Սորոսի կեղտոտ փողերն ու Փաշինյանի մաքուր ձեռքերը

Սորոսի կեղտոտ փողերն ու Փաշինյանի մաքուր ձեռքերը

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին եւ նրան աջակցող ՔՊ-ական հատվածին առնչվող հետաքրքիր դիտարկում էր կատարել «Փաստ» թերթը` ակնարկելով, որ ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները շատ ավելի խորքային պատճառներ ունեն, քան այդ կառույցում հայտնաբերված կոռուպցիոն դրսեւորումները:

Ըստ թերթի` հարցն այն է, որ իշխանության ներսում իրականում առկա են ընդգծված բեւեռներ, եւ ներիշխանական դիրքավորումների հարցն ավելի է սրվել: Խոսքը, այսպես կոչված, բուն հեղափոխականների եւ հասարակական կազմակերպությունների սեկտորի (այսպես կոչված՝ «սորոսականների») ներքին պայքարի մասին է: Մեր կարծիքով` լրատվամիջոցի ախտորոշումը տրամաբանական է, եթե նաեւ հաշվի առնենք Սպահանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում այսօր կան պաշտոնյաներ, որոնք չգիտես որ երկրի շահերին են ծառայում:

Այսուհանդերձ, եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը, ըստ էության, որպես ֆինանսական բազա օգտագործել է հենց ՀԿ-ների միջոցով Հայաստան եկած գումարները, որոնց տերերը, բնական է, այսօր փոխհատուցման են սպասում: Այս տեսանկյունից եղե՞լ է, արդյոք, փոխհամաձայնություն հեղափոխության առաջնորդի եւ ՀԿ-ների միջեւ: Սա, կարծում ենք, քննարկման հարց չէ այլեւս, նման փոխհամաձայնություն եղել է, սակայն, ի պատիվ Փաշինյանի, պետք է ասել, որ նա «բաց ձեռքերի» իր սկզբունքին վայել նաեւ «մաքուր ձեռքերի» սկզբունքն է կիրառել` անձամբ չստանձնելով օտար աղբյուրներից եկող փողերի պատասխանատվությունը: Այստեղ է, որ «սորոսականները», մեղմ ասած, «քաշվել են»` մի կողմից ֆինանսավորելով հեղափոխությունն ու ընտրական գործընթացները, մյուս կողմից չեն կարողացել ստանալ որեւէ երաշխիք, որ այդ գումարները հեղափոխության հաղթանակից հետո ծառայելու են Հայաստանում խորքային, այդ թվում նաեւ արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու գործին:

Փաշինյանի կամ նրա ընտանիքի այլ անդամի կապ դրսի ֆինանսական կառույցների հետ հնարավոր չէ գտնել: Սոցցանցերում բազմvաթիվ փաստաթղթեր են հրապարակվում, թե Սորոսի հիմնադրամը տարբեր տարիներին ինչպիսի ֆինանսական օգնություններ է տրամադրել ՀՀ պետական հաստատություններին, ՀԿ-ներին ու անհատներին, որոնց մեջ որեւէ կերպ չի նշվում Փաշինյանի ազգանունը կամ նրան առնչվող որեւէ կազմակերպություն: Զավեշտալի իրավիճակ է ստացվում: Եվ հիմա, երբ ՀԿ-ները ՀՀ իշխանություններից իրենց բաժինն են ակնկալում (նորանոր պաշտոններ եւ ազդեցության ոլորտներ), Փաշինյանը կարող է պարզապես ասել. «Սորոս քեռի, ում տվել ես փողը, նրանից էլ պահանջիր»:

Մեր դիտարկումներով` Փաշինյանը չի պատրաստվում ավելին զիջել ՀԿ-ական սեկտորին, քան այն, ինչ այսօր կա այդ սեկտորի ձեռքում` մեկ-երկու պաշտոն՝ կառավարությունում, մոտ 18 մանդատ՝ խորհրդարանում, հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ մեծ հնարավորություններ: Ավելին, ՊՎԾ-ում կատարված ձերբակալություններով, ԵՊՀ ռեկտորին իր տեղում թողնելով, նույն Դավիթ Սանասարյանի մատի ցուցումով շարժվող համալսարանական ակտիվիստներին խուլիգանության մեղադրանք առաջադրելով, Շիրակի պետհամալսարանում հերթական կամայականություն թույլ չտալով` Փաշինյանը փորձում է գծել այն սահմանը, որից վերեւ սորոսական ՀԿ-ները չեն կարող թռչել:

Փաշինյանի եւ, այսպես կոչված, հեղափոխական ՀԿ-ական սեկտորի պայքարն առայժմ ներիշխանական բնույթ ունի եւ գտնվում է դիրքավորումների փուլում: Իրավիճակը շատ նման է Ռոբերտ Քոչարյան-Արթուր Բաղդասարյան լարված հարաբերություններին, որոնց արդյունքում, եթե հիշում եք, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժեշտ տվեց ե՛ւ իր պաշտոնին, ե՛ւ իշխանությանը: Կտրուկ որոշումներ կայացնելու իր հնարավորություններով Փաշինյանն ամենեւին չի զիջում Քոչարյանին, եւ չի բացառվում, որ մենք առաջիկայում ականատես լինենք բավականին տպավորիչ բացահայտումների իշխանության եւ, իհարկե, ԱԺ ԻՔ խմբակցության ներսում, որտեղ քիչ չեն ՀԿ-ների ներկայացուցիչները:

Այս ամենը, միով բանիվ, կարելի է բնութագրել որպես նախահեղափոխական պայմանավորվածությունների խախտում, որի պատճառը ՀԿ-ների չափից դուրս ակտիվությունն է, բայց չմոռանանք նաեւ, որ Փաշինյանն էլ իր հաշիվներն ունի` կապված իշխանությունը պահելու հետ: Ամենեւին պատահական չէ, որ Ռուսաստանին` նոր Հայաստանին ադապտացվելու կոչ անող Փաշինյանն աստիճանաբար ինքն է ադապտացվում թե՛ Ռուսաստանին եւ թե՛ այլ երկրների: Նոր Հայաստանի քաղաքացիներին Իրանի եւ Վրաստանի սահմանների հավանական փակման լուրով սարսափեցնող Փաշինյանն այցելում է Իրան եւ հայտարարություններ անում Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ համագործակցության հարթակ ստեղծելու մասին: Սորոսն այստեղ հասկանում է, որ իր փողերը «կորան», բայց ի՞նչ կարող է անել, եթե անձամբ Փաշինյանին չի տվել դրանք, ինչպես դա ժամանակին արել էր Վրաստանի կամ Ուկրաինայի պարագայում: