Աննա Հակոբյանին` Նիկոլ Փաշինյանի խողովակով

Աննա Հակոբյանին` Նիկոլ Փաշինյանի խողովակով

Բարեւ Ձեզ, տիկին Աննա: Նամակս ուղարկում եմ Ձեր ամուսնու խողովակով, որ հետագայում ընտանեկան տեսարանների առիթ չդառնա: Մյուս կողմից էլ՝ անձնական ոչինչ չկա այս նամակում, քանզի ասելիքը խիստ հանրային մի երեւույթի է վերաբերում, ինչպիսին կին արարածների միջեւ առկա հավերժական մրցակցությունն է: Դուք Ձեր վարքագծով, շատ կներեք, խառնել եք բոլորի ընտանիքները` պաշտոնյաների ընտանիքներից սկսած եւ իրենց ուղեղներում հեղափոխություն անելու գնով հարստանալ փորձող քաղաքացների ընտանիքներով վերջացրած: Աստծո սիրուն, դադարեցրեք հայ կանանց «ջիջիլ» գցելու այդ քաղաքականությանը: Մյուս կանայք հիմա իրենց ամուսինների երեսով են տալիս` այ, օրինակ վերցրեք, թե ինչպես պետք է պահեք ձեր կանանց: Անհարմար վիճակ է ստեղծվել, եւ շատ զարմանալի է, որ վարչապետն այս հարցում կա՛մ Ձեր կողմն է պահում, կա՛մ անտարբեր ձեւանում: Եվ ես ստիպված եմ արդեն նրան ասել, որ մեր կանանց անկարգությունը, պարոն վարչապետ, գալիս է Ձեր կնոջ անկարգությունից:

Այն էլ ասեմ, որ այսօր մամուլն ու Ֆեյսբուքն ավելի շատ Ձեզ է անդրադառնում, տիկին Աննա, քան վարչապետին, իսկ դա, եթե հաշվի առնենք, թե Ձեզնից ով է առաջին դեմքը, այնքան էլ «սիրուն» չէ: Անձամբ ես կնոջ եւ տղամարդու, այսպես կոչված, հավասարության ջերմեռանդ պաշտպաններից եմ, բայց նույնիսկ ինձ դուր չի գալիս, երբ հայաստանյան մամուլը, վարչապետի այցն ու հանդիպումները թողած, Ձեր շրջագայություններն ու խրախճանք-հանդիպումներն է լուսաբանում: Շատ հայ կանայք, որ նախկինում տարվում էին հեռուստասերիալներով եւ մոռանում իրենց անկապ կյանքը, այժմ ոտքի են ելել հեղափոխության եւ նրա բերած «փոփոխությունների» դեմ, որովհետեւ այդ փոփոխությունները միայն ձեր ընտանիքի կյանքում են առկա: Համենայնդեպս, այդ փոփոխությունները ոչ այնքան վարչապետի, որքան Ձեր հագուկապի, նիստուկացի, շրջագայությունների, միջազգային բարձրաշխարհիկ շրջանակներ թափանցելու անհագ ձգտումներում են նկատվում:

Միջանկյալ կարգով հիշեցնեմ, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մի առիթով ասել էր. «ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի մեջ ինձ ամենաշատը նրա կինն է դուր գալիս»: Միլիարդատեր Թրամփը գուցե չի էլ նկատել այդ «կսմիթը», բայց, հավատացնում եմ, տիկին Աննա, մեր վարչապետի համար խիստ ցավոտ կլինի այդպիսի մի դիտարկում որեւէ երկրի ղեկավարի կողմից:

Գլխի եմ ընկնում` մարտի 8-ի կապակցությամբ «լայվ» եք մտնելու, որպեսզի ցույց տաք, թե ինչ համեստ նվերներ է արել վարչապետն իր ընտանիքի կանանց: Խորհուրդ կտայի չանել դա, որովհետեւ շատ էլ համոզիչ չի դիտվի: Բանն այն է, տիկին Աննա, որ նախատոնական օրերի Ձեր այս վոյաժները հանրությունն արդեն իսկ գնահատել է որպես վարչապետի մարտի 8-ի նվեր իր տիկնոջն ու դստերը: Շատ էլ չեմ ուզում խորանալ ձեր ընտանեկան հարցերում, բայց ստիպված եմ հիշեցնել, որ հասարակությունն իրավունք ունի մտածելու այն, ինչ մտածում է: Համայնքը զորավոր է` ինչպես ասում են: