Միֆերի մշուշում

Միֆերի մշուշում

Մենք լեգենդներ` միֆեր հյուսող ժողովուրդ ենք: Սկզբում հյուսում ենք այդ առասպելները, հետո մեզ թվում է, թե դրանք իրական են, եւ դառնում ենք դրանց գերին: Օրինակներ` ինչքան ուզեք: Տասնամյակներ շարունակ մի պինդ եւ սիրուն լեգենդ էինք հյուսել, որ Արցախը մեզ համար ամենաթանկ իրողությունն է, իսկ Արցախի հանձնումը, անգամ ոչ Արցախի, այլ նրան հարակից անվտանգության գոտու հանձնումը, մեր ժողովուրդը չի ների ոչ մի իշխանության: Պարզվեց, որ շատ թանկ չէ, հանձնումն էլ ներվեց: Այսինքն` մենք երկար տարիներ ապրել ենք մի սին, իր տակ հող չունեցող, սիրուն լեգենդի մշուշում: Ասում էին` Սերժն իշխանությունը հանձնեց Նիկոլին, որ ինքը չստորագրի Ղարաբաղի հետ կապված զիջումները: Ընդ որում, ոչ մի` անգամ ամենավատ տարբերակում Արցախի հայաթափումը չէր դիտարկվում, վատագույնը, որ կարող էր լինել, 5 շրջանների վերադարձն էր:

Ուրիշ սիրուն առասպելներ էլ ունի մեր ժողովուրդը: Օրինակ, որ հայ ժողովուրդն աշխատասեր է: Կամ` հայ մարդը հատուկ սեր ու ակնածանք ունի կրթության եւ գիտության նկատմամբ: Նույնիսկ մեր՝ հյուրասեր լինելու մասին պատմություններն են այսօր խիստ կասկածի տակ, երբ տեսնում ենք, թե ինչ չար աչքով են մարդիկ նայում Հայաստան ժամանած ռուսներին ու հնդիկներին: Բայց ամենատխրեցնողը մեր հողի, մեր երկրի հանդեպ անտարբերությունն է: Այն անտարբերությունը, որով հայ մարդիկ լսում են թշնամու կողմից Հայաստանի հերթական կտորը զավթելու մասին լուրը: Այն անտարբերությունը, որ զգում է Շիրակում ապրողը Սյունիքի հանդեպ, Լոռվա բնակիչը` Վայոց Ձորի, Երեւանի քաղաքացին` Սեւանում ապրողի նկատմամբ: Կարծես կողքի մարզը Հայաստանում չէ, այլ Լուսնի վրա, եւ այնտեղ կատարվողն իրենց չի վերաբերվում: Մինչդեռ ըստ լեգենդի` մենք մեր երկիրը սիրում ենք: