Հայոց լեզվի հատկապես ո՞ր տառին ու ոգուն է հավատարիմ «շինող» ու «ասֆալտին փռող» վարչապետը

Հայոց լեզվի հատկապես ո՞ր տառին ու ոգուն է հավատարիմ «շինող» ու «ասֆալտին փռող» վարչապետը

«Եթե ինձ որեւէ մեկը հարցնի, թե ինչն է պատճառը, որ ես ձեր թվարկածներից հետո շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ, կներեք էս զեղման համար, ես կասեմ՝ որովհետեւ ես տիրապետում եմ մեր ազգային արժեքներից ամենակարեւորներից մեկի՝ հայոց լեզվի ոչ միայն տառին, այլեւ հոգուն, ոգուն, էմոցիային, որով ես զգում եմ նաեւ ՀՀ քաղաքացիների զգացումները եւ էմոցիաները»,- նախօրեին ԱԺ-ում՝ իր ամփոփիչ ելույթում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանից հետաքրքրվեցինք՝ հայոց լեզվի հատկապես ո՞ր տառին ու ոգուն է հավատարիմ վարչապետը, երբ տարբեր ժամանակներում իր խոսքում «շինում», «ասֆալտին փռում» եւ նմանատիպ այլ ձեւակերպումներով է հանդես գալիս։

«Վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե, իր քաղաքական իշխանության գագաթնակետից սկսած, միշտ աչքի է ընկել այնպիսի հայտարարություններ անելու հմտությամբ, որը ենթադրում է, որ նա անելու է լրիվ հակառակը։ Ես ելնում եմ նախորդ փորձից, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, բայց հետո տեղի ունեցավ՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ։ Ինքը խոսում էր հայկական բանակի մասին, որը տարածաշրջանում ամենամարտունակն է, նրա առաջնորդած Պնախարարն ասում էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, եւ դրա արդյունքում հետո պարզվեց, ինչպես ինքն ու իր կինը ձեւակերպեցին, որ մեր զինվորները դասալիքներ են, եւ մենք ընդհանրապես բանակ չունենք․․․, այսինքն՝ այս տեսակ ձեւակերպումներն ու հայտարարությունները ես լիարժեք իրավունք ունեմ դիտարկելու այդ ծիրում։ Ասել մի բան եւ հետո իրականացնել լրիվ հակառակը։ Բացի այդ, ես ցավով պիտի արձանագրեմ, որ այսօր հատկապես Ազգային ժողովում, որը խորհրդարանական հանրապետության իշխանության գլխավոր մարմինն է, եւ այդտեղ մեծամասնության ընտրած վարչապետը խոսում է այնպիսի հայերենով, որն ահազարհուր է, այսինքն՝ օգտագործում է մի բառապաշար, բառամթերք ու ձեւակերպումներ, որոնք ընդհանրապես հարիր չեն երկրի ղեկավարին։ Եվ գիտե՞ք, ողբերգությունն այն է, որ այդ բառապաշարը որդեգրում են նաեւ նրա կուսակցության մյուս անդամները, խորհրդարանի նախագահը»,- ասում է լեզվաբանն ու նկատում՝ մինչդեռ թե՛ վարչապետը, թե՛ նրա թիմակիցները մի քանի տարի առաջ խոսում էին սիրո մասին, խոնարհվում էին ՀՀ քաղաքացիների առաջ, իսկ իրականում «եկան ու թքեցին մարդկանց երեսին։ Ես խոսում եմ միայն առկա փաստերի հիման վրա, այսինքն՝ սիրուց մինչեւ թքել ու նվաստացում, ուղիղ ճանապարհ է։ Ես հիմա արդեն լուրջ մտավախություններ ունեմ, որ հայերենին, իբրեւ պետական լեզվի, ուղղված սպառնալիքներ կան, որովհետեւ լեզուն ինքնին ազգն է, պետականության հիմքն է։ Ես անվտանգային սպառնալիք եմ տեսնում, որովհետեւ այն, ինչ մի պահի Նիկոլ Փաշինյանը հայտարարում է իր համար կարեւորագույն արժեք, որովհետեւ, ինչպես հիշում եք, ինքը Վերածննդի հրապարակում մի բանաստեղծություն արատասանեց, որտեղ ինքը տեր էր, քանի որ պատռել էր ստրուկի շապիկը, հետո պարզվեց, որ ինքը պատերազմից վախեցած ու անընդհատ մեզ գետնաքարշ կյանքի տանող ու ասֆալտին փռող մեկն է։ Ես ռեալ վտանգ եմ տեսնում հայերենի հանդեպ եւ խիստ անհանգստացած եմ։ Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության ընդունած որոշումներն էլ մեզ տանում են հայերենն իբրեւ գիտական լեզու նվաստացնելու եւ գործառությունից դուրս մղելու»։

Վարչապետի հայտարարությունները Ն․ Դիլբարյանը բնութագրում է իբրեւ հնարախաղ․ ««Մանիպուլյատիվ» բառը հայերեն չէ, ես կասեի՝ հնարախաղ, որը շատ բարի բառ է, ընդհանրապես՝ հայերենն իր բառապաշարով երբեք չի իջնում նենգությունների ու քսությունների մակարդակի, բայց սա ուղղակի հնարախաղ է։ Սակայն ակնհայտ է, որ եթե հիմա նա սա է ասում, ուրեմն վաղը տեղի է ունենալու ուղիղ հակառակը։ Ավելին, կարծում եմ՝ հիմա ինքը չի էլ ձգտում խաբել կամ թաքցնել որեւէ բան, հիմա սկսվել է այդ անթաքույց հարձակումների շրջանը։ Դուք հիշում եք, երբ ադրբեջանական ահաբեկիչները հարձակվել էին Արցախի Հանրապետության վրա, եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պետք է քննարկվեր այդ հարցը, դրանից առաջ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ կանգ է առել, Արցախի վիճակը կայուն է, Արցախի բնակչությանը վտանգ չի սպառնում, հետո Ադրբեջանի ներկայացուցիչն էլ հղում արեց Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որն արդեն քաղաքական վարքագիծ է»։

Նիկոլ Փաշինյանը մշտապես իր խոսքերում, հայտարարություններում նաեւ մանեւրելու վարքագիծ է որդեգրում, այսպես, օրինակ, երբ հայտարարեց, որ իրեն համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց չի համարում թիվ մեկ մեղավորը։ «Դա շատ հայտնի տեխնոլոգիա է՝ փորձել ամեն կերպ արդարանալ, երբեք ինքդ քեզ մեղավոր չճանաչել եւ անպայման ընտրել այլ մեղավորների, այդպիսով տարրալուծել մեղքի ու պատասխանատվության զգացումը, որը շատ հին եւ փորձված տեխնոլոգիա է, ու որն ինքը միշտ կիրառում է, բայց այդ հարցում եզակի չէ։ Իր դեպքում եզակին այն է, որ ինքը միշտ խոսում է վսեմ, բարձր, խանդավառող բանից ու անում դրա հակառակը։ Ի դեպ, ժամանակին բանաստեղծություններ էր գրում ու մեզ համար կարդում, որը վերջերս արդեն էլ չի գրում։ Եթե հիշում եք՝ Հրանտ Մաթեւոսյան էր մեջբերում, Հովհաննես Թումանյան ու Չարենց կարդում, որի «Երկիր Նաիրին» ընդհանրապես մանիպուլացրեց իր խոսքում, ինչը հայտնի զենք է՝ խոսել բարձր, ոգեղեն նյութից, հետո իրականացնել նսեմ ու գետնաքարշ գործեր»։