Վերեւից նայեք

Վերեւից նայեք

Մարդկային ապերախտությունն ամենատարածված եւ ամենազազրելի դրսեւորումներից է։ Մարդուն օգնել ես, իր նեղ վիճակում, երբ իրենից բոլորը երես էին թեքել, երբ ինքը կյանքի հատակում էր, աջակցել ես, խրախուսել, պաշտպանել, աշխատանքով ապահովել եւ այլն, եկել է պահը՝ այսօր նա քո աջակցության, խրախուսանքի, պաշտպանության կարիքն այլեւս չունի եւ դարձել է քո ոխերիմ թշնամին։ Ուրացել է քեզ, ատում է՝ առանց որեւէ լուրջ պատճառի, վնասում է քեզ, աշխատում է քո դեմ, ստիպում է, որ ափսոսանք ապրես տարիներ առաջ իր համար արածիդ, իր վրա ծախսած էներգիայիդ ու ապրումներիդ համար։ Հատկապես տարօրինակ է, երբ այդկերպ է վարվում քեզ հետ հաց կիսած, քեզ հետ ճանապարհ անցած մարդը։

Նա, ով հիվանդ է եղել, բանտում է եղել, հասարակությունից մերժված է եղել, անգործ ու անպիտան է իրեն զգացել, իսկ դու նրան ձեռք ես մեկնել ժամանակին, եւ հիմա նա ուղղակի «թքում» է քո երեսին, տրորում համատեղ անցած ճանապարհը, քեզ անձնապես խոցում՝ դրանից կարծես բավականություն ստանալով։ Իհարկե, այն, ինչ արել ես, չես արել գնահատականի համար, արել ես ու «ջուրն ես գցել», բայց մարդկային ապերախտության դրսեւորումները հանրային մթնոլորտի, մեր հասարակության արժեքային համակարգի, մարդկանց փոխհարաբերությունների որակի մասին են նաեւ վկայում։

Վստահ եմ՝ մեծ թվով մարդիկ նման մտածումներ ունեն, ափսոսանքի եւ վիրավորվածության այսպիսի զգացումներ։ Շատերն են բախվել մարդկային ապերախտության դրսեւորումներին, վրդովվել ու ցավ ապրել, երբեմնի հարազատ մարդկանց ջնջել իրենց կյանքից, հետեւություններ արել նրանց պահվածքից։ Առավել իմաստունները հասկացել են, որ պետք է փիլիսոփայորեն նայել մարդկային ապերախտության դրսեւորումներին եւ ներողամտաբար վերաբերվել մարդկանց թերություններին։