Վարկած

Վարկած

Վերջերս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել էր, թե փողը տվել ենք, բայց մեր գործընկերները մեր գնած զենքը մեզ չեն հատկացնում: Որքան հիշում եմ՝ օգտագործել էր հենց «գործընկերներ» բառը, այսինքն՝ հոգնակի թվով: Որպես հայերենի լեզվամտածողության բավականին լավ գիտակ՝ ասեմ, որ նման համատեքստում հոգնակիի օգտագործումը խոսողին թույլ է տալիս խուսափել՝ բացահայտելու գործընկերոջ ով լինելը: Միաժամանակ, լղոզվում է ասվածի կոնկրետությունը՝ դրանք բազմաթի՞վ են, թե՞ խոսքը գնում է միայն մեկի մասին: Դրանից որոշակի ժամանակ անց հնդկական մամուլի նյութերի արտատպումից իմանում ենք, որ Հնդկաստանը մեզ 250 միլիոն դոլարով վաճառել է կամ պատրաստվում է վաճառել հնդկական արտադրության հրթիռների որոշակի խմբաքանակ: Այնուհետեւ աշխատանքային այցով Հնդկաստան է մեկնում ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը: Նույն օրը նա հանդիպում է այդ երկրի իր գործընկերոջը, իսկ հետո այցելում ռազմական տեխնիկայի DEFEXPO ցուցահանդես: Հաջորդ օրն արդեն մասնակցում է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան եւ գործընկերներ» ձեւաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։ Բայց հրթիռների գործարքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի բառ չի գրվում:

Հիմա վերադառնանք Փաշինյան Նիկոլի հայտարարությանը: Դրանից որոշ ժամանակ անց խոսվեց այն մասին, որ մեզ զենք չի տրամադրում հենց Ռուսաստանը: Ինչը բավարար էր, որպեսզի սկսվեր հերթական հակառուսական հիստերիան: Իսկ այժմ՝ մի փոքր նախապատմություն: 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ռազմական տեխնիկա ստացավ Ռուսաստանից: Չգիտես ինչու, այդ առաքման վերաբերյալ հրապարակային հաղորդագրություններ՝ պաշտոնական կամ ոչ պաշտոնական, չեղան: Մամուլի հաղորդումներից իմացանք, որ Վրաստանը հրաժարվել է օդային միջանցք հատկացնել ռուսական բեռնատար ռազմական ինքնաթիռներին, եւ դրանք թռել էին Պարսից ծովի միջինասիական երկրների ափամերձ շերտի վրայով: Դա կարող եմ վստահությամբ ասել, քանի որ ինքս եմ տեսել այդ ինքնաթիռը (կամ ինքնաթիռները)՝ այդ նպատակով բացված կայքերից մեկում:

Պատերազմից անմիջապես հետո հայկական մամուլում թեթեւակի շրջանառվեց այն լուրը, որ ՌԴ-ից մեզ տրվել է 1,1 միլիարդ կամ, այլ աղբյուրով՝ 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Պատերազմից հետո լսել եմ Ռուբեն Վարդանյանի 15 րոպեանոց տեսաուղերձը, որում նա մեղադրում էր Վրաստանի իշխանությանը՝ մեզ օգնություն բերող օդանավերին օդային կամուրջ չհատկացնելու մեջ: Միջանկյալ ասեմ, որ նրան պատասխանել էր մոսկվաբնակ վրացի ինչ-որ գործարար՝ 30 րոպեանոց տեսաուղերձով: Շարունակենք: Նախորդ տարի (կամ այս տարի, եթե սխալվում եմ) Ադրբեջանի նախագահն ինչ-որ միջոցառման ընթացքում բողոքել էր միջինասիական թուրքական պետությունների ղեկավարներին, որ թույլատրել են նշված օդանավերի թռիչքն իրենց տարածքով: 

Եզրափակենք․ եթե իսկապես տեղի է ունեցել գումարի փոխանցում, եւ Նիկոլը, սովորության համաձայն, սուտ չի խոսում, ապա, ենթադրաբար, ռուսական կողմը Հայաստանից փոխանցված գումարը համարել է վերը նշված օգնության դիմաց վճար՝ դա հայտնելով Նիկոլին: Իսկ դա արվել է, քանի որ վախեցել են, որ Նիկոլը, սովորության համաձայն, այդ հարցում եւս կփորձի «քցել» իրենց: Դժվար է, իհարկե, հաստատ պնդել, թե այս վարկածը 100 տոկոսով համապատասխանո՞ւմ է իրականությանը: Սակայն այլ բացատրություն դժվար թե լինի, եթե, կրկնվեմ, Նիկոլի ասածը ճիշտ է: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը մենք Ռուսաստանից զենք ենք ստացել ոչ թե շուկայական, այլ հենց գործարանային գներով, իսկ երբեմն էլ՝ անվճար: Ուղղակի պետք է վարչապետ կարգվեր «փողոցային առաջնորդը», որպեսզի մենք կորցնեինք վստահությունը Ռուսաստանում եւ հատկապես այդ զգայուն հարցում: