Ձեր հարցից հետո մտածում եմ՝ այդ օրը մեռնելո՞ւ եմ, թե՞ շարունակելու եմ սովորել

Ձեր հարցից հետո մտածում եմ՝ այդ օրը մեռնելո՞ւ եմ, թե՞ շարունակելու եմ սովորել

Հարցազրույց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ.

- Պարոն Կարապետյան, փաստորեն, իշխանությունում քննարկվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը հռչակել Քաղաքացու օր, օրն էլ դարձնել ոչ աշխատանքային։ Կո՞ղմ եք այդ նախաձեռնությանը։

- Կողմ եմ, դեմ կլինեմ միայն, եթե այդ օրը հայտարարվի ոչ աշխատանքային։ Մենք կարող ենք այդ օրը հայտարարել Քաղաքացու օր, որովհետեւ իրականում հարյուր հազարավոր մարդկանց համար դա սխրանքի օր էր, ոտքի կանգնելու եւ քաղաքացիական պարտքը կատարելու օր, բայց քանի որ մենք հայտարարում ենք, որ սա արդեն ստեղծագործ մարդու, աշխատող մարդու երկիր է, պետք է ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատել, ոչ թե ավելացնել։

- Համամիտ չե՞ք այն տեսակետներին, որ նոր իշխանությունները, այսպես ասած, մնացել են հեղափոխության տակ, համարում են, որ հեղափոխություն են արել, ուրեմն հերոս են, եւ կարելի է արդեն նաեւ իրենց ծննդյան օրերն էլ տոնացույցում կարմիրով գրել։

- Հայաստանի Հանրապետության քաղաքացին հերոս է, եւ այդ տոնը եթե կառավարությունն առաջարկի, կլինի հերոսի օրը՝ ՀՀ քաղաքացի հերոսի օրը։ Եվ մենք ամեն գնով եւ ամեն ինչով պետք է իրականում մարդկանց ոգեւորենք, որովհետեւ այս պատմության մեջ գլխավոր հերոսը ՀՀ քաղաքացին է։ 

- Այսինքն, տարվա մյուս օրերը քաղաքացու օր չեն լինելու, այդ օրը լինելո՞ւ է։

- Հա, տարբեր կարծիքներ կարող են լինել, կարելի է քննարկել, լսել մարդկանց։

- Կամ ասենք՝ ի՞նչ անեն այդ օրը այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը, էլ չենք ասում՝ դեմ են եղել դրան։

- (Ծիծաղում է)… Չէ, կարելի է քննարկել, իմ համար դա էդպես մի սկզբունքային հարց չէ, սկզբունքային է, որ ճանաչենք ՀՀ քաղաքացուն որպես գլխավոր դերակատար, որպես գլխավոր հերոս։ Դրա համար եմ ասում՝ պետք է քննարկեն, իմ կարծիքն այս հարցի վերաբերյալ, կարելի է ասել, ձեւավորված չէ, պետք է կողմերի լսեմ, նոր իմ…։

- Պարոն Կարապետյան, հրապարակվել է վարչապետին ուղղված ֆինանսների նախարարի եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրությունը, մի փաստաթուղթ, որով առաջարկում են կրճատել պետական համակարգում աշխատող 10 հազար աշխատողի, քանի որ նրանք «հավելյալ արժեք չեն ստեղծում», իսկ կրճատումը կբխի պետական շահից։ Նախկին իշխանության ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար էիք, ի՞նչ կասեք այդ մասին։

- Տեսեք, մեր նպատակը մարդկանց կրճատելը չէ, այլ պետական համակարգն արդյունավետ դարձնելն է։ Որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, բոլոր հարկատուներն իմանան, որ իրենց տված հարկով իրենք գնում են ծառայություններ եւ այդ ծառայություններն արդյունավետ են մատուցում՝ կրթության, անվտանգության, պաշտպանության եւ այլ ծառայություններ։ Սա պետք է ընդունենք սովորական գնման պրոցես, մարդն ասում է՝ ես հարկ կտամ, դու էլ պիտի հետեւես, որ այդ ծառայությունը լավ մատուցվի։ Մենք հիմա էլ հետեւում ենք, որ լավ մատուցվի, տեսնում ենք, որ 10 հազար մարդ ավել փող է ստանում, այն հարկատուի փողը, մենք իրավունք չունենք պրոցեսն այդպես թողնել։ Մտեք ցանկացած կառավարման հիմնարկ ու կտեսնեք, որ մարդկանց մի հիսուն տոկոս իրականում ոչ մի բան չի անում։ Գուցե թվա, թե էս ինչ վատ հայտարարություն եմ անում, բայց իրականությունն է այդպես։ Ես էլ հարյուրավոր ընկերներ ունեմ մարզպետարաններում, պետական համակարգում, որ անկեղծանում են իրենց հանդեպ, տեսնում են, որ ճիշտ է իրականում։ Այլ հարց է, որ գործընթացը պետք է անցնցում լինի, եւ պետք է հնարավորություն տանք մոտավորապես 6 ամիս, որ վերապրոֆիլավորվեն եւ այլ աշխատանքի անցնեն։

- Իսկ ի՞նչ հնարավորություններ է պատրաստում պետությունը, որպեսզի տասը հազար աշխատող միանգամից չդառնա գործազուրկ։

- Կառավարությունն աշխատում է նման նախաձեռնության վրա, կոչվում է՝ «Աշխատիր Հայաստան»։ Սա ենթադրում է մարդկանց կարճ ժամանակամիջոցում վերապրոֆիլավորում եւ աշխատանքի շուկայի մասին տեղեկացում։ Պետությունն իր վրա է ստանձնում մեխանիզմների ստեղծումը, որ մարդիկ տեղեկատվություն ու կրթություն ստանան նոր աշխատատեղերի համար։

- Իսկ կրթությունը լինելու է քաղաքացո՞ւ, թե՞ պետության հաշվին։

- Դեռ պարզ չէ, բայց ես կարծում եմ, որ պետք է չդրվի քաղաքացու վրա։

- Ռեա՞լ է, որ 45-50 տարեկան մարդը կգնա, իր հաշվին նորից կսովորի եւ նոր աշխատանք կգտնի։

- Կանցնի մեկ ամիս, եւ իմ 45 տարին կլրանա, հիմա Ձեր հարցից հետո ես մտածում եմ՝ այդ օրը մեռնելո՞ւ եմ, թե՞ ինչ-որ բան շարունակելու եմ սովորել։

- Նկատի ունեի՝ եթե պետությունը հանձն չառնի այդ մարդկանց վերապրոֆիլավորելու, նոր աշխատանքի տեղավորելու հարցը, միջինից բարձր տարիք ունեցող մարկանց նոր կրթություն, նոր աշխատանք ստանալու հեռանկարը ռեա՞լ է։

- Տեխնոլոգիաներն այն արագությամբ են զարգանում, որ մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում պետք է սովորեն, եթե չսովորենք, հետ ենք մնալու, ոչ թե մեկ մարդու հարց է, այլ՝ պետության։ Որպեսզի այս փոքր երկիրն առաջ գնա, մենք բոլորս պետք է առաջ գնանք, բոլոր մարդիկ սովորեն։

- Բայց մենք տեսնում ենք, թե ինչ կրթական մակարդակի մարզպետներ ունենք, որոնք դեռ մի բան էլ քաղաքական խորհրդատու են պահում, արդյոք ճի՞շտ տեղից ենք սկսում։

- Իմ ասածը բոլորին է վերաբերում, կրճատման առաջին ալիքը պետք է վերաբերի ուռճացված հայեցողական պաշտոններին, կոնկրետ մարզպետարանների դեպքում երեք տեղակալի փոխարեն մարզպետը կունենա մեկը, երկու օգնականի փոխարեն՝ մեկը, երեք խորհրդականի փոխարեն՝ մեկը, չեն լինի գլխավոր քարտուղարի տեղակալներ, վարչության պետերի տեղակալներ, այսինքն՝ այս արհեստական ուռճացված հաստիքներից պետք է ազատվել։

- Իսկ ինչո՞ւ է ուշանում կառավարության կառուցվածքի մասին օրենքը, եւ այն ընդունվելուց հետո կա՞ հաշվարկ, թե քանի մարդ կկրճատվի։

- Ինձ թվում է՝ վերջնական որոշումների են գալիս տարբեր գերատեսչությունների մասով, հուսով եմ՝ մեկ-երկու շաբաթից օրենքը կգա, եւ ամսվա վերջ կքննարկենք։ Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա դրանք կլինեն աստիճանական, այնպես չէ, որ օրենքն ընդունելուց հետո տասը հազար քաղաքացիները կգնան իրենց տուն, կարծում եմ՝ խոսքը 200 հայեցողական, քաղաքական պաշտոնյաների, նաեւ քաղծառայողների մասին է, օրինակ՝ չորս նախարարություն է միավորվում, որոնք ամեն մեկն ունեն, ասենք, իրավաբանական վարչության պետ, նրանցից մեկն է մնալու։ Առաջին փուլով ֆիզիկապես բոլորը կմիավորվեն, այսինքն՝ եթե բոլոր տեղերում այդ վարչությունն ունի հինգ աշխատող, ուրեմն միավորման արդյունքում կլինի 20 աշխատող, հետո նոր վարչության պետը կնայի, թե իր վարչությունում քանի աշխատող է պետք, ի վերջո, իրավաբանական վարչությունում 20 հոգի չեն կարող աշխատել։ Կարծում եմ նաեւ, որ 10 հազար հոգին կկրճատվեն երկու տարվա ընթացքում։