«Հրապարակ». Կրիվոյ Ռոգից հեռացել է 1500 հայ, այս պահին ապրում է 5 հազար հայ

«Հրապարակ». Կրիվոյ Ռոգից հեռացել է 1500 հայ, այս պահին ապրում է 5 հազար հայ

Ռուս-ուկրաինական պատերազմը, ի թիվս ծանրագույն ու աղետալի հետեւանքների, բացասական ազդեցություն ունեցավ նաեւ հակամարտող երկու երկրներում ապրող հայերի ճակատագրի վրա։ Արյունալի պատերազմի հետեւանքով ՌԴ-ից եւ Ուկրաինայից արտագաղթեցին մեր հազարավոր հայրենակիցներ։ Հատկապես մեծապես տուժեց ուկրաինահայ համայնքը՝ դառնալով թե՛ տարագիր եւ թե՛ շարունակելով ապրել ռազմական գործողությունների, ամենօրյա հրթիռակոծությունների եւ այլ սպառնալիքների պայմաններում։

Ինչպե՞ս են Ուկրաինայում ապրող հայերը դիմագրավում այս բոլոր փորձություններին, ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ունեն եւ ինչպե՞ս են տեսնում շարունակվող արհավիրքի խաղաղ հանգուցալուծումը։ Մեր զրուցակիցն Ուկրաինայի հայերի միության անդամ, Կրիվոյ Ռոգի հայ համայնքի ղեկավար, հասարակական գործիչ Պողոս Երանոսյանն է։ 

- Հետաքրքիր է, քանի՞ հայ է ապրում Կրիվոյ Ռոգում եւ շրջանում։ Կա՞ն, արդյոք, հստակ թվեր, թե քանի հայ է ապրել այդտեղ մինչեւ 2022 թվականին սկիզբ առած պատերազմը, եւ քանիսն են հեռացել այդտեղից ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր։

- Կրիվոյ Ռոգում այս պահի դրությամբ ապրում է 5 հազար հայ։ Ցավոք, Ռուսաստանի ներխուժումից հետո հեռացել է 1500 հայ, բայց նորից աստիճանաբար վերադառնում են։

- Իսկ ի՞նչ իրավիճակ է հիմա Կրիվոյ Ռոգում եւ հարակից շրջաններում։

- Կարելի է ասել՝ կայուն իրավիճակ է։ Քաղաքն ու հարակից բնակավայրերը վերահսկվում են մեր հերոս եղբայրների՝ Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների կողմից։

- Ձեր ղեկավարած հայ համայնքում ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան, ի՞նչ հարցերով են ձեզ, որպես կանոն, դիմում այդտեղ ապրող մեր հայրենակիցները, եւ որքանո՞վ եք կարողանում լուծել նրանց խնդիրները։

- Ցուրաքանչյուր մարդ, ով դիմում է համայնքին, աշխատում ենք միասին լուծում տալ առաջացած խնդիրներին։

- Հայաստանից կամ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատնից աջակցություն ստանո՞ւմ եք, եթե այո՝ ի՞նչ բնույթի եւ ի՞նչ հաճախականությամբ։

- Ամենացավալի հարցն է։ Հայաստանից սպասում ենք ինչ-որ օգնության, որ քաղաքակիրթ աշխարհում լավ տեղ ունենանք։ Իսկ դեսպանատան հետ համագործակցում ենք մեր հայրենակիցների թղթաբանության հարցերով։ Երեք ամիսը մեկ հանդիպում ենք Դնեպրի մարզում՝ դեսպանատան լիազորի հետ։

- Ի դեպ, Կրիվոյ Ռոգում է ծնվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վերջին անգամ ե՞րբ է իր ծննդավայր այցելել ուկրաինացի առաջնորդը։

 - Նախագահ Զելենսկին իր հայրենի քաղաք այցելել է Կախովսկայա ՀԷԿ-ի ռմբակոծությունից հետո՝ հունիսի 9-ին։

- Այցի ընթացքում ժողովրդի հետ շփում եղե՞լ է։

 - Քանի որ երկրում պատերազմ է ընթանում, Զելենսկին, որպես կանոն, հանդիպում է միայն տեղական իշխանությունների հետ՝ իհարկե, աջակցելով ժողովրդին։ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթեցումից հետո ջրի հետ կապված ու այլ կենսական խնդիրներ կան, ինչի կապակցությամբ նախագահը նշեց, որ ամեն ինչ արվում է հետեւանքների վերացման ուղղությամբ։ Հիմնական ուղերձն այն է, որ ամեն ինչ լավ է լինելու։

- Իսկ համագործակցո՞ւմ եք Ուկրաինայի մյուս հայ համայնքների հետ։ Այդ իմաստով ի՞նչ միջոցառումներ ու նախաձեռնություններ է իրականացնում Ուկրաինայի հայերի միությունը՝ առաջին հերթին պատերազմի հետեւանքով տուժած մեր հայրենակիցներին աջակցելու առումով։

 - Ուկրաինայի հայերի միությունը մի մեծ ընտանիք է, որտեղ աջակցում են յուրաքանչյուր հայի ու օգնության կարիք ունեցող բոլոր մարդկանց։

- Ուկրաինայում ապրող հայերը, այդ թվում՝ նաեւ Դուք, ինչպե՞ս են տեսնում պատերազմի խաղաղ հանգուցալուծումը։ Ե՞րբ կլռեն թնդանոթները, ու կհնչի դիվանագիտության ու խաղաղության ձայնը։

 - Երբ Ռուսաստանն իր զորքերը հանի Ուկրաինայի սուվերեն տարածքից, կամ մեր ուկրաինացի հերոս եղբայրները ստիպեն հակառակորդին՝ դուրս գալ երկրի տարածքից։ 

Արա Ալոյան