Լավագույն showman-ները հեռանում են

Լավագույն showman-ները հեռանում են

Եթե հավատանք նրան, ինչ թատերագիր Վիլյամ Շեքսպիրն է ասել իր As You Like It («Ինչպես կամենաք») կատակերգությունում. «All the world’s a stage, And all the men and women merely players; They have their exits and their entrances, And one man in his time plays many parts, His acts being seven ages.» (մոտավոր թարգմանությամբ՝ «Ողջ աշխարհը բեմ է, Եվ բոլոր տղամարդիկ ու կանայք՝ միայն այնտեղ խաղացողներ, Նրանք իրենց ելքերն ու մուտքերն ունեն բեմում, Եվ ամեն մեկն իր ժամանակում մի քանի դեր է խաղում, Ողջ խաղը 7 արար է ունենում»), ապա անցած շաբաթվա սկզբին ինչ-որ զուգադիպությամբ կյանք կոչվող ներկայացման տարբեր արարներ ավարտվեցին, ու վարագույրներ իջան՝ միաժամանակ երեք անձանց պարագայում, ովքեր ամենանշանավոր showman-ներն են համաշխարհային քաղաքականության բեմում` Սիլվիո Բեռլուսկոնի, Բորիս Ջոնսոն, Դոնալդ Թրամփ:

«Ես անմեղ մարդ եմ» 

Դոնալդ Թրամփի համար ավարտվեցին Trump ինքնաթիռով ԱՄՆ-ն արեւմտյան ափից արեւելյան ափ անհոգ չափչփելու, այստեղ-այնտեղ նախընտրական շոուներ տալու եւ «Make America Great Again» հանկերգը կրկնելու ժամանակները: Հունիսի 13-ին Թրամփը ժամանեց Ֆլորիդայի նահանգային դատարան, որտեղ ներկայացվեցին նրան առաջադրվող քրեական հանցագործությունների մեղադրանքները, այն փաստաթղթերի հիմքով, որ FBI-ն առգրավել էր Թրամփի Mar-a-Lago-ի դղյակից: Իհարկե, Դոնալդ Թրամփը դատարաններում շոուներ տալու տասնամյակների կենսափորձ ունի, բայց երեքշաբթի օրը Ֆլորիդայի դատարանում նախընտրել էր բառ չարտասանել, ձեռքերը խաչաձեւ ագուցել եւ լուռ նստել: ԱՄՆ ազգային անվտանգության դեմ կատարված հանցագործությունների ամբաստանություններն իրադրությունը լրջացրել են այնքան, որ Թրամփի նախընտրական շոու-հավաքներում հիմնական հանկերգը դարձրել է «I’m an innocent man» (Ես անմեղ մարդ եմ) նախադասությունը:: 

Ինչի՞ց է լրջացել Թրամփը. պարզ է՝ ազատազրկման մեջ հայտնվելու, եթե ոչ` կյանքն առհասարակ բանտում ավարտելու հեռանկարից: Թրամփը եւ նրա հետեւորդները որքան էլ հեքիաթներ պատմեն, թե ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ էլ են փաստաթղթեր հայտնաբերվել, որոնք պետք է արխիվներին հանձնված լինեին, միեւնույն է՝ ոչ մի ուրիշ անձի դեմ քրեական գործ չի հարուցվել: Եվ դա՝ այն պարզ պատճառով, որ թե՛ Հիլլարի Քլինթոնի, թե՛ Մայք Փենսի, թե՛ Ջո Բայդենի մոտ հայտնաբերված էլեկտրոնային կամ թղթային փաստաթղթերը երբեք այնպիսի կարեւորություն եւ գաղտնիություն չեն ունեցել, ինչ Թրամփի Mar-a-Lago հանգստավայրից առգրավվածները, դրանք փոքրաթիվ թղթեր են եղել, ի հակադրություն Mar-a Lago-ի առանձնատան լողասենյակից, միջանցքներից ու պարասրահից առգրավված տասնյակ, գուցե հարյուրավոր տուփերի: Վերջապես, մյուս անձինք եթե սխալմամբ իրենց մոտ մնացած փաստաթղթեր են հայտնաբերել, անմիջապես վերադարձրել են երկրի արխիվային հաստատություններին, ոչ թե Թրամփի նման նախ դրանց առկայություննն են հերքել, հետո ոչնչացնելու փորձ են արել, վերջում էլ հանձնելուց են հրաժարվել, մինչեւ ի վերջո դաշնային իշխանություններ են հետախուզման սանկցիաներով եկել եւ փաստաթղթերն առգրավել: 

Հասկանալի չէ միայն այն, թե Թրամփն ինչու էր այդպիսի ահռելի քանակությամբ փաստաթղթերը Սպիտակ տնից տարել, երբ մի էջ կարդալու սովորություն էլ չունի: Ոչ ոք չի հավատա, թե Թրամփն այդ տուփերով թղթերը կարդալու էր, ինչ-որ բան առանձնացներ, դասավորեր, երբ Սպիտակ տանը պաշտոնավարման տարիներին անվերջ պատմություններ ու անեկդոտներ էին պտտվում Թրամփի` համարյա ոչինչ չկարդալու մասին: Ասում էին՝ որպեսզի մի թուղթ Թրամփի ուշադրությունը գրավի` կարդա, օգնականները փաստաթղթի տեքստը գրում են քիչ բառերով մեծ տառաչափերով, տեղ-տեղ էլ` էլ ավելի մեծ շրիֆտով գրում են Trump բառը, որովհետեւ Թրամփի ուշադրությունը միայն սեփական ազգանունն է գրավում: Եվ այդքանից հետո տուփերով փաստաթղթեր տանել, պահել եւ արխիվներն հանձնելուց հրաժարվել… Երեւում է՝ Թրամփի առաջին պետքարտուղարը` ExxonMobil-ի նախագահ Ռեքս Թիլլերսոնը, երբ մի մասնավոր խոսակցության ժամանակ ասել էր, թե Թրամփը «կատարյալ ապուշ է» (moron), չէր սխալվել (իմիջիայլոց՝ հետո էլ, երբ արտահոսքը մամուլ հասավ, Թիլլերսոնն ասվածը չհերքեց):

Ամեն դեպքում՝ տասնյակ, գուցե հարյուրավոր տուփերով փաստաթղթերն արխիվ չհանձնելն ապուշություն լինի, թե դիտավորություն, դրանից Թրամփի ազատազրկման հեռանկարը շատ չի փոխվում: Այնպես որ՝ հիմա Թրամփը գերագույն մոտիվացիա ունի 2024-ի նախագահական ընտրարշավին մասնակցելու եւ ջանալու՝ ամեն գնով Սպիտակ տանը հայտնվելու, քանի որ սեփական ազատության հարցն է դրված խաղաքարտին: Սպիտակ տանը հայտնվելը միակ ռեալ երաշխիքն է՝ բանտից խուսափելու, ինչի արդյունքում էլ Թրամփի ընտրարշավն այլեւս ոչ թե «Ամերիկան նորից հզոր դարձնելու» մասին է, այլ իրենից զոհի ու հալածյալի կերպար ստեղծելու եւ իր անմեղության մեջ մարդկանց հավատացնելու: Տեսնենք, թե այս նոր թեմատիկ շոուներն ուր կհասցնեն Թրամփին: 

Hasta la vista, baby

Անցյալ ամռանը, երբ Բորիս Ջոնսոնը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց, Համայնքների պալատում, իբրեւ վարչապետ, իր վերջին հարցուպատասխանը եւ ելույթն ավարտեց «Hasta la vista, baby» ֆրազով: Իսպաներենից թարգմանությամբ նշանակում է. «Մինչ նոր տեսություն, փոքրի՛կ», եւ, որքան գիտեմ, ինչ-որ կինոֆիլմի եզրափակիչ ֆրազն է: Շատերը դրա մեջ ոչ միայն Ջոնսոնին հատուկ թատերական ժեստ տեսան, այլեւ վերստին վարչապետի պաշտոնին վերադառնալու հավակնություն: Այնպես որ՝ Լիզ Թրասի հրաժարականից հետո, երբ Ջոնսոնի առաջադրման համար ստորագրություններ սկսեցին հավաքել, դա բոլորին բնական թվաց:
Այժմ նույն այն corona-party-ների պատմությունը, որ հարկադրեց Բորիս Ջոնսոնին 2022-ին վարչապետի պաշտոնից հեռանալ, այն փուլին հասավ, որ Ջոնսոնը նախընտրեց հոժարակամ նաեւ Համայնքների պալատից հեռանալ: Ինչպե՞ս դա եղավ: Դեռ 2021-22-ին էր, որ corona party-ների պատմությունը եկավ ասպարեզ` մամուլում հայտնվեցին տեղեկություններ, այնուհետեւ՝ լուսանկարներ, որոնցում երեւում էր, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, երբ անձանց արգելվում էր 5-10 հոգուց ավելի կազմով որեւէ վայրում հավաքվել, Դաունինգ-սթրիթ 10-ում` ՄԹ վարչապետի նստավայրում, աշխատակազմի երեկույթներ-ցերեկույթներ են կազմակերպվել: Հավաքույթները, ճիշտ է, ավելի շատ պիկնիկի են նմանվել` պարտեզում գարեջուր եւ սնեքներ էին հյուրասիրվել, սակայն մարդկանց հետաքրքրեց ոչ թե այն, թե ինչ է եղել սեղանին, այլ այն, թե ինչպես է ստացվել, որ մի քանի տասնյակ անձ վարչապետի նստավայրում հավաքվել է հաճելի ժամանցի այն ժամանակ, երբ երկրում համաճարակ էր, եւ այլոց համարյա տնային ռեժիմ էր պարտադրված` ամեն կարգի հավաքներն արգելելով: 

Բորիս Ջոնսոնը սկզբում հայտարարեց, թե իր նստավայրում հավաքույթներ չեն եղել, հետո, երբ նրա լուսանկարները հայտնվեցին` պարտեզում գարեջուրը ձեռքին, լրացրեց, թե՝ այո, ինքն էլ պարտեզ գնացել է, բայց իր մտքով չի անցել, թե հավաքույթի է մասնակցում եւ այլն: Արդյունքում Համայնքների պալատը հանձնաժողով ստեղծեց, որը պետք է պարզեր՝ Դաունինգ սթրիթ 10-ի հավաքույթների, դրանց մասին իր տեղեկացվածության, մասնակցության վերաբերյալ Ջոնսոնն արդյոք ճշմարտությո՞ւնն է ասում պալատին: Ահա, այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում այս տարվա հունիսի 12-ին նախնական եզրակացությունն էր փոխանցվել Ջոնսոնին, որից պարզ էր դարձել, որ հանձնաժողովը գտնում է, թե Ջոնսոնը Համայնքների պալատին ճշմարտությունը չի ասել: Իսկ դա նշանակում էր, Համայնքների պալատի նիստում եզրակացության քննարկումը, մեծ հավանականությամբ, ավարտվելու է նրանով, որ Ջոնսոնին պարտադրվի վերընտրություն, այսինքն՝ իր ընտրատեղամասում վերընտրություն նշանակվի, որին նաեւ ինքը մասնակցի: Նման նվաստացումից խուսափելու եւ վերջին խոսքն իրեն վերապահելու համար էլ Բորիս Ջոնսոնը հրաժարվեց մանդատից ավելի վաղ, քան եզրակացությունը Համայնքների պալատում կքննարկվեր: Սակայն շատերին թվում է՝ այս հրաժարումը հերթական hasta la vista-ն է, Ջոնսոնը քաղաքականությունում կմնա` լրատվության դաշտում ակտիվանալով եւ հաջորդ համընդհանուր ընտրությունների համար դիրքավորվելով:

Vivere, amare, essere contento

Անցած շաբաթ կյանքից հեռացավ նաեւ Իտալիայի նախկին վարչապետ, մեդիա-մագնատ, գործարար-միլիարդատեր, Forza Italia («Իտալիայի ուժը») կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին: Վարագույրն իջավ, եւ Շեքսպիրի բառերով` վերջին արարն ավարտվեց նրա կյանքում: Քաղաքականության մեջ այնքան էլ շատ չեն մարդիկ, որոնց այցեքարտն են սրամտությունը, ժպիտը, կենսահաստատ էությունը: Բեռլուսկոնին այդ բացառիկ ֆիգուրն էր: Իհարկե, նրա մասին կարելի է ասել՝ գործարար, կեղծարար, ամբոխավար, ոչ ինտելեկտուալ, դոն ժուան, լովելաս ու չգիտես էլ ինչ, բայց, միեւնույնն է, այն կենսահաստատ ուժը, կյանքի վայելքը, թեթեւությունը, որ այդ մարդուց էին ճառագում, իր անմիջական մրցակիցներից ու հակառակորդներից բացի, բոլոր մյուսներին իր հանդեպ դրականորեն էր տրամադրում:

Ինչպե՞ս չժպտաս Բեռլուսկոնիի սրամտությունները հիշելիս: Ասենք՝ այն, որ ասել էր. «Թրամփի մեջ ամենաշատը Մելանյային եմ հավանում»: Կամ՝ երբ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կինը՝ իտալուհի Կարլա Բրունին, Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու կապակցությամբ ասել էր. «Ես ուրախ եմ, որ այլեւս Բեռլուսկոնիի նման մեկն իմ երկրի վարչապետը չէ», Բեռլուսկոնին հակադարձել էր․ «Ես էլ ավելի ուրախ եմ, որ իր նման մեկն այլեւս իմ քաղաքացին չէ»։ Կամ՝ երբ ասել էր. «Ամեն մեկն էլ կուզի ինձ հետ ամուսնանալ», եւ բացատրել. «Դե, առաջինը՝ որովհետեւ ուրախ մարդ եմ, երկրորդը` հարուստ եմ, երրորդը` սիրային գործերում էլ, ասում են, վատ չեմ, եւ ամենակարեւորը` ծեր եմ, շուտով մահանալու եմ եւ ժառանգություն եմ թողնելու»…

Իսկ ամենատպավորիչը, ինչը կարող է նույնիսկ ավելի երկար հիշվել քան ինքը, Բեռլուսկոնիի պետական հուղարկավորությանը Միլանի տաճարում մատուցված հոգեհանգստյան պատարագի ժամանակ Միլանի արքեպիսկոպոսի արտասանած խոսքն էր: Ինձ թվաց, որ Ռեդյարդ Քիփլինգի IF-ից հետո (If you can keep your head, when all about you, Are losing their heads and blamig it on you…) կյանքում երեւի երկրորդ անգամ եմ մարդու եւ կյանքի մասին ասված այդքան ամբողջական ու խոր խոսքի հանդիպում` որեւէ դարում որեւէ մարդու կողմից ասված: Արքեպիսկոպոս Մարիո Դելպինիի խոսքը վերնագրված էր․ «Vivere, Amare, Essere contento», թարգմանաբար` «Ապրել, սիրել, երջանիկ լինել»: Համարյա պատվիրան…