Փարի՞զը պետք է մեզ գեղեցկացնի

Փարի՞զը պետք է մեզ գեղեցկացնի

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ազատ ժամանակ շատ ունի եւ դրա մի մասը նվիրում է շրջագայություններին: Միշտ այդպես է՝ կնոջը տուր փող եւ ազատ ժամանակ, եւ նա կկարողանա դրանք ծախսել: Աննա Հակոբյանն այսօր ունի թե՛ մեկը եւ թե՛ մյուսը: Վերջին անգամ Նիկոլի համար ե՞րբ է փիփերթով ճաշ եփել, ե՞րբ է արդուկել նրա տաբատը կամ լվացել ներքնաշորը: Բա մենք էդ աղջիկն ե՞նք… Հլա ասեք` տիկին Փաշինյա՞ն…

Մի առավոտ էլ տիկին Փաշինյանի խելքին փչեց գնալ Փարիզ: Կպավ մարդու գլուխը, թե՝ դասավորիր: Բա՝ ի՞նչ պատճառաբանություն գտնենք: Զանգիր Մանվելին, ասա՝ տիկինս Բրիջիտին կարոտել է, ուզում է Ելիսեյան պալատում նրա հետ սուրճ խմել… Վայ, զանգեմ, Աննա ջան, հենց հիմա զանգեմ… Զըըըընգ… Այստեղ արդեն խոսակցությունը ֆրանսերեն է, թարգմանել եմ՝ ինչքան կարողացել եմ…
- Ալո, բարեւ Ձեզ, կարո՞ղ եմ Մանվելի հետ խոսել:
- Մանվելը քնած ա, ո՞վ ա հարցնում:
- Նիկոլը:
- Պարոն Սարկոզի, Դո՞ւք եք:
- Չէ, չէ, Փաշինյան Նիկոլն է: Կուզենայի պարոն նախագահի հետ երկու բառ փոխանակել:
- Քնած է, պարոն Փաշինյան, ինձ ասեք, ես կփոխանցեմ:
- Վայ, Բրիջիտ ջան, դո՞ւ ես, ո՞նց ես, ի՞նչ եք անում:
- Ո՞նց ասեմ, պարոն Փաշինյան, արդեն պառկել էինք… Մանվելս շատ հոգնած էր, իսկույն քնեց, ես էլ պուպուի նման տեղաշորում նստած՝ TV եմ նայում: Ինչո՞ւ եք հարցնում…
- Բրիջիտ ջան, Աննան քեզ շատ է կարոտել, Փարիզում էլ գործեր ունի, վաղը որ գա, կարո՞ղ եք Ելիսեյան պալատում նրան ընդունել, զրուցել, սուրճ խմել:
- Ասում ես՝ Ելիսեյան պալատո՞ւմ… Իսկ մոտակա սրճարանում չե՞նք կարող հանդիպել: Ես վստահ չեմ, որ ամուսինս կողջունի Ելիսեյան պալատի արարողակարգի այդ խախտումը: Բայց ասեմ՝ Ելիսեյան պալատի գաղափարը վատը չէ… փիառ-միառ, սելֆի-մելֆի… Էմանուել, Էմանուել, այ տղա, արթնացիր մի հատ…
- Հը, ո՞վ ա, ի՞նչ ա եղել…
- Հանգստացիր, Փաշինյանն է զանգում Երեւանից, խնդրում է, որ ես իր տիկնոջ հետ սուրճ խմեմ Ելիսեյան պալատում…
- Ինչ ուզում եք՝ արեք, սուրճ էլ խմեք, կոնյակ էլ խմեք, Լյուդովիկոս XII-ի կամոդի դարակում բոնբոներկա էլ կա… Մենակ թող քնեմ:

Համաձայնությունը կայացավ, եւ Աննա Հակոբյանը, նույն ինքը՝ տիկին Փաշինյանը, թռավ Փարիզ:
Այդ այցի մեջ, եթե մի պահ աչք փակենք այն հանգամանքի վրա, թե որտեղից Աննա Հակոբյանին այդքան փող, ոչ մի կրիմինալ բան չկա: Քաղաքակիրթ աշխարհում բարձրաստիճան պաշտոնյաների տիկնանց այցեր ու հանդիպումներ հաճախ են պատահում: Եվ այս դեպքում էլ այցը որոշակի ռանգ ուներ՝ հանդիպելու էին Ֆրանսիայի նման երկրի առաջին տիկինն ու Հայաստանի Հանրապետության նման երկրի վարչապետի տիկինը: Ճիշտ է, պատմական չես անվանի, բայց լուսաբանման արժանի այց էր դա եւ հատկապես հայկական մամուլի համար առաջին էջի լավ նյութ:    
Եվ ահա, Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց առաջին գրառումը՝ համեմված Բրիջիտի հետ լուսանկարներով, որոնց գեղագիտական կողմի մասին կարծիք հայտնել չեմ համարձակվի: Ի՞նչ էր գրում տիկին Փաշինյանը: Գրառման սկզբում ամեն ինչ հարթ էր` երեւում էր, որ Աննան իսկապես կարոտել է Բրիջիտին. «Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երեւանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր եւ տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը»: Բայց հետո գալիս է ամենաանսպասելին: Աննան միանգամից անցում է կատարում դեպի մեծ քաղաքականություն եւ խոսում 44-օրյա պատերազմի մասին՝ այն անվանելով «դավադիր» եւ բողոքելով, որ այդ պատերազմը խանգարել է Հայաստանին զարգանալ. «…միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։

Այդ դեպքում Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ եւ ուժեղ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի»: Եվ, իհարկե, ոչ մի խոսք այն մասին, թե ով այդ «դավադիր» պատերազմը դարձրեց հնարավոր, թե ում ապաշնորհ ղեկավարությամբ Հայաստանը հայտնվեց ծանր իրավիճակում, հրադադարի պայմաններում տարածքներ կորցրեց, հազարավոր զոհեր տվեց, դարձավ տարածաշրջանային կռվախնձոր ու գլխացավանք ոչ միայն Եվրոպայի, այլեւ բոլորի համար: Հայաստանը, արդյոք, կհայտնվե՞ր այս դժվար կացության մեջ, եթե այն չղեկավարեր տիկին Հակոբյանի մարդը՝ Նիկոլ Փաշինյանը: Աննա Հակոբյանը շրջանցել է այս խրթին հարցը եւ անցել վերջին ռեւերանսին. «Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հաստատակամ է անցնել, եւ մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, ովքեր մեր կողքին կլինեն այդ ընթացքում»:

Ինչպես գիտենք, գնալ Փարիզ եւ ինչ-որ ֆորմատով չհանդիպել ֆրանսահայերին, հնարավոր չէ: Այս հարցում արդեն վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի կարողացել յոլա գնալ առանց Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի: Հարց է առաջանում՝ տիկին դեսպանը, արդյոք, Փաշինյանի բոլո՞ր հարազատներին է պարտավոր ուղեկցել, թե՞ միայն Աննա Հակոբյանին: Ամեն դեպքում, ՀՀ դեսպանը նրան ուղեկցել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ հանդիպման, որի մասին վարչապետի տիկինը գրել է. «Մեր ընթրիքը թեեւ Փարիզի կենտրոնում էր, բայց հեռու էր ֆրանսիական խիստ բարեկրթության եւ զսպվածության ոճից։ Շատ հայկական, թեժ եւ կրքոտ խոսակցություն ստացվեց։ Ֆրանսիացի անձնակազմի մոտ թերեւս հարց կառաջանար՝ այդ ի՞նչն է, որ իրար մեջ չեն կարողանում կիսել հայոց տիկնայք փափկասուն։ Իսկ մենք փորձում էինք հասկանալ՝ այդ ի՞նչն ենք սխալ անում Հայաստանում եւ Սփյուռքում, որ մեր փոքրիկ եւ թանկ Հայրենիքի վերքերն ավելանում ու ավելանում են, ապաքինվելու փոխարեն»:

Ըստ էության, ՀՀ վարչապետի տիկինը խոսում է այն մասին, որ ընթրիքի սեղանի շուրջ խոսակցությունը հարթ չի ընթացել, եւ ֆրանսահայ կանայք Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների մասին ինչ պետք է՝ ասել են նրա երեսին․ «Շատ հայկական, թեժ եւ կրքոտ խոսակցություն ստացվեց… Մենք փորձում էինք հասկանալ՝ այդ ի՞նչն ենք սխալ անում Հայաստանում եւ Սփյուռքում…»: Իսկ ես Աննա Հակոբյանի չքմեղանալու իմաստը չեմ հասկանում: Նա իսկապե՞ս չգիտի, թե ինչու են Հայաստանի վերքերը, ապաքինվելու փոխարեն, ավելանում, թե ինչու է Հայաստանը գլորվում անդունդը: Մենք՝ հայաստանցիներս, ի լուր եւ ի տես Փաշինյան ամուսինների, մեռանք ասելով ու գրելով, որ պատերազմում կապիտուլացված իշխանությունը պետք է հեռանա, որ այդ իշխանության ամեն օրը մի նոր պարտություն է բերելու երկրին: Այս հասարակ բանը հասկանալու համար, ինչ է, պետք էր գնալ հասնել Ֆրանսիա եւ ազգությամբ հայ կանանց հետ ընթրել Փարիզի կենտրոնո՞ւմ: