը թույլ ժպտաց՝ հասկանալով կնոջ մեջ չխամրող մանկականությունը:
- Կողքի շենքի խանութում: Ես շուտ կգամ: Դու վերցրու այստեղից այն, ինչ մեզ պետք է: 
- Ես ավելի լավ է՝ դրսում ծխեմ:
Նրանք դուրս եկան խանութից: Ու կինը մանր քայլերով շտապեց ոսկեգույն մոմերի ետեւից՝ մտքում կրկնելով՝ միայն թե վաճառած չլինեն: Տղամարդը վառեց ծխախոտն ու հայացքով ուղեկցեց կնոջն այնքան ժամանակ, մինչեւ նա կորավ տեսադաշտից: Րոպեներ անց, երբ տղամարդը մարեց ծխախոտն ու մարմնում դող զգալով որոշեց մտնել խանութ, բղավոցներ լսեց: Փողոցում իրարանցում չկար, մարդիկ գրեթե չէին նկատվում, այդ պատճառով բղավոցները շատ պարզ էին լսվում: Տղամարդը վազեց այնտեղ, որտեղից լսվում էին բղավոցները, ու աչքին ընկավ արյունոտված ձյունը, որ հեռվից աչք էր ծակում: Մոտեցավ։ Մահացած կնոջ աչքերը բաց էին: 
 
Երկխոսություն՝ փակ ավարտով

- Իզուր չէ, որ անունդ Արեն է: Նման է դիցաբանական հերոսներից Արեսի անվանը: Գիտե՞ս նա ով է:
- Հերի՛ք է ինձ հետ հանելուկներով խոսես,- Արենն այնպես բղավեց, որ տղամարդը սկսեց նյարդային շարժումներ անել, բայց հետո հավաքեց իրեն ու հանգիստ տոնով շարունակեց:- Նրանք դավաճանել են ինձ, չէ՞: Նրանք են, չէ՞, պատմել քեզ:
- Արեսը Զեւսի եւ Հերայի որդին էր, ով նրանց համար անիծված զավակ էր, քանի որ մահ ու արյուն էր բերում: 

Արենը լռեց: Տղամարդն ասեղը մտցրեց Արենի պարանոցը, ապա վերնաշապիկի տակից հանեց ատրճանակն ու ուղղեց իր գլխին: 

Դուռը ջարդեցին: Նրանք արդեն ողջ չէին:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ